Գույքահարկն ավելանալու է առավելապես դղյակների ու ապարանքների համար. վարչապետ

Պետական բյուջեն համախառն ազգային գրպան է և դրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես՝ ընտանեկան բյուջեին: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գույքահարկի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, որոնք հավանության արժանացան կառավարության նիստում:

«Պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք. երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն մի կոպեկ համարում է կորսված փող: Դա մեր համախառն ազգային գրպանն է, և մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին:

Այո, գույքահարկն ավելանալու է, բայց առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ: Եթե այսօր նայում ենք այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ: Այստեղ ճոխության հարկի բաղադրիչ նույնպես կա:

Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականություն ունեցողները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։