Հրանտ Բագրատյան․ ամենագետը, մակրոտնտեսագետը, մազութաԳԵՏը

Մեր այսօրվա հերոսը 20-րդ դարի ամենաերևելի ու ամենաիմաստուն հայն է։ 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է Հազարամյակի մարդ։ 

Հազարամյակի մարդ՝ հազարամյա ժողովրդի ծոցից ու երկհազարամյա իմաստությամբ և երեքհազարամյա ավանդույթով։ Հիրավի հայ ազգի բեղուն արգանդը երբեք այնքան շռայլ չի եղել, որքան 1958-ի այդ լուսապայծառ առավոտը։ 

Այդ թվականին էր, որ մեր հերոսի նման տաղանդավոր և էքսցենտրիկ 14-ամյա Բոբի Ֆիշերը դարձավ ԱՄՆ շախմատի չեմպիոն, իսկ ամերիկյան փոփ և հոլիվուդյան մշակույթը հարստացավ Շերոն Սթոունով, Գերի Օլդմենով և Մայքլ Ջեքսոնով։ 

Իհարկե հետո Շերոնն աչքի ընկավ լկտի պահվածքով, երբ չռեց ոտքերը, բայց նույնիսկ դա չստվերեց մեր այսօրվա հերոսի մտավոր տաղանդը։

Մեր այսօրվա ազգափրկիչը ծնվել ու մեծացել է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է 49-րդ միջնակարգ դպրոցում, ապա սովորել ժողինստիտուտում, հետո ծառայել խորհրդային բանակում և, վերադառնալով, շարունակել ուսումը ԳԱԱ տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 

Պատանեկան տարիներից լինելով բազմակողմանի զարգացած ու ուսումնատենչ պատանի՝ իր անձով մարմնավորել է հայու գենի գերինտելեկտուալ տեսակն ու շարունակական կրթության ինստիտուցիոնալ հեռանկարները։ 

Ղարաբաղյան շարժման տարիներին մեր գանգրահեր հրաշամանուկը գիտական գործունեությամբ էր զբաղված՝ 1986-1990 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ։ 

Ինչպես մեր դաշնակից ու հովանավոր Ռուսաստանում էր Ելցինի տարիներին գովերգվում ու խրախուսվում երիտասարդ, ինտելեկտուալ, տնտեսագետ տեխնոկրատների կառավարությունը, նույնն էլ փորձ արվեց Հայաստանում իրականացնել։ 

Խորհրդային Հայաստանի վերջին և անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը մեր տաղանդին բերեց իր մոտ, նախ՝ որպես էկոնոմիկայի նախարար, ապա նաև ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ։ 

Հատկանշական է, որ մեր բարեկամը մինչև Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը աշխատում էր Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում՝ նվագելով բլյուզ ակուստիկ։ 

Մանուկյանի կարճատև վարչապետությունը հիշվեց միայն ներհհշական պայքարով, խորհրդային կարմիր դիրեկտորների և ՀՀՇ նոր վերնախավի առճակատմամբ ու համակարգային ռևանշով, հին ու նոր էլիտաների մրցակցությամբ և, որպես արդյունք, Վազգեն Մանուկյանի հրաժարականով։ Ինքը չդիմացավ ճնշմանը, իսկ տեղակալը, պարզվեց՝ լավ էլ ադապտիվ ու ներդաշնակվող է։ 

Արդյունքում Տեր-Պետրոսյանին ՀՀՇ-ն առաջադրեց նախագահի պաշտոնում, իսկ Վազգեն Մանուկյանն ու իր ֆրակցիան դարձան ընդդիմություն, Մանուկյանը հրաժարական տվեց, ապա նաև հիմնադրեց ԱԺՄ-ն։ 

Թեև մանուկյանական թիմից էր, սակայն մտահոգ երկրի առջև ծառացած օրհասական խնդիրներով՝ մեր հերոսը չդարձավ ընդդիմություն, չգնաց Վազգեն Մանուկյանի հետ և շարունակեց իր պաշտոնավարումը որպես վարչապետի տեղակալ նաև հաջորդ վարչապետների՝ Գագիկ և Խոսրով Հարությունյանների օրոք։ 

Իսկ Խոսրով Հարությունյանի պաշտոնանկությունից հետո էլ՝ 1993-96 թթ., Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվեց ՀՀ վարչապետ։ 

Խոսքն իհարկե մեգամիտ, մեգագետ և մեգաբան, մեգաէկոնոմիկայի Հայաստանի առաջին, միակ, վերջին ու անբռնազբոս գուրու, տնտեսագիտության դոկտոր, փիլիսոփայության դոկտոր, ամեն ինչի ու ամեն տեղի դոկտոր, անկրկնելի Հրանտ Բագրատյանի մասին է։ 

Բագրատյանի տարիները կիսալույսի ու մերձիտաքի տարիներն էին։ Երբ հովհարային անջատումները ավելի շատ հովհարային էին, քան անջատումներ, երբ մազութը լափվում էր, բայց դրա մասին մենակ Սադոյանն էր մտածում, որովհետև իրեն բան չէր հասնում այդ սուրբ գործից։ 

Լափվում էր մազութը, մեղադրվում՝ Բագրատյանը, բայց նույնիսկ Քոչարյանն ու Սերժը չկարողացան դա ապացուցել։ Իսկ Բագրատյանը կուռ տրամաբանությամբ պնդում էր, որ ինքը նույնիսկ ֆիզիոլոգիապես ի վիճակի չէ մազութ ուտել։ 

Բագրատյա՞նն էր պնդում, թե՞ մեկ այլ հումորային հաղորդաշարում, դա էական չէ։ Էականն ավելի շատ Սադոյանի առաջ քաշած միֆն էր, որը համարժեք էր էներգիան հողանցում անելուն։ Դե, մի ժողովուրդ, որը հավատում է, թե չինացիների գենի մեջ չորս տոկոս հայկականություն կա, այս միֆերին ինչո՞ւ պետք է չհավատա։

Ղարաբաղյան առաջին պատերազմ, ծանրագույն մի ժամանակաշրջան, երբ հաջողվեց ռուսական աջակցությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի ու այլ դոնորների փողերով վերջապես վերագործարկել հայկական ԱԷԿ-ը և բալանսավորել ՀՀ էներգետիկ անվտանգությունը։ Շուկայական ռեֆորմներն ու հողի մասնավորեցումն էլ, որոնք ուղեկցվում էին կապիտալի նախասկզբնական կուտակմամբ և օլիգարխիայի սաղմնավորմամբ, կարճատև հեռանկարում Հայաստանը դարձրին ԱՊՀ երկրներից առաջինը, որն ունեցավ տնտեսական աճ երկարատև ստագնացիայից հետո։ 

Ընթերցողին հիշեցնենք, որ ներքին ու արտաքին մարտահրավերների ֆոնին Բագրատյանը նաև համակարգային ու անձնական մրցակցության մեջ էր։ 

Քաղաքականապես բոլորի գլուխը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ Բագրատյանի կառավարությունում այնպիսի երևելի նախարարներ էին, ինչպիսիք Վանո Սիրադեղյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը։ Այսինքն՝ այս մրցակցային իրավիճակում Բագրատյանին բան չէր մնում, քան մոռանալ քաղաքական գործչի հնարավոր վերելքի մասին և կենտրոնանալ տնտեսության վրա։ 

Եվ մեր բարեկամը որդեգրեց արագ սեփականաշնորհման, խոշոր կապիտալի խրախուսման և, հետևաբար, նաև արագ ու համեմատաբար ներառական տնտեսական աճի մոդելը։ 

Աշխատանք, որն անգնահատելի է և գերբարդ՝ հաշվի առնելով ներքին հակակշիռների ու մրցակցության, սուպերնախարարների ու աճող օլիգարխիայի և, հետևաբար, դիմադրության առկայությունը։ 

Այս դիտանկյունից ինքը՝ Բագրատյանը միշտ իրեն համեմատել և համեմատում է Լեհական հրաշքի՝ «շոկային թերապիա» անունը ստացած շուկայական ռեֆորմների հայր, Լեհաստանի փոխվարչապետ և 1989-91 թթ. ֆինանսների նախարար Լեշեկ Բալցերովիչի հետ։ 

Այս ամենի ֆոնին ու, հատկապես, 1996 թ. նախագահի խնդրահարույց ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը փոխարինվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, մեկ այլ գանգրահեր Արմեն Սարգսյանով։ 

Փոխարինվեց և անմիջապես էլ աշխատանքի անցավ Արժույթի միջազգային հիմնադրամում՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի հարցերով փորձագետ խորհրդական՝ 12 հազար դոլար ամսական աշխատավարձով։ 

Իսկ արդեն քոչարյանական տաքուլուսի տարիներին, կոնյակի գործարանի մասնավորեցումից հետո էլ աշխատանքի անցավ նոր սեփականատեր ֆրանսիական «Պեռնո-Ռիկար» կոնցեռնում՝ որպես Երևանի Արարատ կոնյակի գործարանի փոխնախագահ և մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն։ 

Աշխատավարձն էլ, բոնուսները և պարգևավճարները հաշված՝ 40 հազար դոլար ամսական։ 

Հիրավի նախանձելի աշխատավարձ, այն էլ՝ այն տարիներին, բայց չմոռանանք, որ մեր հերոսը այդ ընթացքում իր նոր գործատուին ապահովում էր տարեկան մինչև 25 մլն դոլար եկամուտով։ 

Այսպիսով, պատկառելի աշխատավարձի ու մենեջերական տաղանդի միջոցով Բագրատյանը վաստակեց իր առաջին միլիոն դոլարը և, միաժամանակ, շարունակեց իր գիտակրթական գործունեությունը՝ դասավանդելով թե՛ Սլավոնական համալսարանում և թե՛ Կիևի բանկային գործի համալսարանում։ 

Կիև ասացինք՝ հիշեցինք նաև, որ Սադոյանին ժամանակին հետաքրքրում էր, թե ինչ փողերով է Բագրատյանը ծխում Marlboro, երբ ինքը՝ Սադոյանը, հազիվ է գումար հասցնում Наша Прима-ի համար։

Արդեն քոչարյանական տարիներին զբաղվելով դասավանդմամբ և բիզնես գործունեությամբ՝ Բագրատյանը չի հիասթափվում նաև քաղաքականությունից և 1998 թ. դառնում է «Ազատություն» կուսակցության առաջնորդը։ 

2006-2007 թթ. էլ աշխատում է «ՎՏԲ-Հայաստան բանկի» խորհրդատու, բիզնես բլոկի վարիչ: Կոնյակի գործարանի աշխատանքի տարիներին է, որ նաև 0.003 տոկոս շահաբաժին է ձեռք բերում։ Բագրատյանը արդեն 2 տարի Կիևի համալսարանի մեգաէկոնոմիկայի պրոֆեսոր էր, երբ 2012 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով դառնում է ԱԺ պատգամավոր։ Չնայած ֆորմալ առումով Բագրատյանը ՀԱԿ դաշինքի պատգամավոր էր, սակայն սկզբունքորեն դեմ էր ՀԱԿ դաշինքից կուսակցության ստեղծմանը և հրապարակավ էլ չէր թաքցնում իր դիրքորոշումը։ Եվ այն, ինչ չէր արել 90-ականների սկզբին, արեց 2012-ին։ Ճողոպրեց այն քաղաքական ուժից, որն իրեն դարձրել էր պատգամավոր։

Նույն տրամաբանությամբ արդեն 2013 թ. Բագրատյանը Պարույր Հայրիկյանի, էպոսագետ Վարդան Սեդրակյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու այլոց հետ նախագահի ընտրություններում ձեռնոց նետեց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ստացավ 31643 քվե ու զբաղեցրեց պատվավոր երրորդ հորիզոնականը։ 

2015 թ. արդեն, սահմանադրական փոփոխությունների ժամանակ, Բագրատյանը դա համարում է հեղաշրջման փորձ և համեմատում ԽՍՀՄ 36 թ. Ստալինյան սահմանադրության հետ։ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին արդեն Հրանտ Բագրատյանը չմիացավ նոր ձևավորված Փաշինյան-Մարուքյան-Սարգսյան «Ելք» դաշինքին և ընտրություններին մասնակցեց գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի, Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի հետ՝ չհաղթահարելով անցումային շեմը և ստանալով 14740 քվե։ 

2018 թ. արդեն ողջունելով թավշյա հեղափոխությունը՝ շատ շուտ հիասթափվեց, տեսնելով՝ իր վաստակը ու իր տաղանդը չեն լսում, իրեն հաշվի չեն առնում ու իր խորհուրդներով չեն առաջնորդվում և շատ շուտ էլ սկսեց իշխանություններին գերծայրահեղական դիրքերից քննադատել՝ հիշվելով իր «Եթե ես լինեի Ալիևի տեղը, 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա» արտահայտությամբ։ 

Ազատ ժամանակ սիրում է հաշվել եկեղեցու փողերն ու գույքը։ Թերևս այս վերջինը նրա կարևոր առաքինություններից է։

Իսկ այս փուլի գործունեության և խոսույթի առումով կարող ենք հոգոց հանել․«Մեղք էր տաղանդը»։

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am