«Հորեղբայրս նույնպես զոհվել է՝ 1993-ին, եղբորս անունն էլ դրեցինք Արթուր, Արթուրս էլ զոհվեց․․․». քույրն ասում է՝ ամեն ինչ կտար, որ եղբայրը վերադառնար

23-ամյա Լիլյա Սարգսյանը կարոտով է հիշում մինչև 2020 թիվը Ամանորյա տոները, երբ եղբայրը Ձմեռ պապի հագուստով, ինքը՝ Ձյունանուշի գյուղի երեխաներին էին այցելում և ուրախացնում։ 

«Արթուրը երեխայասեր էր, ամեն տարի Ամանորին Ձմեռ պապի շորեր էր հագնում և մեր գյուղի՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի երեխաների տուն այցելում, նույնիսկ 2015-2016 թվերին ես Ձյունանուշն էի, Արթուրս՝ Ձմեր պապ, միասին էին տներ գնում։ Շատ էինք կապված իրար հետ»,- պատմում է Լիլյան ու հուզմունքով հավելում՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից կյանքը շրջվել է։

Լիլյան եղբորը՝ 20-ամյա Արթուր Գասպարյանին կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ եղբայրը 13 օր հակառակորդի դեմ պայքար մղելիս Ջրականի թեժ մարտերի ժամանակ զոհվել է։ «Դուլդուլ սարի աջ հատվածում է զոհվել, ամեն ինչ ճշտել-իմացել եմ, որ ոչինչ մութ չմնա»,- արցունքների միջից ասում է Լիլյան։

Քույր ու եղբայր այնքան մտերիմ են եղել, որ անգամ եղբոր զոհվելու օրը Լիլյան կանխազգացել է։ Քույրը պատմում է․ «Այդ ամբողջ օրը սիրտս զգում էր, որ վատ բան է կատարվել, ամբողջ օրը մարմինս ջերմում էր, բայց ոչ ջերմություն ունեի, ոչ էլ ուզում էի հաց ուտել»։

Լիլյան ասում է, երբ մի քանի օր եղբորից լուր չի ստացել, թեժ գծին զանգելով տեղեկացել է, որ անհայտ կորածների ցուցակում է։

«Այդ նույն օրը երազիս եկավ և ասաց՝ Լիլ, մամային ու պապային լավ նայի, մինչև գամ… Ամեն տեղ դիմեցի, որ եղբորս գտնենք, որ եղբայրս իր ոտքով գա, մեզ հասնի՝ թեկուզ վիրավոր, կնստեի ամբողջ կյանքս կպահեի, միայն թե ողջ լիներ, մեզ հետ լիներ»,- ցավով ասում է քույրը։

Եղբոր զոհվելուց 5 ամիս անց՝ մարտի 23-ին ԴՆԹ փորձաքննության դրական պատասխանը ստանալով՝ Արթուրին ողջ գտնելու Գասպարյանների ընտանիքի հույսերը վերջնականապես մարեցին։

Ողբերգական լուրն իմանալուց հետո Գասպարյանների կյանքը բաժանվել է երկու մասի՝ պատերազմից առաջ և հետո։ 

«Մեր կյանքը շատ տխուր ու անիմաստ է դարձել։ Ասում էին՝ եղբայրդ չկա, զոհվել է, չէի ուզում հավատալ, մինչև հիմա չենք հավատում, որ չկա, որ զոհվել է։ Հոկտեմբերի 9-ին եղբայրս զոհվեց, նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց, ատում եմ բոլոր ամիսների 9-ը»,- ասում է ու հուզվում քույրը։ 

Լիլյան նշում է, որ եղբայրը կարող էր անգամ ծառայության չմեկնել, քանի որ առողջական խնդիր ուներ, սակայն մինչև վերջ պնդել է, որ պետք է իր հայրենիքի առաջ պարտքը կատարի։

«Բժիշկներն ասացին՝ աչքի մեջ սև կետ կա, հնարավոր է՝ խանգարի դիրքերում կամ զորավարժությունների ժամանակ, բայց բժշկական ստուգումների ժամանակ ամեն ինչ անում էր, որ քիչ ուշադրություն դարձնեին իր խնդիրներին, ասում էր, որ  տղան անպայման պիտի բանակ գնա և պարտադիր ծառայի։ Միշտ ասում էի՝ Արթուր, մի՛ գնա բանակ, մարդիկ հազար ու մի պատճառ են գտնում, որ բանակից ազատվեն, ասաց՝ Լիլ, 2 տարի ա, էնպես կանցնի, չես էլ նկատի, միշտ ասում էր՝ պիտի ծառայեմ, գամ, ոստիկան դառնամ, բայց․․․»- հիշում է եղբոր խոսքը Լիլյան։

Քույրը հուզմունքով ասում է՝ ճակատագիրը կարծես կրկնվեց, ու իրենց ընտանիքում երկրորդ դժբախտությունը եղավ պատերազմի հետևանքով․ «Հորեղբայրս նույնպես զոհվել է 1993-ին, եղբորս անունն էլ դրեցինք Արթուր, Արթուրս էլ զոհվեց․․․»։

Արթուրը սրտացավ էր, բարի, երբեք բաց չէր թողնում առիթները ու մշտապես անակնկալներ էր անում՝ պատմում է քույրը եղբոր մասին։

«Ամեն առիթի նվեր էր պատրաստում անակնկալ ձևով, ասում էր՝ գործեր ունեմ, գնում եմ քաղաք ու գամ։ Գալիս էր նվերներով ու ծաղկեփնջերով ինձ և մայրիկին անակնկալ անում»։

Քրոջ խոսքով՝ եղբայրը շատ էր սիրում երգել, հատկապես հայրենասիրական ու մորը նվիրված երգեր։ «Դպրոցում, գյուղում ու անգամ զորամասում` ամեն միջոցառման հրավիրում էին երգելու, սիրում էր երգել «Կյանքս կտամ Հայրենիքիս, Հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ» երգը։ Անգամ ծննդի տորթն էինք որպես երգչի տորթ պատրաստում։ 

Ոնց եմ կարոտել եղբորս ձայնին։ Հիմա մեր տունը առանց երգ ու երաժշտության ա մնացել»,- կսկիծով ասում է 23-ամյա քույրը:

Արթուր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am