«Անկառավարելի վարակ է, ինչը նշանակում է, որ բժիշկները չեն կարող կանխել այն, իսկ այդ դեպքում դա մնում է հասարակության վրա»․ Համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցազրույցը ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, խնդրում եմ՝ որպես համաճարակաբան ներկայացրեք, ի՞նչ վիճակ է Հայաստանում համաճարակաբանության առումով։

– Մենք հասել ենք այն վիճակին, որ ունեցել ենք բազմակի կլաստերային բռնկումներ։ Այսինքն՝ օջախները բազմաթիվ են և վերածվել են արդեն ոչ թե կլաստերայինի, այլ համաճարակի։ Եվ արդեն կարող ենք ասել, որ մեր երկրի մասշտաբով իրավիճակը համաճարակային է։ Հաշվի առնելով աշխարհում իրավիճակը, եթե պանդեմիան այսօր երկրագնդի ավելի հարավային մասն է ընդգրկում, ուրեմն մենք ավելի համահունչ ենք երկրորդ ալիքին, որն ընթանում է հարավային հատվածում, ավելի ուշ բարձրացավ ալիքը մեզ մոտ։ 

– Ի՞նչ է նշանակում երկրորդ ալիք։

– Մեզ մոտ շատ բուռն ընթացավ առաջին ալիքը, դուք էլ նկատած կլինեք, որ վերջին ամսվա ընթացքում մենք հիվանդացության բուռն վերելք ունեցանք։ Սա շատ հնարավոր է, որ դրական ազդեցություն ունենա երկրորդ ալիքը ավելի թեթև տանելու առումով։ Սա որպես օրինաչափություն եմ ասում, իհարկե, կապրենք՝ կտեսնենք։ 

Համաճարակաբանական օրինաչափությունը խոսում է այն մասին, որ ինչքան բուռն է առաջին ալիքը, այնքան իմունային շերտը ավելի ինտենսիվ է ձևավորվում, և երկրորդ ալիքը լինում է ավելի թեթև։ Բայց հույս ունենանք, որ մինչ այդ պատվաստանյութ կհայտնաբերվի, որովհետև հիմա բավական դրական արձագանքներ կան։ 

– Որ ասում եք՝ երկրորդ ալիքը թեթև կլինի, ի՞նչ է նշանակում, այսինքն՝ վարակվածները չե՞ն վարակվում, թե՞ ավելի թեթև են տանում վարակը։

– Եկեք նախ հասկանանք, թե ինչ է նշանակում երկրորդ ալիք։ Երբ մենք կունենանք հիվանդացության կայուն նվազում, այսինքն՝ հստակ կարձանագրենք, որ մեզ մոտ իրավիճակը գնում է դեպի կայունացում և նվազում, այսինքն՝ վարակը դառնում է վերահսկելի, և դրանից հետո երբ սկսում են կլաստերային բռնկումներ, ու նորից մենք կունենանք հիվանդացության բարձրացում, այ այդ ժամանակ կխոսենք երկրորդ ալիքի մասին։ 

Ինչ վերաբերում է աշնան շրջանում սպասվող շնչառական վարակներին, ապա հոկտեմբեր-նոյեմբերին մենք միանշանակ կունենանք ակտիվացում, բնականաբար, այդ ֆոնին կլինի կորոնավիրուսային վարակի ակտիվացում։

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, հիմա շատ են հնչում հայտարարություններ, հիմնականում ընդդիմության կողմից, թե կառավարությունը ձախողել է համաճարակի դեմ պայքարը։ Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ կարծիքի եք։

– Ձախողել ասելը շատ դժվար է։ Ձախողում ենք ամեն մեկս մեր տեղում, ամեն օր ես դա տեսնում եմ՝ մեր ժողովուրդը ինքը իր տեղում ամեն օր այդ պայքարը ձախողում է։

Այդքան խոսվում է հակահամաճարակային պարզագույն կանոնների մասին, բայց, միևնույն է, մարդիկ չեն հետևում կանոններին, ասում են՝ վիրուս չկա, հորինած է, ավելորդ քաղաքական շահարկումներ են արվում։ Նույնիսկ նորածինը երևի գիտի այդ երեք հիմնական պարզագույն հակահամաճարակային կանոնների մասին։ 

– Նաև նշում են, թե անլուրջ մոտեցում է ցուցաբերվել վարակի նկատմամբ․․․

– ԱՀԿ-ն ինքն էլ էր հակասական հայտարարություններ անում, և թերևս այդ էր պատճառը, որ, օրինակ՝ դիմակ դնել-չդնելու մասին հակասական հայտարարություններ արվեցին նաև Հայաստանում։ 

Փորձը կամաց-կամաց բերեց նրան, որ ավելի պատշաճ իրականացվեն հակահամաճարակային միջոցառումները։ Բոլոր երկրներում, եթե հետահայաց նայեք, դժգոհ են եղել կառավարությունների գործունեությունից, որովհետև իդեալական հակահամաճարակային ռեժիմ խուճապային իրավիճակում դժվար է պահպանել։ Իսկ պանդեմիան ինքը խուճապային իրավիճակ ստեղծեց։

Մենք ուսումնասիրության կարիք ունենք, օրինակ՝ շատ կուզեի հասկանալ՝ ասիմպտոմ վարակակիրների տոկոսը, իմանայինք ծանր դեպքերը որքան են կազմել, շատ հարցեր կան, որ թեկուզ տեղական մակարդակով կարիք ունեն պարզաբանման։ Հետո երբ սկսենք ուսումնասիրել, կհասկանանք՝ հետագայի համար արդեն կօգնի մեզ։ 

– Ի դեպ, այսօր էլ կտորից դիմակների անօգտակարության մասին հայտարարվեց։ Նախարարն ասաց, որ եթե գումար կա ու հնարավորություն, քաղաքացիները թող բժշկական դիմակ օգտագործեն։

– Այո, մենք՝ մասնագետներս, միշտ ենք ասել, որ կտորից դիմակը այն դեպքում կարելի է օգտագործել, եթե բժշկական դիմակը հասանելի չէ։ Հայտնի է, որ բժշկական եռաշերտ դիմակները ավելի հուսալի պաշտպանություն են տալիս, քան կտորից դիմակները։ 

Բայց ես էլի եմ ասել՝ դիմակի թափանցելիությունը փորձելու շատ պրիմիտիվ ձև կա․ եթե 10 սմ-ի վրա տեղադրված մոմը հանգչում է փչելուց, ապա այն պիտանի չէ, այսինքն՝ թափանցիկ է, և դիմացինի թուքը կարող է անցնել շնչուղիներ։ Իմաստն այն է, որ դիմակը իր պաշտպանիչ ֆունկցիան ունենա։

– Հակահամաճարակային կանոները, գործողությունները Հայաստանում ճի՞շտ են կատարվում։

– Դրանք արդարացված են, դրանք միանշանակ իրենց արդյունավետությունը ունեն, բայց ունեն երեքը միասին՝ դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ և պահպանել ֆիզիկական հեռավորություն։ Դրանք իրարից անկախ արդյունք չեն տա, պետք է բոլորը միասին միաժամանակ պահպանել։ Հակահամաճարակային գործողությունները արվել են այնպես, ինչպես շատ երկրներում։ 

Մեր երկիրն էլ մտավ լոքդաունի փուլ և գրեթե միաժամանակ դուրս եկավ՝ որոշ տարբերություններով։ Ճիշտն ասած, վիճակագրության առումով, մասնավորապես, 1 մլն բնակչին ընկնող մահերի թվով Հայաստանի պատկերը ցավալի է, բայց մեր ժողովուրդը պետք է ավելի կազմակերպված լիներ։

Սա երևի մի դրական արդյունք է տալու այն իմաստով, որ եթե քիչ զոհերով դուրս գանք, ունենալու ենք իմունիտետ, բնական ձեռք բերված անընկալություն։ Անկառավարելի վարակ է, ինչը նշանակում է, որ բժիշկները չեն կարող կանխել այն, իսկ այդ դեպքում դա մնում է հասարակության վրա։ Այդ դեպքում մարդիկ իրենք պետք է մտածեն վարակը կանխելու մասին։ 

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, բոլորիս շատ հուզող հարցը տամ՝ ի վերջո, մենք ե՞րբ կարող ենք գոնե մի քիչ հանգստանալ, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

– Այսօր ԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ հույսի նշույլ է հայտնվում, աշխարհում կայունացման միտումներ կան։ Ես միշտ հետևում եմ, և ԱՀԿ-ն մինչև հիմա նման արտահայտություն չէր արել։

Միշտ խուճապային արտահայտություններ է արել ԱՀԿ-ն։ Իհարկե, զգոնությունը պետք չէ կորցնել, բայց այսօր ասաց, որ հույսի նշույլ կա։ Հույս ունենանք, որ դա մեզ էլ է վերաբերում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am