Ցուցարարի բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանեց Վարչական դատարանի վճիռը

Ցուցարարի բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանեց Վարչական դատարանի վճիռը
Ցուցարարի բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանեց Վարչական դատարանի վճիռը

Երեկ՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ցուցարար Նաիրա Բադալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:

Ցուցարարն ու նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2018թ. մայիսի 20-ի վճռի դեմ, որով դատարանը մերժել էր և՛ Ն. Բադալյանին պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը, և՛ ցուցարարի հակընդդեմ հայցը՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, չներկայանալու, ֆիզիկական ուժ գործադրելու ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, որոնք հանգեցրել են իր` հավաքների ազատության, կարծիքի ազատ արտահայտման, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը:

Վերաքննիչ վարչական դատարանը երեկ վճիռը մասնակի բեկանեց և ոչ իրավաչափ ճանաչեց կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության Ն․ Բադալյանի իրավունքների խախտմանը հանգեցրած` ՀՀ ոստիկանության ծառայողների 2016 թ․ մարտի 24-ի գործողությունները:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: