Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին. Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ

,33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն եւ բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ:

Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին:

«Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով:

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը:Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:

Խոնարհվում եմ ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: