Օջախունին հաղթեց ոսոխ Հայկին․ ասք Տկզարանի մասին

Հայկ Կարգինյանի գահակալության Դ տարում, երբ Արարատյան աշխարհը ցնծում էր Կարոլինգների աշխարհից հաղթանակով վերադարձած Մալենայի շուրջ, հասավ ճակատամարտի ահեղ պահը։ Մի կողմից՝ Տիտանյան Օջախունին էր իր բազմահազար ավագանյաց անվերապահներով ու ԱԺաց գնդի երևելի մարտիկներով։ ԱԺաց անվերապահների գունդը ղեկավարում էր ազգային երեսփոխանց առաջնորդ, հեծելազորի պետ Ալեն Բեմվունին։ 

Երևելի ու պատվելի մարտիկների շարքում էին նաև նոր դավանափոխված Խաժակը՝ Կլասիկաց ցեղից, Պարեկը՝ Բաբայան Լենանց տոհմից, ամոքիչ Արսեն Սիգարետատյացը, Առինջաց Գագիկ արքայի նախկին սպասավոր, տասովկաց դասի կրտսեր սեպուհ Վահագնը պատանեկիկ և այլ պատվարժան ու անվեհեր բազմաթիվ քաջորդիներ։ 

Կարգինյանը՝ դավաճանված ու լքված, միայնակ էր մնացել ահեղ թշնամու դեմ, նույնիսկ ավտոբուսներն ու լիֆտերը անզոր էին ամոքելու նրա մեծ վիշտը։ Իր հավաքած աղբի սարերը, պարզվում է՝ չէին օգնել շահելու արքունական ոստանի բնակիչների սիրտը։ Բնակիչները պարզապես դիմամատյանային լայքախողողներով էին զբաղված ու դրսևորում էին մի վարքագիծ, որը բնորոշ էր Կոլիզեյի հանդիսականներին։

Առաջինը մարտակոչով հանդես եկավ գանգրահեր ու վտիտ, սակայն սեփական երկչոտությունը խիզախորեն հաղթահարած և հայրենի Երևան դաստակերտի մատույցները պաշտպանող Հայկ Կարգինյանը. 

«Ես եղբայրական սիրով ու քաղաքացիական հավատարմությամբ ծառայեցի Օջախունուն ու օջախաշինության պատվելի գործին, կառուցեցի ու քրտնեցի, աղունիկներով, մագաղաթներով հրահանգներ ընդունեցի ու կոռուպցիան դատափետեցի, սիրեցի ձեզ իմ մեջ և ինձ՝ ձեր մեջ։

Մաքրեցի արքունական ոստանը աղտեղությունից, ոչնչացրեցի մահվան սանդուղքները, որ ժառանգություն էին հասել Տարոն Դալանագործի ժամանակներից, հայրենի եզերք բերեցի Ճենաց աշխարհից նորաթուխ երիվարներ, բայց դա էլ ձեզ չբավեց։ 

Դուք ձեր հեղափոխական հավատքը վաճառեցիք 30 արծաթով, տարբեր արքության ու պատվի արժանացրիք ձեզ հետ քայլած ուստրերի ու դուստրերի, իրան ու անիրան ժողովրդի։ Դուք իշխում էիք Հայքում որպես ցուկենբերգցի Մարկոսի վկաներ՝ ուրանալով մեր նախնյաց բարքերը։ Դուք Սերժ Բելին հաղթեցիք ու դարձաք մի նոր Բել, ընչազուրկ ռամիկներին թողեցիք ընչազուրկ, դատաց դասը սղացրիք վեթինգոյ։ 

Երբ դուք մեր նախնյաց հողերը զիջեցիք Բիզիմդիր Նիսալավուրտին, ես կոնդակս առաքեցի ու վստահեցրի, որ մեր նախնյաց բարքերը անխախտ են, և Օջախունին իմ գլխի վրա տեղ ունի։ Ես երդվեցի անխախտ հավատով չմարտնչել քայլաց դասի դեմ և չխառնվել Ռոբերտ Կռունու վայրի ցեղերին։

Բայց դուք դավաճանեցիք իմ հավատն ու երդումը, դուք քայլաց մանդատով սրբեցիք իմ նվիրվածությունը և ոտնատակ տվեցիք Հայք աշխարհի ապագան։ Այո՛, եկել է ժամը պայքարի, և ես կպայքարեմ որպես մի Մովիտոն, բայց չեմ լինի ձեր նաժիշտը»,- ավարտեց իր խոսքը Կարգինյանը։ 

«Այդ ե՛ս եմ արգելել որևէ ռամիկի հոլովել ժողովրդի կողմից դակված Տկզար մականունը,- իր խոսքը սկսեց Բեմվունին։

– Դու ուրացար մեր անխախտ եղբայրությունը և խոպանության մեկնեցիր աշխարհս Երևանոյ։ Թաքցրեցիր քո դավաճանությունը լիֆտերի մեջ ու խորտակեցիր ապիկարությունդ ավտոբուսների շչակների ներքո։ Արդ փակվի՛ր հայրենի ոստանում և խմի՛ր քեզ բաժին հասած դարմանը, զի պահն է եկել գլուխ խոնարհելու և ամոքելու վերքերը քո քայլակիցների դավաճանության։ 

Օջախունու պես պատվարժան ու վսեմաշուք տիտանը քեզ ներեց, սակայն դու պորտաբույծի պես շարունակում էիր դավեր նյութել Ռոբերտ Կռունու ու Սեյրան Դղակյացի հետ՝ ընդդեմ օջախաշինության մեր պապենական, անխախտ հավատքի։

Հիշի՛ր բազում զինակիցներիդ, որոնց դավաճանեցիր՝ ավտոբուսներով ու լիֆտերով դյութված, և չհամարձակվես Երևանի ազնվազարմ քայլաց մարտիկների անունից խոսել։ Սերունդների նզովքը քեզ, Տկզա՛ր»,– այսպես ավարտեց իր մարտակոչը Օջախունու անվերապահ հեծելապետ ու ԱԺաց ցեղի նահապետ Բեմվունին։ 

Ճակատամարտը կարճ տևեց, Հայկ Կարգինյանը ընկավ անհավասար մարտում, ընկավ, բայց չընկրկեց՝ հիշելով, թե Օջախունին և յուր անվերապահները ինչպես շեղվեցին օջախաշինության սուրբ առաքելությունից և բարեկարգեցին իրենց շեներն ու մուտքերը։

Դավաճանված Կլասիկաց ցեղի Խաժակի, իր երբեմնի ավագանիների ու սեպուհների կողմից՝ Հայկ Կարգինյանը թողեց արքունյաց ոստանը ու հանձնեց Երևանի բերդը Հուրաչ Սարգիսին։ Այս Սարգիսը նոր էր փոխել նավապետին ու Օջախունուց էլ ավելի օջախունի էր անում։

…Ճակատամարտի տեղում հաղթական պատերազմի պատվին Օջախունին շինեց դաստակերտ ու անունը դրեց Տկզար։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Տկզարան։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Հայկը քաջ զորականների հետ, Օջախունին կոչեց Անվերապահք, որ այժմ ասվում է Անվերապահարան։

Բայց որպես արժանի ախոյանի՝ Հայկ Կարգինյանի քաղաքական դիակը դեղերով զմռսելով՝ Օջախունին Տիտանյան հրամայեց տանել Պրահա և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր թշնամիների ու զարմի։ 

Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական են:

Վահրամ Թոքմաջյան

Գոռ Մադոյան

MediaLab.am