Ղարաբաղը` սակարկության առարկա. «Ադրբեջանն օդի մեջ որսացել է Ռուսաստանի նպատակը»

Ղարաբաղը` սակարկության առարկա. «Ադրբեջանն օդի մեջ որսացել է Ռուսաստանի նպատակը»
Ղարաբաղը` սակարկության առարկա. «Ադրբեջանն օդի մեջ որսացել է Ռուսաստանի նպատակը»

Ադրբեջանն օդի մեջ որսացել է ամեն գնով իրեն Եվրասիական տնտեսական միություն մտցնելու Ռուսաստանի նպատակը եւ փորձում է այն օգտագործել` Ղարաբաղի հարցում Ռուսաստանից զիջումներ կորզելու համար: Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեծացմանն ու Ադրբեջանի հերթական սադրանքի դրսեւորմանը, «Մեդիալաբին»  ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-28-ին սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերը կրկին հակառակորդի կրակահերթի տակ էին:  Խոշոր տրամաչափի գնդացիներից Ադրբեջանը կրակել էր Բարեկավան, Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, իսկ ավելի վաղ` հունիսի վեցին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից  մահացել էին երկու պայմանագրային զինծառայող:

Վերջին դեպքը գրանցվել է հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում: ՊՆ փոխանցմամբ, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Երվանդ Բոզոյանի խոսքով, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձում է մեսիջ փոխանցել միջազգային հանրությանը՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Ռուսաստանի, որ գոյություն ունեցող վիճակը երկար չի հանդուրժելու եւ, որ ստատուս-քվոյի պահպանումն իր համար շահեկան չէ:

«Երբեմն-երբեմն, նա մեսիջներ է ուղարկում Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, երբեմն էլ՝ Ռուսաստանին, այսինքն, որ պահին որ երկիրն առավել շահագրգռվածություն է ցուցաբերում խնդրի լուծմանը, նրան էլ ուղղվում է այդ մեսիջը: Ադրբեջանը փորձում է  ուժ ցուցադրել եւ Ռուսաստանի հետ սակարկություններում պարզապես ուժեղ դիրքեր ունեալ»,- « Մեդիալաբին»  ասում է Երվանդ Բոզոյանը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով էլ այդ  քաղաքականությամբ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են վիժեցնել ամերիկյան կարգավորման փորձը եւ Փարիզում Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպումը: Հանդիպման ընթացքում ենթադրաբար քննարկվելու է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ  Ուորլիքի ծրագիրը, ինչը, ըստ վերլուծաբանի ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Ալիեւի ռեժիմին, որը իր  երկրում կարող էր մեղմ ասած, բախվել չհասկացվածության ` իր նախկին մաքսիմալիստական հայտարարությունների ֆոնին:

Ըստ նրա, տակտիկական առումով Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, իսկ փաստը, որ Ռուսաստանը  շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, նրա խրախուսական քաղաքականության դրսեւորումն է:

«Մի կողմից , այո հարձակողական զենք են մատակարարում Ադրբեջանին, մյուս կողմից, ինչ-որ բան տալիս Հայաստանին, իբր պարիտետը պահելու համար, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքը` օգտագործելով սարքավորված կոնֆլիկտը: Ցավոք Ադրբեջանում դա չեն հասկանում կամ հասկանալով անպատասխանատու քաղաքականություն են վարում»,-«Մեդիալաբին»  ասում է Ռուբեն Մեհրաբյանը :

Փորձագետի խոսքով, Ռուսաստանն իրականում ռազմավարական գործընկեր ու դաշնակից չունի եւ Հայաստանին չի վերաբերվում որպես դաշնակցի:

«Ինչպես Ալեքսանդր երկրորդի ժամանակ , Ռուսաստանն ունի երկու դաշնակից, դա բանակն է եւ նավատորմը: Նա ոչ քաղաքական, ոչ բարոյական խոչընդոտ չի ունենա, զոհաբերելու ամեն ինչ, ինչն իր ընկալմամբ իր շահերից կբխի, լինի դա Հայաստան, թե տասը Հայաստան, եթե դա իրեն թույլ տրվի»,-ասում է նա:

Հայաստանը որպես պետություն Մեհրաբյանի խոսքով, ոչ միայն դա թույլ է տալիս, , այլեւ Ռուսաստանին բերում նստեցնում է իր գլխին

