Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ. իտալացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Սյուզանա Չեկարդին Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է համարում դեպի արդարություն: «Արմենպրես»-ին փոխանցած տեսաուղերձում պատգամավորը նշել է, որ Եվրոպան ճանաչել է Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը, սակայն այդ փաստը ժխտող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ:

«Հայոց ցեղասպանության հիշողությունը քայլ է դեպի արդարություն, անգամ եթե այս ողբերգության հիշատակումը չի կարող հետ բերել 1915-1922 թթ․ բնաջնջված ժողովրդին, այս ողբերգական փաստերի ճանաչումը միակ նշանակալից քայլն է, որ քաղաքականությունը կարող է անել պատմության երես հանելու այն ողբերգությունը, որը հասցվել է նվազագույնի և ժխտվել տարիներ շարունակ։ Եվրոպան, ինչպես Իտալիան, ճանաչել են թուրքերի կողմից իրագործված 1,5 միլիոն քրիստոնյաների ցեղասպանությունը, սակայն Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ՝ ժխտելով այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ, փոխարենը իրագործում է իր զավթողական ծրագրերը։ Էրդողանը առանց վախի միջազգային հանրության աչքի առաջ որպես մարտահրավեր է նետում նոր Օսմանյան Կայսրության տեսլականը, որը ձգվում է արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա։ Մենք ամեն օր զբաղված ենք այնքան ապաշնորհ ռեժիմների դատապարտմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, և Էրդողանի Թուրքիան դրանցից մեկն է»,- նշել է պատգամավորը:

Չեկարդին հավելել է, որ ընդդիմախոսների շարունակական ձերբակալությունները, բռնության կիրառումը որպես ճնշելու միջոց հեռացնում են Թուրքիան Եվրոպայից և իր արժեքներից։

«Հայերի հանդեպ թշնամանքը և ցեղասպանության ժխտումը նույնպես այս չարաշահումների մաս են կազմում։ Մենք այս ամենի ականատեսը եղանք վերջին իրադարձությունների ժամանակ, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Թուրքական կառավարությունը շարունակում է դեմ լինել այլ երկրների կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հարցականի տակ է դնում ցեղասպանության եղելությունը։ Եվ սա դեռ ամենը չէ, Թուրքիայում ցեղասպանության մասին խոսելը արարք է, որը պատժվում է 6 ամսից 2 տարի ժամկետով ազատազրկմամբ `Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն որպես «ազգային ինքնության արհամարհանք»։ Պատմաբաններ, լրագրողներ, արվեստագետներ դատապարտվել են Էրդողանի ռեժիմի կողմից պարզապես ցեղասպանության մասին խոսելու պատճառով»,- իր ուղերձում ասել է Չեկարդին:

Իտալացի պատգամավորն իր խոսքը եզրափակել է 1915 թ. Տրապիզոնում իտալացի հյուպատոս Ջակոմո Գորինիի խոսքերով, որը եղել է ցեղասպանության ականատես:

«Ցեղասպանությունը նա նկարագրել է հետևյալ կերպ․ «Դա անմեղների սպանդ ու կոտորած էր, չլսված մի բան, մի սև էջ, մարդկության, քրիստոնեության և ազգության ամենասուրբ արժեքների բացահայտ ոտնահարում»։ Հետագայում Գորինին մեծ ջանքեր գործադրեց հայկական պետականության ճանաչման համար՝ մնալով մինչև իր կյանքի վերջը՝ 1950թ․այս սարսափելի իրադարձությունների հիշողության կրողը։ Այժմ պատմության այս էջի համընդհանուր ճանաչումը համայն աշխարհի կողմից կախված է մեզնից»,- եզրափակել է Սուզաննա Չեկարդին:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։