Բոլոր «բարեփոխումները» շարունակեցին կրթական համակարգի անդառնալի քանդման գործընթացը. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ձեր դիտարկումներն եմ խնդրում այս նախագծի վերաբերյալ:

– Նախ պետք է նկատել, որ սա առաջին անգամ է արվում, այսինքն՝ ինչ-որ բան դրվում է հանրային քննարկման, որում ուսուցիչները կարող են հանդես գալ առաջարկություններով: Մինչ այս կամավոր ատեստավորման հետ կապված գործընթացը, կարելի է ասել, ամբողջությամբ գաղտնի էր, ու մարդիկ նույնիսկ տեղյակ չէի: Ուսուցիչների մեծ մասի համար ամեն բան անհայտ էր, թե ինչ պետք է անեին, դրա համար էլ շատերը խուսափում էին այդ գործընթացից: 

Սա առաջին անգամ է, որ հնարավորություն է տալիս շահագրգիռ մարդկանց մասնակցել այդ գործընթացին հենց որոշումների կայացման փուլում, ինչը գնահատելի է ու խրախուսելի: Հիմա, թե ինչպիսի՛ արդյունք դա կունենա թեստերի բովանդակության վրա, արդեն կքննարկենք այն ժամանակ, երբ արդյունքները պարզ կլինեն: 

Հուսամ, որ ուսուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան, և ոչ միայն նրանք, բոլոր շահագրգիռ կողմերը կարող են այս փուլում որոշակի առաջարկություններով, դիտողություններով հանդես գալ, ու դա կնպաստի նախ նրան, որ գործընթացն ավելի թափանցիկ կդառնա, ու երկրորդ՝ հնարավորություն կտա հաշվի առնել բոլորի կարծիքը, և գործընթացը դարձնել ավելի ուսուցչակենտրոն: 

– Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին ամենաթարմ դեպքում՝ 7-րդ դասարանի «Պատմություն» դասագրքի շուրջ առաջացած աղմուկն ու նախարարի պատասխանը, որ ոչինչ էլ չի փոխվի, բնական է, որ բարեփոխումներն ընդվզում կառաջացնեն, որքանո՞վ եք լիահույս, որ այս պարագայում առաջարկներն ու դիտողությունները կընդունվեն: 

– Ես ամբողջությամբ կիսում եմ այդ մտահոգությունը, բազմաթիվ մարդիկ ու պոտենցիալ մասնագետներ արտահայտում են այդ մտահոգությունը: Ձեր վկայակոչածը միակ օրինակը չէ, ամենախոսուն օրինակն այն է, որ մեկ տարի կրթական չափորոշիչները փորձարկվեցին Տավուշի մարզի դպրոցներում ու գրեթե առանց փոփոխության ներդրվեցին մյուս դպրոցներում: Հաշվի չառան ո՛չ տավուշցի ուսուցիչների, ո՛չ էլ մասնագետների կարծիքը, որոնք առաջարկում էին որոշակի փոփոխություններ անել, ինչը կլավարկեր այդ չափորոշիչները: 

Եթե նույն բանը հիմա տեղի ունենա, ես չեմ զարմանա, որովհետև, ըստ էության, սա դարձել է մեր լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի ձեռագիրը:

– Պարո՛ն Մխիթարյան, իսկ այդ ձեռագրով աշխատելն ո՞ւր կտանի ընդհանուր ոլորտը, ու, ձեր կարծիքով, նախարարությունն ինչո՞ւ է նման քաղաքականություն որդեգրել:

– Ինձ թվում է՝ այս ամբողջը գալիս է ոչ կոմպետենտությունից, այսինքն՝ որոշումներ կայացնող մարդիկ կոմպետենտ չեն, և դա բերում է նաև այն մտայնությանը, որ մարդիկ չեն էլ ուզում լսել գործընթացի մասնակիցների կարծիքը: 

Սա շատ քննադատելի մոտեցում է, մանավանդ կրթության ոլորտում, որովհետև այս ամենը բերելու է անդառնալի հետևանքների: Հետագայում շատ ավելի ժամանակ, ռեսուրսներ պետք է ծախսել, որպեսզի ամեն բան բերվի զրոյական կետի, որից էլ կարելի կլինի ապահովել զարգացումը կրթության ոլորտում: 

– Այսինքն՝ այն, որ, ինչպես իրենք են ասում՝ ցանկացած բարեփոխում առաջացնելու է ընդվզում, ու պետք չէ այդ հիմքով հրաժարվել բարեփոխումներից, ձեզ համար ընդունելի՞ բացատրություն չէ:

– Ո՛չ, որովհետև այդ բառն ամբողջությամբ փոխել է իմաստն ու այս ամենի հետևանքով ձեռք է բերել բացասական իմաստ: Եթե հիմա մասնագետների, ուսուցիչների մոտ ասում ես «բարեփոխում», մարդիկ նախընտրում են հեռու մնալ դրանից, որովհետև իրենց ասած բոլոր «բարեփոխումները» շարունակեցին կրթության համակարգի անդառնալի քանդման գործընթացը: 

Այս գործընթացները բերում են նրան, որ կրթության որակը քայլ առ քայլ ընկնում է՝ բարձրանալու փոխարեն, որին պետք է միտված լինեին այդ գործընթացները, չէ՞ որ մեր նպատակը կրթության որակը բարձրացնելն ու կրթված քաղաքացի ունենալն է: 

– Այդ անդառնալի քանդմանը նպաստում են նաև այս ատեստավորման գործընթացնե՞րը, ի՞նչ է տալիս ուսուցիչներին մասնակցությունը ատեստավորմանը:

– Դուք դա կարող եք հարցնել ուսուցիչներին, բայց ես կարող եմ ասել իմ կարծիքը, որը հիմնված է բազմաթիվ ուսուցիչների արտահայտած կարծիքի վրա: Դա էական ազդեցություն չի ունեցել, եթե նույնիսկ ուսուցիչը հաղթահարել է այդ ատեստավորման գործընթացը, դրանից հետո նա այդ ամենը մի կողմ է դրել ու շարունակել է դասավանդել իր իմացած մեթոդներով, այդ գործընթացը էական որևէ նշանակություն չունի: 

Ուսուցիչներն ու մասնագետները բազմիցս են ասել, որ այդ գործընթացը շատ սուբյեկտիվ է, դա գնահատում է միայն ուսուցչի՝ որպես ուսանողի կամ աշակերտի գիտելիքները, բայց ոչ բնավ նրա կարողություններն ու հմտությունները՝ որպես ուսուցիչ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am