Նիկոլ Փաշինյան. Օջախապետը

Վհատություն եկավ վրան. և որովհետև վհատությունն մեր ազգին մեջ մարդս կամ գերեզման մը տանի կամ խմբագրության ասպարեզը կը նետե, այս վերջինին մեջ ձգվելու դժբախտությունն ունեցավ:

Այսօրվա մեր հերոսը իր ողջ գիտակցական կյանքն ու քաղաքական կարիերան անցկացրել է նախկինների օրոք։ Ըստ էության և համաձայն սիլոգիզմի կանոնների էլ ձգտել է լինել անառակ քաղաքական ընտանիքի անբասիր զավակը։ Միաժամանակ գերազանցության ու վրեժի զգացումով լցված լինելով գործող քաղաքական համակարգի ու նրա բոլոր ժամանակների ղեկավարների նկատմամբ՝ սակայն կամա թե ակամա վերարտադրել և ծաղկեցրել է այդ նույն համակարգը։ 

Սովորելով ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում և խոր ու համապարփակ սեր տածելով հայոց լեզվի նկատմամբ՝ տրամաբանական էր, որ լեզուն պետք է անհերքելի ազդեցություն ունենար նրա՝ քաղաքական գործչի կերպարի վրա։ Անկասկած է, որ լեզվի քերականության օրենքները ազդած են նրա նկարագրի վրա։ Բայի նման եղանակավորվել է ժամանակների համեմատ, գոյականի պես հոլովվել է ըստ անհրաժեշտության, «տերբային» էլ համաձայն է եղել երբ «տերն» ինքն է եղել։ 

Համալսարանական տարիներից արդեն գտավ իր հոգեթով ասպարեզը՝ լրագրությունն ու խմբագրական աշխատանքը։ Ստեղնաշարի ու մկնիկի մարտիկը, թանաքի ու թղթի ասպետը արդեն այդ տարիքից հասկացել էր, որ հանրային կարծիքը զորավոր է, որ Թորիկի տերտերի նման «Հանրությունը զորավոր է» և որ դրա համար պետք է թերթ հրատարակել ու խոսքի ուժով հարթել քաղաքական ուղին ու կեցության կարիքները։ 

Լրագրության այդ տարիների ծանր ոսկորներն ու ավանդապահները ասում են, որ այդ ժամանակ մեր բարեկամը ակտիվ շփման ու փոխադարձ ծառայության մատուցման պայմանագրային հարաբերությունների մեջ էր Աշոտ Մանուչարյանի, Վանո Սիրադեղյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Ընդհանրապես ասած, անկախության շրջանում մի առանձին ենթամշակույթ էր ազատ մամուլի զարգացումը՝ թերթերում պատերազմող ձեռքեր, թերթերը կուսակցական ու ընդդիմադիր պայքարի թատերաբեմ, հանրային խոսքը որպես հանրային բռնության զսպման միջոց։ 

Եվ այդ ամենի գլխում խմբագիր հարյուրապետները, տասնապետներն ու շարքային մարտիկ լրագրողները։ Խոսքի մարտիկների ու հրամանատարների ուժը միշտ էլ մեծ է եղել մեր նորանկախ պատմության մեջ, և դրա շնորհիվ է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ սերել են հենց հանրային խոսքի խորխորատներից։ 

Եվ ուրեմն, սիրելով ու հպարտանալով իր ժողովրդով, մեր հերոսը ակտիվ պայքար է սկսում բուհական կլիենտիզմի, ԽԾԲ-ի ու սոցիալական անարդարության դեմ, և, ինչպես որ սպասելի էր՝ հեռացվում համալսարանից։ 

Ուսանելուն զուգահեռ սկսել էր իր լրագրողական ու խմբագրական կարիերան։ Անհրաժեշտ փորձառություն հավաքելուց հետո էլ Հայաստանի նորագույն պատմության ամենավճռորոշ՝ 1998-99 թթ. գլխավորում «Օրագիր» օրաթերթն ու հետագայում՝ 1999-ին, ստեղծում «Հայկական ժամանակը»։ Այո՛, մեր այսօրվա հերոսն է Նիկոլ Փաշինյանը։

Ներիշխանական պայքարի ու պալատական հեղաշրջման արդյունքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, և նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։ 

Փաշինյանն էլ այդ ընտրություններում ո՛չ Կարեն Դեմիրճյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի կողմից էր։ 1998 թ. նախագահական ընտրությունների մասնակիցներից էր նաև «Նոր ուղի» կուսակցության ղեկավար, ՀՀ ԿԳ առաջին փոխնախարար և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որի շտաբի պետն էր երիտասարդ ու խոստումնալից խմբագիրը։

Բլեյանը, հիշեցնենք, վիճարկում է Քոչարյանի նախագահական թեկնածուի գրանցման օրինականությունը, սակայն ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ Գերագույն դատարանը Քոչարյանի կողմից էր։ Այդ քաղաքական բարեկամությունը հետագայում կվերաճի ընտանեկանի, Բլեյանը կդառնա Փաշինյանի երեխաների քավորը, ու ավագն որդուն էլ՝ Աշոտին, Փաշինյանը կանվանակոչի Բլեյանի անունով։ 

Այդ ընթացքում Փաշինյանը նաև ակտիվ կապ էր պահպանում Հայաստանից քաղաքականապես արտաքսված և վտարանդիության մեջ գտնվող, ՀՀ նախկին ներքին գործերի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ ու Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի կարկառուն առաջնորդներից Վանո Սիրադեղյանի հետ։ 

Այդ ընթացքում էր, որ մերթընդմերթ «Հայկական Ժամանակում» տպագրվում էին Վանո Սիրադեղյանի հարցազրույցներն ու «Ավետիս Հարությունյան» կեղծանունով հոդվածները։ 

Հոդվածներ, որոնցով Վանո Սիրադեղյանը հետահայաց քննում ու մերկացնում էր իրենց իշխանության ու այդ ժամանակվա իշխանությունների անատոմիան։ Իսկ Փաշինյանը լուռ ու հանդարտ շարունակում էր բռնել էր քաղաքական գործչի հասունության ճանապարհը և ինքնակրթության ու քաղաքական խարդավանքների անհրաժեշտ պաշար էր հավաքում՝ հետագայում օգտագործելու հստակ նպատակադրմամբ։ 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական թատերաբեմ առաջին անգամ մուտք գործեց 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նա ղեկավարում էր «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմփիչմենթ» դաշինքը։ 

Սակայն դա այն «Իմփիչմենթը» չէր, երբ պատգամավոր Հակոբ Հակոբյանը խորհրդարանի բեմից սեռական ակտ էր խոստանում պատգամավորների կանանց հետ և հայհոյանքների դասագրքային օրինակներ էր տեղում Ալրաղացի Լյովի, Գալուստ Սահակյանի, Արմեն Խաչատրյանի ու այլոց հասցեին։ 

Փաշինյանական «Իմփիչմենթ» դաշինքի նպատակը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանական բուրգի վերարտադրության կասեցումն էր իր հայտնի կարգախոսով՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը»։ Արդյունքում՝ «Իմփիչմենթ» դաշինքը ստացավ 17.475 ձայն կամ ձայների 1.28%-ը՝ չհաղթահարելով անցողիկ 7 տոկոսի շեմը։ 

2008-ին արդեն Նիկոլ Փաշինյանը «Հիմա» նախաձեռնության կազմում միացավ 10-ամյա դադարից հետո քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին՝ դառնալով նախընտրական շտաբի անդամ, ստանձնելով նրա հանրահավաքային պայքարի ժողովրդական տրիբունի դերը և նորովի պայքար սկսելով Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական համակարգի վերարտադրման դեմ։ 

Հիշեցնենք, «Հիմա» շարժան նրա թիմակիցներից էին՝ Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Սմբատ Գոգյանը և այլք: 

Արդյունքը հայտնի է բոլորին. կեղծված ընտրություններ, մարտի 1, ընդհատակ, հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, այդ թվում և՝ Փաշինյանը։ 2009-ի հուլիսի 1-ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։ 

2010 թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ 

Առաջ ընկնելով ասենք, որ այդ նույն Մնացական Մարտիրոսյանը արդեն Փաշինյանի օրոք կդատի Մանվել Գրիգորյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հեղափոխական վարչապետի ամպլուայում դատաիրավական բարեփոխումները կհամեմատի խորոված անելու հետ։ 

Ինչևէ, հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թ. մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։

2012 թ. արդեն Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ համամասնական ցուցակով ընտրվում է ԱԺ պատգամավոր և Լևոն Տեր-Պետրոսյանի մանդատի հրաժարման արդյունքում դառնում է պատգամավոր։ 

Դառնում և, նույն Տեր-Պետրոսյանի խոսքով, հաջորդն իսկ օրը խզում կապերը ՀԱԿ դաշինքի ու խմբակցության հետ։ Բաժաման ֆորմալ առիթը թե՛ Փաշինյանի և թե՛ ՀԱԿ դաշինքի մեկ այլ անդամ Հրանտ Բագրատյանի՝ ՀԱԿ կուսակցություն դառնալու նպատակն էր։ 

Հողի վրա վիճակն այլ էր, Փաշինյանը ողջ կարիերայի ընթացքում մենակ խաղացող էր ու ՀԱԿ ֆորմատն էլ ընտրել էր քաղաքական առաջխաղացման ու պատգամավոր դառնալու համար, իսկ դրանից հետո էլ ՀԱԿ-ի հովանին իրեն պետք չէր։ 2013-ին հիմադրեց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, և ակնհայտ էր, որ ժամանակն է սեփական կուսակցություն ունենալու։ 

2015 թ., երբ Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանից Բիձինա Իվանիշվիլի էր ուզում ստանալ և քառյակ դաշինք էր նախաձեռնել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Դաշնակցության հետ ընդդեմ Սերժ Սարգսյանի և հովանավորությամբ Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել վերջիններիս Ծառուկյանի աստվածացման ու համագործակցության համար։ 

Այն նույն Ծառուկյանի, որին ապագայում կանվանի խոշոր սեփականատեր, կմոռանա «դոդացման» վտանգներն ու կոալիցիա կկազմի վերջինիս հետ։ «Quod licet Iovi (Jovi), non licet bovi,»՝ այն ինչ կարելի է Յուպիտերին, կարելի չէ նրա ցլին։ 

Փաստորեն, ինչը կարելի է Փաշինյանին իշխանություն եղած ժամանակ, կարելի չէր Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր շրջանում։ Հարկավ, կասեք՝ երկակի ստանդարտներ, մենք դա կկոչենք ի տեղի ու ի պայմանի նպատակահարմարություն, կոնյունկտուրա կամ, թե կուզեք՝ կան հավերժ շահեր, առանց հավերժ բարեկամների ու թշնամիների կամ էլ առանց «իզմ»-երի աշխարհայացք։ 

Փաշինյանն ուրեմն, ֆորմալ լինելով ՀԱԿ ֆրակցիայում, հիմնադրում է նախ՝ «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական կազմակերպությունը և ապա՝ կուսակցությունը։ 2015-ի սահմանադրական բարեփոխումներին արդեն Փաշինյանը իրեն հատուկ ոճով և ոչ մի «իզմ»-երի դավանաբանական մարտերում, սահմանադրական բարեփոխումների օրակարգը հայտարարեց կեղծ և չմասնակցեց դրանց դեմ պայքարին։

Հավանաբար, այդ «մեղմ ու կառուցողական» դիրքորոշման գաղափարական ճանապարհով էլ միավորվեց «երրորդ ուղու» մեկ այլ ջատագով և կրկին նորաստեղծ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքն ու անցնելով սարգսյանական խորհրդարան։ 

«Ելք» դաշինքն արդեն «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով և Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան ու Նիկոլ Փաշինյան ցուցակով մասնակցեց 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ ստանալով 121997 ձայն և 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացվելով 9 պատգամավորով։

2018 թ. ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխության օրերին, սակայն, Փաշինյանը մնաց միայնակ՝ իր գանդիական երթը սկսելով Գյումրուց, նրա դաշինքային գործընկերները չաջակցեցին նրան, ու արդյունքն էլ բոլորիս հայտնի է։ 

Սերժ Սարգսյանն ընկրկեց հեղափոխության առաջ, ճշմարիտ ուղու միակ փարոս հռչակեց Նիկոլ Փաշինյանին ու զիջեց իշխանությունը՝ լուսանցքում թողնելով թե՛ Կարեն Կարապետյանին, թե՛ Միքայել Մինասյանին և թե՛ այլ ուժերի, որոնք այդքան տարի սպասում էին իշխանության ժառանգման իրենց հերթին և արդյունքում Սարգսյան-Փաշինյան կոմբինացիայի արդյունքում տեղավորվեցին լուսանցքում։ 

Օջախային տրամաբանությունն ու կյանքն առանց «իզմ»-երի

Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ կոալիցիաների կարևորությունն ու դրանցից հրաժարվելու պատեհությունը։ Դա հասկացան նաև իր քաղաքական հակառակորդները, երբ փորձեցին ստանալ անձեռնմխելի խորհրդարան, արդյունքում գրավվեցին ժողովրդի կողմից, աշխատանքից ազատվեցին ուղիղ եթերում, իսկ Փաշինյանն էլ ձևավորեց միանձնյա խորհրդարան 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում։ 

88 անվերապահները՝ այսպես կհիշվի հեղափոխական ՀՀ պատմության թերևս ամենակարճ խորհրդարաններից մեկը, անվերապահներ, որոնք եկան՝ ժողովրդավարությունից ու թափանցիկությունից խոսելով, սակայն մինչև վերջին օրը չհայտարարեցին իրենց ցուցակամուտի մասին և միայն ԿԸՀ պահանջով սկսեցին ֆեյսբուքյան գրառումները։ 

Այս Ֆեսյբուքն էլ նոր իշխանությունների և, հատկապես, Նիկոլ Փաշինյանի սիրելի խաղալիքն էր, և ինչպես Իոսիֆ Ստալինն էր ասում՝ կարևորը՝ ձևով պետական, բովանդակությամբ՝ ֆեյսբուքյան լինի մեր իշխանության գործունեությունը։ Ֆեյսբուքյան գործունեության արդյունքում էլ Փաշինյանն ու իր թիմը դարձան պրոֆեսիոնալ քողազերծողներ։ 

Նրանք քողազերծեցին քվազիինստիտուտներն ու քվազիկառույցները, որոնք հիմնված կոռուպցիոն, ԽԾԲ և այլ ստիմուլների վրա, ուղղակի փլուզվեցին։ Փլուզվեցին, և ֆեյսբուքապետության տրամաբանությունը տարածվեց ազատ անկում որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։ 

Այո՛, հայտարարությունները՝ թե շանս է տրվում համակարգին, թե խորովածը պետք է դանդաղ անել, որ միսը չայրվի, թե վենդետաներ չեն լինելու, թե թավիշ է լինելու, դրանք բոլորը անունակ կառավարման ու հստակ ու հետևողական կողմնորոշիչների առհավատչյան էին։ 

Փաշինյանը, լինելով պրոֆեսիոնալ խմբագիր, երկիրը կառավարում էր մեկօրյա լրատվական ռեժիմով և գործողություններն էլ պայմանավորում՝ լրատվական սենսացիայի ու աննախադեպության համախտանիշից ելնելով։ 

Նախկին կիսամեռ համակարգը, որ թողել էր Սերժ Սարգսյանը, և որոնք կորցրել էին իրենց գոյության ստիմուլը, ուղղակի փլուզվեց այդ մթնոլորտում, նոր իշխանությունները այդպես էլ չկարողացան կոնսոլիդացնել իշխանությունը։ 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, մտածելով իրենց հավերժական 70-տոկոսանոց վարկանիշի մասին, ուղղակի հեռու մնացին խոստացված բարեփոխումներից ու կտրուկ լուծումներից, խուսափեցին վիրահատական միջամտություններից ու իրենց իսկ հռչական ուղիղ ժողովրդավարությունից ու լյուստրացիայից։ 

Մանավանդ ապրիլյան օրերի աստվածացումն ու հետագա ընտրությունները դարձան այն թմրանյութը, որոնք անսխալականության պատվաստումով դաջվեցին մեր հերոսի վրա։ Խուսափեցին և Նևիլ Չեմբեռլենի սկզբունքով, փախչելով պատերազմից, ընտրեցին անպատվությունը՝ ստանալով թե՛ վարկանիշի անկում, թե՛ կառավարման կոլապս։

Կադրային քաղաքականության ուղենիշ դարձավ ամենատեղ ու ամենահաս Արգիշտի Քյարամյանը, «երբ չի լինում ելք ու ճար, Արգիշտին է գալիս օգնության» սկզբունքով։ Ատամնատեխնիկները դարձան խորհրդականներ, գործազուրկները՝ պատգամավորներ, հեղափոխությունից հիշվեցին քայլերթն ու արտահագուստը։

Կրթության նախարարը տարվեց դպրոցական ուսուցիչների անգլերենի իմացության անմիջական քննություններով և պայքարով դաշնակացականների դեմ, Մակունցը այնքան կլանեց մշակույթը իր մեջ, որ նախարարությունը փակվեց, ԵՊՀ-ն դարձավ ռեկտորաորբ և ցույց տվեց, որ մայր բուհն այնպիսի երևելի իրավիճակում է, որ կարող է ընդհանրապես չկառավարվել։ 

ԱԱԾ-ն նվիրաբերվեց չեկիստ և ոճային Վանեցյանին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով այն սկզբունքը, որ ընկերներին՝ ամեն ինչ, իսկ մնացածին՝ օրենք։ Արտաքին քաղաքականությունը, պարզվում է՝ նոր կետից էր սկսվում, նոր արտաքին քաղաքականությունը կոռուպցիոն սկանդալներով հայտնի փոխնախարարներով և գրեթե անփոփոխ դեսպանական կազմով։ 

Այո՛, հնի պահպանումը իհարկե նորի սկիզբն է։ Արտաքին նոր կետի քաղաքականության, ներսում տիրող անիշխանության, ֆեյսբուքյան կառավարման ու «Քյարամյան HR Agency» համատեղման արդյունքում էլ հակառակորդը որոշեց, որ իսկական ժամանակ է հարվածելու։ 

Մանավանդ որ Փաշինյանը, 5 տարի պայքարելով Տեր-Պետրոսյանի հետ, հասկացել էր որ զիջողականությունն ու հաշտությունը էլեկտորատի մոտ չեն անցնում, և լավագույն ուտելիքը ոչմիթիզականությունն ու կամուֆլյաժե բիկինիների պաշտամունքն է։ 

Այդպիսով Փաշինյանը դարձավ ոչմիթիզականներից ավելի հայրենապաշտ, հիշեց Սևրը և պահանջատիրության հացը խլեց Դաշնակցությունից, ցիտեց Սուրբ Գիրքն ու Սաղմոսները և թշնամացավ եկեղեցու հետ, կորցրեց իր բոլոր բնական դաշնակիցներին անհետևողականության ու սիտուատիվ վարքագծի արդյունքում, դիմավորեց կորոնավիրուսը անլրջության ու կատակասիրության դիրքերից, ստացավ հասարակական անուշադրություն, հանցավոր անտարբերություն, առողջապահության համակարգի կոլապս և իդեալական ժամանակ պլանավորված պատերազմ։ 

Դե իսկ պատերազմն էլ, ցավոք, ֆիզիկայի օրենքներով է ընթանում, այլ ոչ թե ականջներով ու լայվերով։ Հանրային կոմունիկացիայի կանոնները չեն փոխի իրավիճակը, չեն փոխի իրավիճակը նաև ո՛չ հարահաս լայվերը, ո՛չ զրույցները քաղաքացու հետ, ո՛չ էլ կոչը տնից զինհագուստով ճակատ մեկնելու, մանավանդ որ ո՛չ զինհագուստ է եղել, ո՛չ էլ ճակատ էր մնացել։ Դե իսկ մնացածի մասին էլ ուղղակի լռենք։

Սիրելի հպա՛րտ ընթերցող, ըստ էության տրամաբանությունը փոխվեց, և մենք հասկացանք, որ «իզմ»-երի բացակայությունն ու կառավարականության կորուստը միայն աղետներ կբերեն, մանավանդ որ իշխանությունները հռչակում են քաղաքացու պաշտամունք՝ մոռանալով, որ այդ քաղաքացուն 20 տարի դարձրել են ձեռնասուն, սեփական ձայնը վաճառող, երկրի ապագան վաճառող, 50-60 տոկոսանոց աղքատությամբ, դպրոցավարտ անգրագետ, որն էլ կհավատա միայն Քրիստոսին, մոռանալով, որ Քրիստոս Երուսաղեմ մտավ էշով ու խաչվեց այն նույն հռոմեացիների կողմից, որոնք գրավել էին ողջ աշխարհը։ Հավանաբար մի բան գիտեր Պիղատոսը, չէ՞ որ լվացել էր ձեռքերը ամբոխի ընտրության առաջ։ 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am