Դավիթ Սահակյանց. Քաղաքական բայղուշը

Դավիթ Սահակյանց. Քաղաքական բայղուշը
Դավիթ Սահակյանց. Քաղաքական բայղուշը

Մտավորականների մի խումբ կա, որը ժամանակավրեպ է իշխանությանն ընդդիմադիր լինելու հարցում: Երբ պետք էր ընդդիմադիր լինել, նա իշխանության հետ էր: Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այդ մտավորականներից է: Նա այսօր իշխանության հետ չէ: Ոչ մի խնդիր: Ես էլ այս իշխանության հետ չեմ: Բայց Սերժ Սարգսյանի օրոք իշխանության հետ էր:

Օրերս Դավիթ Սահակյանցը հեռուստաընկերություններից մեկով ծաղրել է նոր ԱԺ-ն՝ այն նմանեցնելով «Մկների ժողովին»: Մուլտիպլիկատորը Հայաստանում սպասում է ցնցումներ: Մեղավորներից մեկը, ըստ նրա, ամերիկացի Ջորջ Սորոսն է «Բաց հասարակության հիմնադրամով», որը Փաշինյանին և «այդ մանկապարտեզին» բերել է իշխանության:

Մի ամբողջ ժողովուրդ է ոտքի կանգնել, Սորոսն ի՞նչ կապ ունի:

Էդ ժողովրդի համար չե՞ք նկարում ձեր ֆիլմերը, որը երեկ չէր ընդունում նախկիններին և իր ձեռքով իշխանության է բերել նորերին: Էդ ժողովուրդը երեկ սոված էր, փախչում էր երկրից, քվեարկում էր ընտրակաշառքով ու ատում էր, իսկ հիմա գազ է թանկանում, ձեր ասելով՝ Արցախը կարող ենք կորցնել ու չի ատում իշխանություններին:

Ձեզ ժամանակին իշխանություններն են սնուցել, և դուք ի հեճուկս ժողովրդի էիք այդ իշխանությունների կողքին: Դուք շարունակում էիք ֆիլմեր նկարել և մատուցել էն ժողովրդին, որը ձեզ չէր դատափետում Սերժ Սարգսյանի հանդեպ համակրանքի համար: Էդ ժողովուրդը «Ռեինկարնացիային» հանդուրժեց, որը երգեց ու նկարեց ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակը: Նշանակում է ինքն իր մեջ առողջ մի բան ունի, որ դուք պետք է լինեք ներման դաշտում:

Էն ժամանակ ոչինչ չասեց: Բայց երբ հեղափոխության հնարավորության հոտն առավ, թևերը քշտեց ու անցավ մաքրագործումներին:

Հասկանո՞ւմ եք, ժողովուրդը:

Հեղափոխությունը տեղի ունեցավ: Փոփոխության պատվերը ներքևից էր: Դո՛ւք փոխեիք իշխանությունը, էդ պատվերը բոլորին էր ուղղված: Նաև ձեզ: Միայն մեկը վերցրեց: Ի՞նչ կապ ունի էստեղ Սորոսը:

Դավիթ Սահակյանցը քննադատում է Փաշինյանին, որովհետև նրանից լավ բաներ չի սպասում: Ինքն ապոկալիպտիկ վախեր ունի գործող վարչապետի գործողություններից:

2014-ի սեպտեմբերի 3-ին Դավիթ Սահակյանցը ասում էր՝ իմ սկզբունքն է պաշտպանել գործող նախագահին: Նախագահը Սերժ Սարգսյանն էր, որի կառավարությունը հենց այդ օրը որոշում էր կայացրել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին» տրամադրել 123 միլիոն 600 հազար դրամ:

Մեկ տարի առաջ Դավիթը Սերժ Սարգսյանին պաշտպանել էր նախագահի ընտրություններում: Ո՞ւր կորավ էդ սկզբունքը՝ պաշտպանել գործող առաջնորդին:

Եկեք հասկանանք՝ խոսքն այս դեպքում տղամարդկային հավատարմության մասի՞ն է հանդեպ մի մարդու, որն ամեն տարի «Լույս» հիմնադրամի միջոցով 20 միլիոն դրամ է հատկացրել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին», որպեսզի ավարտեն «Անահիտը» և սկսեն Վարազդատ թագավորի մասին պատմող «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Ձեր գործին հաջողություն, բայց ժողովուրդը ձեզ տվե՞լ էր նման պատվեր՝ նկարել մուլտֆիլմ: Ո՛չ: Բայց դուք գիտեիք, որ դա պետք է: Դուք գիտեիք, որ իսկական արվեստագետն ինքն է ձևակերպում էդ պատվերը: Ու նկարվեց «Անահիտը»:

Դուք, անկասկած, վստահ եք, որ ձեր աշխատանքը հեղափոխություն էր հայկական անիմացիայի պատմության մեջ:

Գուցե:

Ես դիտել եմ այդ մուլտֆիլմը: Բայց ժողովուրդն ունի իր հեղափոխությունը, ինքն ունի իր իրացման դաշտը, որտեղ ոչ ոք մեկ լումայի ներդրում չի արել: Սորոսը ժողովրդին փող չի բաժանել: Էդ ժողովուրդը պարզապես ոտքի կանգնեց:

Սխալվե՞լ է: Ոչինչ:

Ինքն արդեն գիտի պատվեր ձևակերպել և իրացնել:

Կա՛մ միացեք էդ պատվերին ձեր անիմացիոն գեղեցիկ աշխատանքներով, կա՛մ մի՛ միացեք: Դուք ունեք ձեր քաղաքացիական տեսակետը և փառք Աստծո, բայց ես վախենում եմ, երբ այդ տեսակետում կա այսպիսի միտք՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:

Սիրելի՛ Դավիթ, աշխարհում հաստատ կա մի հոգի, որը գիտի, որ էդ մարդը քաղբանտարկյալ չէ, և դա Ռոբերտ Քոչարյանն է:

Իսկական արվեստագետի առաջ Ռոբերտ Քոչարյանը բաց գիրք էր դեռևս 1998-ի փետրվարին, երբ նա առաջին անգամ դարձավ նախագահ, և այդ գրքում միայն արվեստագետը կարող էր կարդալ 10 տարի հետո տեղի ունեցող մարտի 1-ն իր բոլոր մանրամասներով ու նաև մարտի 1-ին կարող էր կարդալ այս օրը: Երբ արվեստագետն այս օրերը չի կարդում, ծնվում են բայղուշները, որոնք խոսում են ապոկալիպսիսից:

Մհեր Արշակյան

MediaLab.am