«Ռուսաստանն ուղղակի գործարքի կգնա Ադրբեջանի հետ ` ի հաշիվ Հայաստանի շահի` այնպես, ինպես դա տեղի ունեցավ անցած դարի քսանականներին, երբ մի գրի հարվածով Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում»,-«Մեդիալաբին»  ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Երվանդ Բոզոյանը եւս չի բացառում, որ իր աշխարհաքաղաքական նպատակներն իրագործելու համար Ռուսաստանը կզոհաբերի Ղարաբաղը: Ըստ Բոզոյանի, Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը պայմանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի  պահվածքով;

«Եթե Ադրբեջանը շարունակի այսպիսի կոշտ  դիրքորոշում, իսկ Հայաստանն այն անողնաշար քաղաքականությունը , որ վարում է, Ռուսաստանը հնարավոր է հօգուտ նրա զիջումների գնա: Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը կորցրել է իր ինքնուրույն քաղաքականության  ուղենիշը եւ ըստ էության դարձել է օբյեկտ: Եթե մենք ենք էդպես պահում մեզ , ինչու պետք է  նրանք ավելի հայամետ լինեն: Ռուսաստանը  գուցե պատրաստ է իր մասնիկից պոկել ու տալ Ադրբեջանին սիրաշահելու համար, իսկ տվյալ պահին այդ մասնիկը կարելի է համարել նաեւ Լեռնային Ղարաբաղը»,-կարծում է քաղաքագետը:

Ստեղծված իրավիճակի համար Երվանդ Բոզոյանը ոչ այնքան Ռուսաստանի, որքան Հայաստանի մեղքն է տեսնում:

Որպես ասվածի վառ ապացույց քաղաքագետը հիշեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի` Բաքվում ունեցած ելույթն ու հայտարարությունները, որը նա արել է ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին Հայաստանյան պատվիրակության ղեկավար  Արտաշես Գեղամյանը  Ղրիմի եւ  Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ է արել, որոնք միանշանակ չեն ընդունվում Հայաստանում:

Մասնավորապես, նա ասել է, որ Ղրիմի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և միացել իր պատմական հայրենիքին, իսկ ադրբեջւանական aqqin.az –ին տված հարցազրույցում  ասել է, որ Հայաստանը շատ է ցանկանում, որ Ադրբեջանը ևս միանա Եվրասիական տնտեսական միությանը, ինչը կօգնի կարգավորել երկու երկրների միջև առկա խնդիրները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա որպես օրինակ  վկայակոչել է Էլզաս մարզը ու նշել, հիմա ով է հիշում` ում է պատկանում Էլզասը:

«Ցանկացած նորմալ ազգ սրանից հետո թույլ չէր տա, որ նա Հայաստան գար: Այդ  հայտարարությունը փաստում է, որ Հայաստանում ինքնուրույն արտաքին քաղաքականություն գոյություն չունի եւ հանրությունը հանդուրժում է սա: Նա , փաստորեն Ադրբեջանին ասում է, եթե դուք գաք ԵՏՄ, Ղարաբաղն էլ թող ձերը լինի»,- «Մեդիալաբին»  ասում է Երվանդ Բոզոյանը` հավելելով, որ հայկական պատվիրակության ղեկավարը Բաքվում ներկայացրել է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի  շահը:

Քաղաքագետը կարծում է, որ  այդ  հայտարարությունը ինքնագլուխ լինել չէր կարող:

«Իմ կարծիքով նա անուղղակիորեն փոխանցում էր Սերժ Սարգսյանի մեսիջը Մոսկվային, որպեսզի Մոսկվան  բոլոր մեթոդներով տեսնի, որ  Հայաստանն ունի հլու-հնազանդ իշխանություն եւ դրանով պահի իշխանությանը»,-ասում է քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանը տեղի ունեցածն ուղղակի խայտառակություն է որակում եւ շեշտում, որ պաշտոնական Երեւանն անհապաղ պետք է արձագանքի դրան:

«Ինչ-որ հարվածային գործիք գնացել է Բաքու եւ Հայաստանի անունից հայտարարություն է անում, որը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահից է բխում, որը վնասակար է Հայաստանի  շահի համար: Ես ակնկալում եմ, որ ի վերջո պաշտոնական Երեւանն այնուամենայնիվ իր դիրքորոշումը կասի, որ դա գոնե այդ մարդու անձնական կարծիքն է, որովհետեւ այդ բարբաջանքը ուղղակի խայտառակություն է Հայաստանի համար»,- ասոմ է Ռուբեն Մեհրաբյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am