Զինծառայողը կալանավորվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ ծառայակցի մահն առաջացնելու մեղադրանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է զինծառայողի կողմից իր ծառայակից Վ. Հովսեփյանին մահացու հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը АК-103 տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ. Հովսեփյանը ստացել էր հրազենային վիրավորում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ զինծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 6-րդ մասով, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: