«Ինձ հետաքրքիր է այն թեթևությունը, որով բարձրագույն իշխանավորները ծախսել են հարկատուների միջոցները». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, «Փաստերի ստուգման հարթակը» հետազոտություն էր արել և պարզել, թե պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը քանի անգամ է մեկնել Բադեն-Բադեն, և անգամ Ապրիլյան պատերազմը ընթացքում նա ժամանակ է գտել այնտեղ մեկնելու համար: Այստեղ իրավապահ համակարգը գործ ունի՞ անելու, թե՞ ոչ: Նա մինչև հիմա պատասխանատվության չպե՞տք է կանչված լիներ, հատկապես ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններից հետո: 

– Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններից հետո արդեն դատական գործընթաց կա, որի շրջանակներում նաև այս հարցերը կփորձեն պարզել, եթե այդ դատական գործընթացը հունի մեջ ընկնի և տեղի ունենա: Ես կարդացել եմ այդ նյութը, այդ ամբողջ համատեքստում ինձ ավելի շատ հետաքրքրում էր այն թեթևությունը, ինչ թեթևությամբ Հայաստանի բարձրագույն իշխանավորները ծախսել են հարկատուների միջոցները: Դա է ինձ ավելի շատ հետաքրքիր: 

Գուցե գնացել են իրենց հաճույքների համար, մեկը կարող էր խաղալ կազինոներում, մյուսը կարող էր որսով զբաղվել, երրորդը կարող էր սրճարաններում անցկացնել իր օրը, բայց այն թեթևությունը, որով նրանք իրենց իրավունք են վերապահել ծախսել հարկատուների միջոցները, դա շատ կարևոր է: 

Եթե նրանց աչքերի մեջ նայենք ու ասենք՝ դուք այդպիսի բան եք արել, դա հանցագործություն է, նրանք դա չեն էլ հասկանա: Նրանք չգիտեն՝ ինչ է հարկատուն, ինչ է պետությունը և ուղղակի հանգամանքների բերումով են հայտնվել պետական պաշտոններում: Նրանք միշտ մտածել են, որ հարկատուների գումարներն իրենց սեփական միջոցներն են:

– Եթե մինչև այս պահը իրավապահներն այս թեմայով չեն զբաղվել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կա ինչ-որ պայմանավորվածություն իրավապահ մարմինների և Սերժ Սարգսյանի միջև: 

– Չեմ կարող նման եզրահանգումներ անել, բայց կարող եմ մի քիչ ավելի շեղել թեման և ասել, որ մեր նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, շատ ավելի լուրջ, շատ ավելի ծանր քայլեր են արել, որոնց համար նրանք դեռ պատասխան չեն տվել: 

Օրինակ՝ նրանք խափանել են 1998 թվականին հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունն ու խաղաղությունը, որի հետևանքով մենք եկանք հանգեցինք Նիկոլ Փաշինյանին, այս պատերազմին և այս պարտությանը: Այդ թեմայով նրանց դեռ հարցեր չեն ուղղվել, բայց պետք է ուղղվեն: 

Նրանք պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ 1998-ին արեցին դա, ի՞նչ էր իրենց պետք: Իշխանություն, որը նրանց հնարավորություն կտար բադեն-բադեններ այցելե՞լ, թե՞ նրանք գաղափարական ինչ-որ նկատառումներ ունեին: Իսկ եթե գաղափարական էին իրենց նկատառումները, ինչի՞ հանգեցրեց այդ գաղափարը: 

Մի խոսքով, այսպես կոչված այդ հների վրա այնքան մեղքեր կան, այնքան հարցեր կան նրանց ուղղվելիք, որ ձեր ասած հարցը դրանցից մեկն է ուղղակի:

– Մենք տեսնում ենք, որ «Մարտի 1»-ի գործով էլ փակուղային իրավիճակ է, բայց, օրինակ, նույն հարազատները հույս ունեն, որ Քոչարյանի պատասխանատվության պահը գալու է: Մյուս կողմից՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարել է, որ գնալով համոզվում է, որ բացահայտում չենք ունենալու: 

– Ես որպես իրավապաշտպան բազմիցս առնչվել եմ մարդկանց, որոնք տուժել են ծանր կամ շատ ավելի ծանր հանցագործությունների հետևանքով, որպես կանոն, տուժածները միշտ էլ մտածում են, որ արդարությունը վերականգնվելու է, որ մեղավորները պատժվելու են: Բայց և՛ հասարակությունը, և՛ տուժողները ստիպված են լինում երկար սպասել կամ հավերժ սպասել դրան: 

Հիմա մեր այսօրվա իշխանությունների թեթև ձեռքո՞վ ասեմ, թե՞ մեր վերջին տարիների զարգացումների կամ հանգամանքների բերումով ասեմ տեղի ունեցավ մի այնպիսի գործընթաց «Մարտի 1»-ի գործով, որ գործը մտավ շատ ավելի լուրջ, շատ ավելի խոր փակուղի, քան էր Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք: 

Ես, իհարկե, հիմնական մեղքը բարդում եմ իշխանությունների վրա, որովհետև նրանք «Մարտի 1»-ի գործը վերածեցին պոպուլիզմի, քարոզչության միջոց դիտարկեցին, այլ ոչ մաքուր քրեական հանցագործություն, և հիմա գործն ավելի խոր փակուղում է, քան մինչ այդ: 

Այդ փակուղուց այսօր այն դուրս բերելը շատ բարդ է և շատ դժվար: Ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, որ հնարավոր կլինի այսօր դուրս բերել այս գործն այդ փակուղուց: Վաղը ի՛նչ իրավիճակ, ի՛նչ հանգամանքներ կլինեն՝ չեմ կարող ասել: 

– Մյուս կողմից՝ դատական համակարգի բարեփոխումներն այնքան են ուշացել, որ արդեն շատ բաներ հնարավոր չէ իրականացնել:

– Այո՛, իմ ասածը մոտավորապես նույն համատեքստում է: Ամեն ինչ շատ է ուշացել, չեն արվել այն քայլերը, որոնք պետք է արվեին: Հակառակը՝ արվել են քայլեր, որոնք չպետք է արվեին, և մենք հայտնվել ենք այս վիճակում: «Մարտի 1»-ի գործն է հայտնվել այս վիճակում, բադեն-բադեններն են հայտնվել այս վիճակում և այսպես շարունակ:

– Ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված բավականին հետաքրքիր հայտարարություններ եղան: Սրբուհի Գալյանը շուրջ 300 գործի և շատ հայտնի դեմքերի մասին էր խոսում: Հնարավո՞ր է, որ, օրինակ՝ այս հանձնաժողովի ձեռքը հասնի մինչև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

– Նախ պետք է մենք հավատանք, որ այդ հանձնաժողովները կաշխատեն: Ինձ չի հետաքրքրում կոնկրետ ֆիզիկական անձը, թե ում կհասնի նրանց ձեռքը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե կլինի՞ այդ ձեռքը, որը փնտրելու է ապօրինի հարստացածներին: Թե ովքեր կլինեն այդ անօրինական հարստացածները, արդեն երկրորդական, երրորդական խնդիր է: Կարևորը գտնել այդ անօրինական հարստությունները, մատնանշել, այնուհետև գտնել հասցեատերերին: 

Գոնե վերջին 2-3 տարիների խոսակցությունները, քայլերը ի մի բերելով կարող եմ ասել, որ իմ մեջ մեծ հույս չկա, որ նման ձեռք կլինի: Որ կլինեն բազմաթիվ հանձնաժողովներ՝ կոռուպցիայի դեմ պայքարող, ապօրինի հաստանալու դեմ պայքարող, հանձնաժողովների նախագահներ, որոնք կստանան բարձր աշխատավարձ՝ դրանում չեմ կասկածում, բայց կլինի՞ ձեռքը, արդյունքը՝ չեմ կարող ասել:

Մանե Հարությունյան

MediaLab.am