Արսեն Սիգարետատյաց․ եղծ ծխելոց

Նիկոլ Պողպատունու գահակալության Դ տարում, երբ Բիզիմդիր Նյուսալավուրտը չէր հանգստանում հաղթական պատերազմից հետո և շարունակաբար արշավում էր Հայոց արևելից կողմանց, երբ Կիևյան իշխանության առաջնորդ Վոլոդիմիր Օծյալը (Զելենսկի), միավորելով արևելասլավոնական և ֆիննո-ուգրական ցեղերին, կենաց- մահու պայքար էր մղում Մոսկվայի ցարի՝ Լադիմիրիուսի ադղական, քուշանական, չերքեզական, չեչենական և այլ հեծելազորային զորքերի դեմ, Հայոց աշխարհի երկնակամարը մռայլվեց։

Ամպ էր պատել Հայոց պարզկա երկնքում։ Բռնոթի և սիգարետ ծխարձակողների ամպը։ Խռովվել էր հայոց իշխանների ու մեծամեծների հոգին։ Ժամանակակից պատմիչները նշում են, որ շունը շապիկ էր հագել, իսկ կատուն՝ վարտիք։ Խառն էր աշխարհը, բուրդ էր հայոց բանը։

Արքունական ժողով հրավիրվեց՝ որոշելու, թե ո՛րն է մեր խնդիրների հիմքը, լաո՛, ո՛րն է ազգիս տառապանքի բուն պատճառը։ Մեծամեծները նստեցին ըստ Գահնամակի հերթականության՝ աշխարհաժողովի ստացած քվեների և սկսեցին խորհել։ 

Լռության մեջ լսվեց Անահիտ Աղունու սոսափը․«Աղն է կերել մատաղը, աղը…»

– Մատաղը, արու գառան մատաղը, նուրբ պատրաստած… անմահական համ ունի,–պայծառացավ Մենյուազուրկ զարմից Վահան Քյաբաբունու անորոշ հայացքը։ Նա փորձում էր շարունակել, սակայն Անահիտ Աղունին, զգալով Քյաբաբունու աջակցությունը, ավելի գոտեպնդվեց ու ցոլարձակեց․

– Արգելենք աղը, տիա՛րք, դա է ազգիս թշնամին։ Աղի միջոցով են փոխանցվում բազմաթիվ ախտեր։ Աղն է, որ պատերազմների ու թշվառության պատճառ դարձավ։ Աղն է, որ կործանեց Կիլիկիան։ Հեթանոսական պիղծ բարքերը պահպանվում են աղամանի միջոցով, որն Անահիտ աստվածուհու ծպտյալ պաշտամունքն է՝ մանկամարդ աղջիկների հոգին ու ինչքը պղտորող նենգ միջոց։ 

– Վերացնենք այդ աղամանները, ոչնչացնենք դրանք արքունի հրովարտակով, և թող թերուս լինեն դրանք կիրառողները,– զարկ տվեց Վահրամ Դումանը՝ ֆիդայաց քաջ զարմից։

– Ուռուսը (ռուսը), ուռուսն է մեր դժբախտությանց հիմքը,– խրոխտ ճչաց Արա Կանադացին՝ Վիլսոնյան զարմից։ Արքունաց դասը զարմացած հայացք նետեց Արա Վիլսոնիչի ողղությամբ։ Ի՞նչ էր անում նա արքունաց ժողովին։ Չէ՞ որ վաղուց դիվանազուրկ էր և անիծյալ՝ արքունական սրբազան օրենքներով։ 

Մենք էլ չգիտենք, թե ինչ է անում Արա Վիլսոնիչն այս պատումի մեջ, սիրելի՛ ընթերցող, բայց դեկոր է, թող լինի։ 

Արքունի դրանիկները և նիզակավորները շատ արագ հեռացրեցին Արա Կանադացուն։ Ժողովին պատած շփոթը և արդարացի վրդովմունքն անդորրվեցին։

Խոսք խնդրեց ամոքիչ Արսեն Սիգարետատյացը Բուժական աշխարհից։ Սա կախ գլուխ մի բուժակ էր, որը նոր էր կարողացել ազնվականի տիտղոս ձեռք քցել։ 

Մասնագիտացած էր խարդավանքների մեջ ու արական սկզբին ոչ բնորոշ նեղացկոտ էր։ Արքունական ժողով հեշտությամբ չէր հասել։ Մասնակցել էր մեծ խռովությունների և միջնադարյան Հիմաճուկ (Հիմա՛ շարժում) աղանդի առաջնորդներից էր։ 

