«Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը զենքը գնել է դեպքից օրեր առաջ՝ որսորդական խանութից

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Այս մասին Factor.am-ին հայտնեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ «Նա իրեն մեղսագրված փաստացի գործողություններն ընդունում է, բայց արարքի իրավական որակման հետ համաձայն չէ։ Բանն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը), որով իրեն մեղադրանք է առաջադրված, ունի խրախուսական նորմ, որտեղ ասվում է, որ եթե անձը կամավոր ազատում է պատանդին և հրաժարվում իր պահանջից, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում։

Տվյալ դեպքում՝ Արթուր Թորոսյանը գտնում է, որ ինքը կամովին ազատել է պատանդին, հրաժարվել պահանջից, իր կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում, և այդ առումով իրեն մեղավոր չի ճանաչում»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով՝ Արթուր Թորոսյանը զենքն օրինական ճանապարհով է գնել՝ որսորդական խանութից․ «Հունվարի 8-ին կամ 9-ին է գնել։ Հայտնել է, որ այդ նպատակով է գնել»։

Factor.am-ի հարցին, թե արդյոք քրեական գործի շրջանակում հարցաքննված անձինք կան, Աղաջանյանը նշեց․ «Հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ գործի ամբողջական նյութերն այս պահին ինձ հասու չեն»։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ հնչեցրել։ Ավելի ուշ՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցել էր նրա հետ և իր ծառայողական մեքենայով հեռացրել տարածքից։