«Նախագահի հրաժարականը շատ մտահոգիչ է, ինձ զարմացնում է հասարակության անհասկանալի, հումորային վերաբերմունքը կատարվածի նկատմամբ». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նախագահի հրաժարականի դիմումը միանշանակորեն չընդունվեց հանրության կողմից։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում Արմեն Սարգսյանի որոշումը։

– Զարմանալի է, որ այսքան ուշացավ այդ հրաժարականը։ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ամեն ինչ բավականին պարզ ներկայացրել է, կարծում եմ՝ նա անկեղծ է, երբ ասում է, որ իրեն հնարավորություն չի տրվել իր հնարավորությունները, կապերը ծառայեցնել պետության շահերին, որովհետև իշխանական շրջանակներն այդտեղ վտանգ էին տեսնում։

Նախագահի հրաժարականը շատ մտահոգիչ է, որովհետև նախ՝ նա երևի այն եզակի մարդկանցից էր, որոնք դրսում շատից-քչից հեղինակություն ունեին և երկրորդ՝ նա այն առանցքային քաղաքական ֆիգուրն էր, որ ներքաղաքական լարված ֆորսմաժորային իրավիճակներում կարող էր համեմատաբար կայուն պահել ներքաղաքական իրավիճակը:

Հիմա այդ գործոնն էլ չկա, այսինքն՝ Աստված չանի, եթե երկրում ինչ-որ ցնցումներ սկսվեն, չի լինելու այն բուֆերը, որը թույլ է տալու ներքաղաքական գործընթացները ձևավորել քաղաքակիրթ հունով, այդ բուֆերն էլ վերացավ, ինչի համար էլ կարծում եմ, որ այս հրաժարականը բավականին մտահոգիչ է։ Ի դեպ, ինձ զարմացնում է հասարակության այդ անհասկանալի, հումորային վերաբերմունքը կատարվածի նկատմամբ, մինչդեռ երկրում շատ լուրջ բան է տեղի ունեցել և շատ մտահոգիչ։

– Ասում եք՝ ուշացած էր հրաժարականի դիմումը, ե՞րբ էիք սպասում Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Որոշ շրջանակներ հիմնավոր չեն համարում Սարգսյանի հրաժարականի պատճառները՝ նշելով, որ չորս տարի պաշտոնավարելու կարիք չկար, որ նոր ակնհայտ դառնար, թե ինքը սահմանափակ լիազորություններ ունի։

– Առաջին հայացքից թվում է, թե դրանք ճիշտ փաստարկներ են: Իսկապես էլ, Սահմանադրությունը նախագահին շատ քիչ լիազորություններ է տալիս, բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ վարչապետը մեկ էլ կարող է ինչ-որ անկապ մեկին օժտել ինչ-որ լիազորությամբ։ Այսինքն՝ իրականում խնդիրը ոչ թե Սահմանադրությամբ տրված լիազորություններն են, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ինչ-որ հարցերով լիազորություններ տալ նախագահին, որովհետև ցանկության դեպքում նա կարող էր դա անել, չէ՞։

Ասենք՝ Սահմանադրության ո՞ր կետով է, որ ԱԺ փոխնախագահն իրավունք ունի գնալ Թուրքիայի հետ երկխոսելու, չկա այդպիսի լիազորություն, չէ՞, վարչապետն է նրան օժտել այդ լիազորությամբ։

Նույն կերպ, վարչապետը կարող էր Արմեն Սարգսյանի կապերը, հնարավորությունները ծառայեցնել պետության շահերին, ինչը չի արել, այսինքն՝ խնդիրը գործող իշխանությունների ցանկությունն էր, ոչ թե՝ Սահմանադրական լիազորությունները։

– Պարո՛ն Բաղդասարյան, ստացվում է, որ Արմեն Սարգսյանը նկատի ուներ, որ գործող իշխանությո՞ւնն է սահմանափակում իր լիազորությունները։

– Բնականաբար, դա բառացի չի ասում, բայց պարզ ակնարկում է․ ասում է, որ կարող էի իմ կապերը ծառայեցնել պետության շահերին, բայց իշխանությունները դա համարում են՝ որպես իրենց դեմ ուղղված քայլ։

– Տեսակետներ կան, որ առաջիկայում ի վնաս Հայաստանի Հանրապետությանը նոր գործընթացներ են տեղի ունենալու, և Արմեն Սարգսյանը, չցանկանալով դրան մասնակից դառնալ, հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից։ Համակարծի՞ք եք։

– Կարող եմ ընդամենը ենթադրություններ անել, որովհետև բավարար ինֆորմացիա չունենք: Ենթադրում եմ, որ, այո՛, Հայաստանը, իհարկե շատ լուրջ ճամփաբաժանի առաջ է կանգնած, ու առաջիկայում մի քանի առանցքային հարցեր պետք է կարգավորվեն, օրինակ՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններն ինչ ընթացքով կզարգանան, ԵԱՏՄ-ում այդ ինտեգրանցման գործընթացներն ինչ մակարդակի կհասնեն։ Ենթադրում եմ, որ խոսքը կարող է այս հարցերին վերաբերել։

– Պարո՛ն Բաղդասարյան, մամուլում արդեն շրջանառվում են նախագահի թեկնածուների անուններ, որոնցից մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունն է։ Ըստ ձեզ՝ մեծամասնությունն ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի այդ պաշտոնի համար։

– Եկեք Էդմոն Մարուքյանին միանգամից բացառենք, որովհետև Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ կարողանա իր նեղ թիմից բացի որևէ մեկին վստահել, ու հետո՝ նա բավականաչափ հիշաչար է, իսկ Էդմոն Մարուքյանը ժամանակին Փաշինյանի հասցեին կոշտ արտահայտություններ է արել։

Էդմոն Մարուքյանի թեկնածությունը պետք է ընկալել հումորի ժանրից, ենթադրում եմ, որ թեկնածուն պետք է լինի ինչ-որ մի գորշ դեմք, բայց հարյուր տոկոսով հավատարիմ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա իր կադրային քաղաքականության մեջ դրանով է առաջնորդվում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am