Չնայած իրեն անաստված էր հռչակել, բայց բորբորիտի մոլեռանդությամբ պայքարում էր ծխարձակող գլանակների դեմ։ Նրա բոլոր պաշտամոլ կրքերից մնացել էին երկուսը՝ ատել ու ավելի շատ ատել ծխողներին։ Միջոցների առջև չէր խորշում և նենգությամբ ու այլ խարդավանքներով առաջ էր շարժվում:

– Գերապատի՛վ տեր, քաջակորո՛վ տիարք, գեղանի՛ Աղունի, Հայոց աշխարհի քայլաց մարտիկնե՛ր, աննահա՛նջ անվերապահ գնդեր և հայոց ոստանի թշնամինե՛ր,–հատկապես այս վերջին միտքը բարբառելուց նա ցասումնալից հայացք նետեց ապստամբ նախարար Ռոբ Պոպլովոկունու դրանիկների կողմը։

– Տիարք փափկասուն ու հիփոթեքատեր, ժամն է եկել լուծելու փաբահայոց խռովահույզ զարմի հարցերը: Ուստր ու դուստր և մինչև քոքը պետք է արմատախիլ անենք սիգարետից: 

Քաղցկեղը, որ պատել է ազգիս չարչի, պետք է զգաստացնի մեզ: Հայոց զարմի առողջությունը վեր է բոլորի` փաբահայերի ու քյարթահայերի, քայլիների ու քոքահանների շահից: 

Նույնիսկ նացիկունին է արժանի իր դժխեմ, բայց հպարտ կյանքը վայելել անծուխ Հայքում: Հայոց սուրբ արգանդը պետք է չորանա միայն ու միայն Մինսկի խմբի, Լադիմիրիչի ու Բիզիմդիրի եռանկյունում: 

Օջախի ծուխը ծխանի պետք է մարվի։ Յոթը պորտով և յոթը որդով անիծյալ լինեն ծխողները, գլանակ փաթաթողները և դրանք վաճառողները։ Սերունդների նզովքը պետք է ուղեկցի նորանց։

Երբ թորքը կանգնած է Բիչենեկում, երբ աղամանը դառնում է ազգամիջյան բախումների հրահրիչ, իսկ մեր դաշնակիցը անմռունչ կերպով խրվում է սեփական օպերացիայի մեջ, մենք պետք է սթափվենք ու հիշենք, որ միայն ու միայն ազգային միասնությունը ծխի շուրջ կազատի մեզ Բիզիմդիրի կապանքներից, կքաղցրացնի մեզ Մինսկի խմբի վերակենդանացման ծոցում, և Լադիմիրիչի աչոք կհասնենք պանծալի օջախին: Իսկ ծխողներին՝ որպես հերձվածողների, հարկ է նետել գոդենոց։ 

Մեր նախնիք մեզ ավանդել են մուկ տշելու ու թիթեռ նկարելու օջախային մորմոքը, և Կլասիկների ու Կռունիների բարձր հովանու ներքո մենք կազատենք մեր երդիկը ծխից, կազատենք մեր հոգիները գլանակից և կհասնենք փաբահայերի ու կաֆեհայերի դեմ հաղթության։ 

Կհասնենք մեր երազանքների օջախ, ուր բանքն կարհամարհվեն, ու գործքն կթագավորեն: Արդ եկեք միակամ ու միահույս, ինչպես Մինսկի խմբի ազատներն են, թքենք կարևոր հարցերի մեջ ու զբաղվենք աղով ու ծխով, զի լուրջ հարցերի պարագայում չի ուշանա ամենազոր Լադիմիրիչի պայատը մեր սուրբ խորշերին ու դոշերին:

– Փա՜ռք, երիցեալ փա՜ռք,– աղաղակեց Աժանց դասը։ 

Արքունի ժողովը որոշեց Արսեն Սիգարետատյացին շնորհել Արքունական Մոխրահերձի և տերության Ծխարձակ Նեցուկի բարձր տիտղոսները։ Ժողովը նաև վճռեց նրան տրամադրել նիզակավորներ ու վահանավորներ, որպեսզի վերացնեն ծուխը Հայոց աշխարհի պանդոկներից ու փաբերից, վետերոկներից ու կաֆեներից. 

Ընդ Կասկադե ծուխ ելանէր, 

Ընդ Սարեանե բոց ելանէր, 

Եւ ի փաբոյն վազէր Արքունական Մոխրահերձ. 

Նա կպչուն մտքեր ունէր, 

Բոց չունէր և մօրուս, 

 Եւ աչքունքն էին խանձուկ։

Բոլոր համընկնումները պատահական են:

Վահրամ Թոքմաջյան

Գոռ Մադոյան