Փաշինյանը վստահեցնում է՝ իշխանությանը պետք է անաչառ ու անկողմնակալ դատական համակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց պատճառները, թե ինչու պետք է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու մյուս 6 անդամները հեռանան, նա վստահեցրեց՝ իրենց պետք է անաչառ ու անկողմնակալ դատական համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, նշեց՝ այսօր ամենակարևոր խնդիրները մեկն այն է, որ ընդհանրապես դատական համակարգը և Սահմանադրական դատարանը, ցավոք, չունի վստահություն: «Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ թե գործադիր, թե օրենսդիր ,թե դատական իշխանությունը և թե ՍԴ-ն առաջնորդվում են ժողովրդի շահերով: Եվ մեր խնդիրն ապահովել այնպիսի ՍԴ-ի գոյություն, որը հենց առաջնորդվում է ժողովրդի շահերով»,-ասաց նա ու շեշտեց՝ պետք է համոզված լինեն, որ կա այնպիսի ՍԴ, որի իշխանությունը բխում է ժողովրդից:

Վարչապետ ներկայացրեց պատճառը, թե ինչու են մտածում են, որ գործող ՍԴ-ն այդպիսին չէ և չի կարող լինել: «Շատ պարզ պատճառով: Գործող սահմանադրության մեջ արձանագրված է, որ 6 տարին մեկ ՀՀ-ում պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ, քանի որ գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը 6 տարի է՝ի տարբերություն նախկինի, որը ցմահ էր, ցմահ ասելով նկատի ունեմ 65 տարեկան: Բայց ներկայիս ՍԴ նախագահը և նրա քաղաքական թիմը՝ հանրապետականները նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ կազմակերպեցին ՍԴ նախագահի այնպիսի աբսուրդ ընտրություններ ԱԺ-ում՝ չնայած գիտեին, որ 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու իրավունքից: Եվ հիմա նրանք մեկնաբանում են՝ քանի որ ապրիլի 9-ից առաջ է ընտրվել, ապա պետք է պաշտոնավարի ցմահ, չնայած գործող սահմանադրությունն ասում է, որ պետք է լինի 6 տարի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ սա կազմակերպելու համար նաև թույլ է տրվել կեղծիք. այդ ժամանակվա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 25 օր առաջ հրաժարական է տվել: Նա նկատեց՝ 22 տարի նախագահել է, սակայն 25 օր չի սպասել: Փաշինյանը նշեց՝ սակայն սա էլ չեն կարողացել առանց կեղծիքի անել: Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել մարտի 5-ին: «Բայց, զարմանք, հրաժարականը գրվել է մարտի 5-ին, սակայն ԱԺ է գնացել մարտի 2-ին, այսինքն՝ դրանից 3 օր շուտ: Նրանք հաշվել են, որ չեն հասցնում մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը ԱԺ նիստում ընտրել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ: Մենք ինչ հարց ենք ուզում լուծել, մենք, ըստ էության, լուծում ենք Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի հերթական խաբեության հարցը: Մենք մեզ պետք է ազատենք այդ խաբեությունից: Իսկ ՍԴ-ի մյուս անդամները Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքները լեգիտիմացրել են, ժողովրդի դեմ տանկեր հանելը լեգիտիմացրել են, ՀՀ քաղաքացիների սպանությունները լեգիտիմացրել են, Հայաստանի ժողովրդից իշխանությունը խլելը լեգիտիմացրել են: Եվ նրանք պետք է հեռանան:

Փաշինյանը նկատեց՝ կա նաև ինստիտուցիոնալ խնդիր: «Մեզ պետք է անաչառ ու անկողմնակալ դատական համակարգ: Ես հույս ունեմ, որ «Այո»-ն կհաղթի»,-ասաց նա: