«Աղջկաս մատն էր կպել»․ ՍԴ դատավորը՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավից տեսանյութ տարածելու մասին․ Factor.am

Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած ելույթից մի հատվածով, գրում է Factor.am-ը:

Հրազդանում ելույթ ունեցող ուսուցչուհին մեղադրելով Փաշինյանի կառավարությանն ասում է.

«…Մեզ զրկել են ամեն ինչից, կորցրել ենք մեր պետական բոլոր կառույցները, մեր պետականության ոգին ենք կորցրել: Մարդի՛կ, ձեր եսից մի քիչ բարձր կանգնեք և տեսեք պետությունը, պետության շահը»:

Factor.am-ը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչու է կիսվել «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցած ուսուցչուհու մտքերով:

-Պարոն Վաղարշյան, ինչո՞ւ էիք այդ տեսանյութով կիսվել, Դուք ՍԴ անդամ եք, չպե՞տք է քաղաքական չեզոքություն պահպանեք:

-Ճիշտն ասած, հեռախոսով փոքր աղջիկս էր խաղացել, մատը կպել էր… Ես ֆեյբուքում տարին մի անգամ եմ գրառում անում, բայց ես նոր նայում էի նման բան չկար: Փոքր աղջիկս այդ հեռախոով խաղում է, երևի մատը կպել է, կիսվել է:

-Ձեր փոքր աղջիկա մատը հենց Քոչարյանի քարոզարշավի տեսանյութի՞ն կպավ:

-Դե, մատը կպել էր, գնացել էր: Ես ապաքաղաքական եմ, ինչ է, ես չեմ հասկանո՞ւմ, բռնել տարածե՞լ եմ: Ես իմ կյանքում միշտ ապաքաղաքական եմ, հատուկ բան չկա, բայց չի էլ զգացվում, թե ով է:

-Բայց տարբերանշանից զգացվում է, թե ում քարոզարշավն է:

-Այնտեղ ընդհանուր խոսք էր պետականության մասին:

-Նա պետականության մասին խոսում էր իշխանություններին քննադատելու ֆոնին:

-Դուք մտածում եք, որ ես որոշել եմ քաղաքականությա՞մբ զբաղվել։

-Ես ոչ մի բան չեմ մտածում, պարզապես Ձեզ խնդրում եմ մեկնաբանել, թե ինչո՞ւ եք այդ տեսանյութով կիսվել:

-Ես մեկնաբանեցի, որ երեխան իմ հեռախոսի մեջը… ընդ որում՝ դա իմ հեռախոսը չի, դա սմարթֆոն հեռախոս է, որն աղջկաս մոտ է․ մտել էր, ֆեյսբուքում մատը կպել էր, տարածել էր, 15 րոպե հետո հեռացվել է: