Բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի տարբեր շրջաններն ու Արցախը հանձնելու մասին են. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 

– Պարո՛ն Աբրահամյան, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններից հետո հիմա էլ Նախիջևանում է անցկացնում զորավարժություն։ Այս զորավարժությունները ի՞նչ նպատակ են հետապնդում, ուղերձները միայն Հայաստանի՞ն են ուղղված։ Ռազմական լայնածավալ գործողություններ սպասելի՞ են։ 

– Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զորավարժությունների թիվը, այդ թվում նաև՝ համատեղ զորավարժությունների, էականորեն մեծացրել է։ Դրանք տեղի են ունենում և՛ Ադրբեջանի, և՛ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, և՛ նաև այլ պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքում, ու, ըստ էության, տեղի են ունենում տարվա բոլոր եղանակներին, տարբեր աշխարհագրական առանձնահատկությունները հաշվի առնելով։ 

Այս իրադարձությունները պետք է առաջին հերթին ընդունել Ադրբեջանի հայտարարած բարեփոխումների շրջանակներում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում ներդրվում է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տեղայնացված տարբերակը, որը գործում է նաև Թուրքիայում, իսկ նպատակը մինչև 2025 թվականը թուրքական բանակի չափանիշներին համահունչ ադրբեջանական ստորաբաժանումների ստեղծումը կամ վերակազմավորումն է։ 

Բնականաբար սրա միակ նպատակը տարածաշրջանում դիրքերի ամրապնդումը չէ, Հայաստանի հետ չավարտված պատերազմի պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բավականին հաճախ հիշատակում են այն հանգամանքը, որ ուժի կիրառումն աշխարհում շարունակում է գերիշխող մնալ, ըստ այդմ դրանով սպառնում Հայաստանին ու նաև տարածաշրջանային այն երկրներին, որոնց հետ խնդիրներ ունեն: 

Իհարկե Ադրբեջանը, այսպես ասեմ՝ քաշային առումով համեմատելի չէ Իրանի հետ, բայց ակնհայտորեն ունի խնդիրներ, նաև տարբեր այլ երկրներ փորձում են Ադրբեջանին Իրանի հետ սուր դիմակայության մեջ պահել, ու, բնականաբար, որոշ ազդանշաններ ուղղված են նաև Իրանին։ Ռազմական գործողությունների հնարավոր ծավալման հետ կապված, արդեն ասացի՝ Ադրբեջանն ի լուր աշխարհի հայտարարել է, որ իր օրակարգում ուժի կիրառման հարցը մշտապես պահպանվում է ու ցանկացած գնով ինքն իր օրակարգը սպառելու է։ 

– Այսինքն՝ հավանականությունը մե՞ծ է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի։

– Արդեն նշեցի, որ եթե իրենց օրակարգում այդ հարցը դրված է, բնական է, որ Հայաստանի հետ սուր կոնֆլիկտի մեջ գտնվող Ադրբեջանի պայմաններում որևէ բան չենք կարող բացառել, շատ բան կախված է նաև իրավիճակային զարգացումներից, տարածաշրջանից, Ադրբեջանի և Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներից, բայց, համենայնդեպս, դրա ռիսկը պահպանվում է։

– Այս համատեքստում որքանո՞վ է իրատեսական խոսել խաղաղության պայմանագիր կնքելու մասին, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար պնդում է, թե ինչ էլ լինի՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն այլընտրանք չունի։ 

– Հայտարարություններն ու ցանկությունները, հատկապես որ դրանք արտահայտում են գործող իշխանությունները և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ ձևով չեն կարող հիմք տալ պնդելու, որ իրականում գործընթացները գնում են խաղաղ հանգուցալուծման ճանապարհով: Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանի մեկնարկից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հարձակման է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել Հայաստանի տարբեր տարածքներ, անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին, և, բնականաբար, այս պայմաններում հղում անել հայաստանյան իշխանություններին որևէ ձևով չի կարող օբյեկտիվ լինել։ 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, նկատի ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները, ոչ թե խաղաղության մասին են, այլ իրականում Հայաստանի տարբեր շրջաններն ու Արցախը հանձնելու, Ադրբեջանի օկուպացրած շրջանները լեգիտիմացնելու մասին։ 

Եթե խաղաղության գինը դա է, ապա այն որևէ ձևով խաղաղություն չի բերելու և աստիճանաբար տանելու է նաև Հայաստանի անկմանը։ Պետք է նաև հաշվի առնել, որ հայաստանյան այս իշխանությունները վերջին հինգ տարվա ընթացքում նույնիսկ սահմանադրորեն վերապահված գործառույթ չեն իրականացրել, էլ չեմ ասում նրանց խոստումներն ու հայտարարությունները։

– Պարո՛ն Աբրահամյան, ըստ ձեզ՝ իշխանությունը չի՞ գիտակցում, որ այս բանակցությունները, ինչպես դուք եք ասում՝ խաղաղության մասին չեն, այլ՝ Հայաստանի ու Արցախի կործանման։

– Այն իշխանության մասին, որը գաղափարապես համարում էր, թե Արցախը հանձնենք՝ լավ ենք ապրելու, կամ Հայաստանը խաղաղ է ապրելու, այդ իշխանության մասին որևէ եզրակացություն անելն այլևս անիմաստ է։ Այս իշխանությունները բացառապես իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի։ Նրանց համար կարմիր գծերն այնտեղ են, որտեղ կարող է վտանգվել սեփական իշխանությունը, բայց այնտեղ, որտեղ վտանգվում է հայկական պետականությունը՝ նրանց համար լուրջ անհանգստություն չի առաջացնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am