Արարատ Միրզոյանի դեմ սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործ չկա. Հրաչյա Հակոբյանը սխալ է․ FIP.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 7-ին Freenews.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՔՊ-ի պատգամավորների և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտարարել էր, որ միջադեպին մասնակցած Գերասիմ Վարդանյանն անցնում է Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործով:

Մասնավորապես, Հակոբյանը, պարզաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները «խուլիգանական արարքի համար, մարդասպանության փորձի մեջ մեղադրվող մարդուն բերել են ԱԺ, սարքել են փորձագետ կամ օգնական»։ «Գերասիմն ո՞վ ա՝ խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդ, սպանության փորձի մեջ մեղադրվող երիտասարդ: Նա ուրիշ տեղ ա  մեղավոր […] Իրա շեֆերն են, իրա քաղաքական հայրերն են մեղավոր, որ այ էս Ազգային ժողովի միջանցքներով ինքը ման ա գալիս, ու իրան թվում ա, թե իրականացրել ա իրա բաղձալի երազանքը՝ հասել ա Արարատ Միրզոյանի սպանությանը…»,- ասել է Հակոբյանը:

Արդեն  այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Հակոբյանը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը՝ կրկնելով միայն, որ իր տեղեկություններով՝ Գերասիմ Վարդանյանն անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով:

Խոսքը 2020 թ. նոյեմբերի 10-ի իրադարձությունների մասին է, երբ 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո մի խումբ անձինք բռնություն կիրառեցին այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ։

Խորհրդարանի նախկին խոսնակի նկատմամբ «մահափորձի» վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին։ «Փաստերի ստուգման հարթակն» այդ հայտարարության առթիվ գրել էր, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած դեպքերի մասով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործում Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի հոդված չի քննվում։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով: Այլ կերպ ասած՝ հարուցված քրեական գործը կապված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրա ընթացքում բռնություն գործադրելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով նրա լիազորություններից բխող գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու հետ։

Դեռևս այս տարվա փետրվարին, ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման, ԱԱԾ-ից պատասխանել էին, որ վերը նշված հոդվածներից բացի, այս դեպքով այլ հոդված չի քննվում:

Այսինքն՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը նույնիսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի որակվել որպես սպանության փորձ, որը առանձին հանցատեսակ է և համապատասխանում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածներին: Հետևաբար, Հակոբյանի այն հայտարարությունը, թե Գերասիմ Վարդանյանն անցում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով, սխալ է:

Փաստերի ստուգման հարթակ