Երկրաշարժից 32 տարի անց գյումրեցիները շարունակում են ապրել տնակներում․ քաղաքում 2․800-ից ավելի հաշվառված տնակ կա․ Factor.am

Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարի, սակայն Շիրակի մարզի ու Գյումրիի՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բնակիչների բնակարանային ապահովման հարցը այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ 2018թ․ իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անցկացված Կառավարության արտահերթ նիստի ժամանակ հանձնարարել էր ձևավորել աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր հաշվառմամբ և աշխատանքի ավարտին ներկայացնելու էր աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։

Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը, որն ընդամենը ուսումնասիրություններ ու իրավիճակային վերլուծություններ է անում, աղետի գոտում 7․000-ից ավելի կացարան է հաշվառել,  2․800-ից ավելին՝ Գյումրիում, որից մոտավորապես 2․200-ը բնակելի տնակներ են։

«Բայց սա անօթևանության պատկերը չի արտացոլում, որովհետև մենք ունենք հսկայական քանակությամբ վթարային շենքերում բնակվողներ, նախկին գործարանային հանրակացարաններում գտնվողները անհամեմատ ավելի ծանր վիճակում են, քան տնակներում բնակվողները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։ Նա հավելեց, որ, ըստ էության, աշխատանքային հանձնաժողովն անօթևանների խնդրի լուծումներ չի առաջարկում, այլ հետազոտական աշխատանք է կատարում։

Այս տարի պետբյուջեով նախատեսված հատկացումներով, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում, Շիրակի մարզի գյուղաբնակ անօթևաններին պետությունն առաջարկել է բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ՝ կա՛մ բնակելի տան կառուցում, կա՛մ բնակարանի գնման վկայագիր։ Մարզի 90 ընտանիք ընտրել է ԲԳՎ, մյուսները՝ կառուցման տարբերակը։

Հիմա ընթացքի մեջ են անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները։ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպությունը շարունակում է Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի՝ թվով 24 բնակելի տների կառուցման աշխատանքները։ 4 բնակելիների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, մյուս 20 տներում այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2021 թվականի մայիսին։ Իսկ Գյումրիի անօթևանների խնդրի լուծման կոնկրետ ծրագիր դեռ չկա։

«Գյումրում 2․5 տարի պետական որևէ ծրագիր չի իրականացվել, նաև հայկական ֆոնդերի կողմից ծրագրեր չեն եղել։ Հատուկենտ հովանավորներ են եղել։ Այս տարի մեզ հետ համագործակցության ամենադաժան տարին ստացվեց՝ ընդամենը 3 բնակարան, իսկ նախորդ տարիներին 20-25 բնակարան կարողանում էինք գործընկերների աջակցությամբ տրամադրել»,- ասաց Վահան Թումասյանը։

Նրա կարծիքով՝ Գյումրիում անօթևանների բնակարանային խնդրի լուծման համար երեք ուղղությամբ պետք է աշխատել։ «Պիտի որոշում կայացվի, բնակարանային շինարարություն սկսվի Գյումրիում, նաև վթարային շենքերի ամրացման աշխատանքներ։ Պետությունը նաև պետք է դատարկ, վաճառքի ենթակա բնակարանները գնի, նորոգի ու տրամադրի անօթևաններին»,- թվարկեց Թումասյանը:

Մանրամասները՝ այստեղ