Ուռուցքաբանության ազգային կենտրոնը լրջագույն պայքար է մղում ստվերային շրջանառության դեմ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց կենտրոնի երեք հիմնական ստրատեգիական ուղղությունները, որով փորձում են հիվանդանոցի մատուցած ծառայությունների մակարդակը մի քանի անգամ բարձրացնել։

«Առաջինը՝ կենտրոնի կենցաղային պայմանների բարելավումն է ժամանակակից ստացիոնար բաժանմունքներին բնորոշ։ Շենքում կան բազմաթիվ բաժանմունքներ, որոնք 80-ական թվականներին կառուցվելուց հետո չեն վերանորոգվել։

Երկրորդը՝ կենտրոնը համալրել աշխարհում լավագույն սարքավորումներով։ Կենտրոնը ձեռք է բերել մոտ 23 նոր տեսակի սարքավորումներ։

Երրորդ կարևոր ուղղությունը՝ մասնագետների  վերապատրաստումն է արտասահմանում։ Անցած տարվա ընթացքում համավարակով պայմանավորված խնդիրներ կային արտասահման մեկնելու հետ կապված։ Հուսով եմ, այս տարի այդ խնդիրները կվերանան և ամբողջ բուժանձնակազմը երկարատև վերապատրաստում կանցնի արտասահմանյան լավագույն կլինիկաներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանուկյանը։

Անդրադառնալով բուժհիմնարկներում տարածված ստվերային շրջանառությանը՝ կենտրոնի տնօրենը ընդգծեց, որ այս երևույթի դեմ լրջագույն պայքար է մղվում իր և ղեկավար անձնակազմի կողմից։  Մյուս կողմից, ըստ Մանուկյանի, բարձրացվում են բժիշկների աշխատավարձները, որը ևս այդ երևույթի վերացման խթան է հանդիսանում։

« Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում տգեղ երևույթ է և թողնելով բուժական միջոցառումները կենտրոնանում ենք այդ երևույթի դեմ։ Այդ երևույթը պետք է արմատախիլ արվի բոլոր բուժհիմնարկների կողմից»,- եզրափակեց Մանուկյանը։