«Կառավարության շենքը ջարդ ու փշուր արած անձանց թվում է եղել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը»․ Լենա Նազարյան

Արցախի մասին հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտած ու կառավարության  շենքը ջարդ ու փշուր արած անձանց թվում է եղել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ մի խումբ անձանց շարքում էր նաև ԲՀԿ պատգամավորներից մեկը։ Ասեմ անունը՝ Դավիթ Մանուկյան։ Եվ կառավարությունում ջարդ ու փշուր անելու պայմաններում հնարավոր չէ պահանջել հրաժարական»,- ասաց Լենա Նազարյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ ԱԺ փոխնախագահն ակնհայտ ստահոդ տեղեկություն է տարածում։ «Այդ բախումների օրը ձեր խմբակցությունից որևէ մեկը ներկա չի եղել ու չի փորձել հանդարտեցնել այն մարդկանց, ովքեր գտնվել են թե կառավարությունում, թե ԱԺ-ում»,- հայտարարեց Տոնոյանը։