Մեր այսօրվա հերոսը ամենևին արիստոկրատ չէ։ Թեև մարդուն շքեղ ապրել չես արգելի, բայց մեր բարեկամը, մեղմ ասած, այնքան էլ ազնվական դասին չի պատկանում, ու իր շուրջը շքեղության ֆոնը մեզ չպետք է խաբի։
Ծնվել է մեր հերոսը բրեժնևյան տաք ու լույս տարիներին՝ 1971 թ. քաղաքամայր Երևանում, նախնական կրթությունն էլ ստացել է համայնքային ոչ մի առանձնահատկություն չունեցող դպրոցում։ Այն ժամանակ, երբ հայաստանյան հանրությունը ալեկոծվում էր Բաքվի ու Սումգայիթի ջարդերով և համաժողովրդական շարժմամբ, մեր «ազգափրկիչը» կրթությունը շարունակում է պոլիտեխնիկական համալսարանում։
Լինելով օրինակելի կոմերիտական, ծառայել է խորհրդային բանակում, ապա 1997-2000 թթ. ծառայության անցել անկախ Հայաստանի Ազգային անվտանգության նախարարությունում՝ Սերժ Սարգսյանի նախարար եղած ժամանակ։ Կրթության հանդեպ աննկուն սիրո շրջանակներում շարունակում է ուսումը Սանկտ Պետերբուրգում և ստանում իրավագիտության կարմիր դիպլոմ։ Գաղափարապես նվիրված լինելով հայրենիքին՝ վերադառնում է մայր Հայաստան՝ իր կրթությունը ի սպաս դնելու մայր հողին։
2002-2011 թթ. ընթացքում 10 երկար ու ձիգ տարիներ տքնում է ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչությունում՝ առաջին կարգի մասնագետից հասնելով գլխավոր մասնագետի պաշտոնին։ Իհարկե բոլորս էլ գիտենք, թե ինչ եկամտաբեր աշխատանք է պետական ծառայողի աշխատանքը, թե ինչքան են մարդիկ երազում պետական ծառայողի միլիոնանոց օրինավոր աշխատավարձի մասին։
Պարզվում է, որ այս ընթացքում նա նաև աշխատում է հայտնի ՊՈԱԿ–ում, շուրջ հինգ տարի, բայց դա ստացվում է պատահական, քանի որ վերջերս հայտարարեց, թե ընդամենը 3 ամիս է աշխատել։ Բայց իհարկե պատահականորեն չի զլացել հինգ տարվա համար վարձատրվել։
Բայց իհարկե մեր գործարարի, բարերարի և, վերջապես, քաղաքական գործչի վերելքը սկսվեց դեռևս 2000-ականների իր հովանավոր և արդեն 2008-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Նախ՝ 2010 թ. նա դառնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատի» (ԶՊՄԿ) 60 տոկոսի բաժնետեր «Քրոնիմետ» ընկերության խորհրդական, որտեղից էլ սկսվում է վերջինիս սրընթաց վերելքը հանքարդյունաբերական գործարարության ոլորտում։ Հիշեցնենք, որ հենց այդ թվերին էր ԶՊՄԿ նախորդ համակարգի տերերի բռնի փոփոխությունը, երբ քոչարյանական դարաշրջանի Մաքսիմ Հակոբյանն ու որդիները զիջեցին դիրքերը սարգսյանական էլիտային։
Այսպես սրընթաց կարիերայի արդյունքում դառնալով Սերժ Սարգսյանի ու նրա փեսա Միքայել Մինասյանի վստահորդը՝ արդյունքում մեր հերոսը 2014-2016 թվականներին դառնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Հետո արդեն ապրիլյան քառօրյայի, իշխանական բուրգի վերադասավորման արդյունքում զբաղեցնում է Սյունիքի մարզպետի ու ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը, որը Սերժ Սարգսյանի ուժային տեղապահն էր մարզում, այդ ժամանակ գտնվում էր քաղաքական աքսորում, և դիրքերը թուլացել էին։
Կարծում ենք, որ մեր սիրելի ընթերցողը հավանաբար արդեն կռահել է, որ խոսքը նորահայտ քաղաքական գործիչ, սյունիքյան «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքով նորաթուխ պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանի մասին է։ Վահե Հակոբյանը հաջողակ ու իմաստուն գործարարի համբավի արդյունքում է հենց ձեռք բերել Իսպանիայի Սևիլիայում գտնվող 250 հազար դոլար արժողությամբ բնակարանը (որը կարծես վաճառել է) և իր հպարտության հատուկ առարկա հանդիսացող բազմաթիվ թանկարժեք ժամացույցներ։
Հպարտության առիթը, սակայն, միայն ժամացույցները չեն։ Ունեցվածքի բաղադրիչներից են նաև գեղարվեստական անհագուրդ հակումներն Այվազովսկու և Սարյանի գործերի նկատմամբ։ Ճիշտ է, դրանք ընդամենն անմեղ օժիտ են, հատկապես Այվազովսկին՝ մանր-մունր՝ 25-30 սմ-ի վրա մի թեթև կտավ է, բայց դա չի ստվերում մեր հերոսի էսթետիկ փոթորկումները։
Գաղափարական առումով իհարկե նա մինչև 2018 թ. նժդեհական էր ու հանրապետական, լինելով Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ամեն ինչ անում էր նժդեհականությունն ու հանրապետականությունը ամրապնդելու համար։ Հիմա արդեն իր նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությամբ որդեգրել է սոցիալ-կապիտալիզմի ուղին՝ մեկնաբանելով այն որպես պետության աջակցություն բիզնեսին, որն էլ իր հերթին կաջակցի ժողովրդին։ Իհարկե այս հողում իր ու Ռոբերտ Քոչարյանի գաղափարական նմանությունը անբեկանելի է։ Անբեկանելի է, սակայն որոշ խոշոր շտկումներով՝ աջակցությունը գերխոշոր բիզնեսին և բիզնեսի սոցիալական պարտավորությունը՝ թողնված հայեցողական վիճակի։
Ահա այսպիսի գործարար-քաղաքական ու ինտելեկտուալ դիմագիծ՝ նորահայտ դաշինքի առանցքային խաղացողներից մեկի վերաբերյալ։ Իսկական ամերիկյան երազանք, ինչպես սովորական աշակերտից ու ֆինանսական վարչության աշխատողից դառնալ երկրի երրորդ հարկատուի գլխավոր բաժնետերերից մեկը, մտերմանալ նախկին նախագահների հետ ու հայտ ներկայացնել ղեկավարել երկիրը։
Վահրամ Թոքմաջյան և ընկերներ
MediaLab.am