«Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու և ունեզրկելու գործով հինգ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2020թ. հուլիսի 22-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող հինգ անձանցից մեկը՝ Վահան Հարությունյանը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները դատարանը բավարարել էր, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել:

Վերջինս, ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, Ռուբեն Հայրապետյանին և հետախուզվող մյուս երեք անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։