«Քաղաքում, տանը, հայաթում՝ ամեն բան իրեն է հիշեցնում»․ Կարինեն ամուսնու մասին միայն լավն է պատմում, ասում՝ թերություն չուներ

45-ամյա Կարինե Ուդումյանը ապրում է անցյալի հիշողություններով ու կարոտով։ Տանը, բակում, քաղաքում՝ ամեն ինչ ամուսնուն է հիշեցնում։ Կարինե Ուդումյանի ամուսինը՝ Արմեն Գրիգորյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Թաղավարդում։

Կինը մինչ օրս չի կարողանում հաղթահարել ցավը, ամուսնու մասին խոսելիս աչքերից արտասուքը հոսում է, յուրաքանչյուր բառ արտասանում է դժվարությամբ ու կսկիծով:

«Քաղաք, որ գնում եմ, ամեն բանը հիշում եմ, տանը, հայաթում՝ ամեն ինչ իրեն է հիշեցնում, առաջ ես չէի պատկերացնում, որ այս տանը կապրեի, որովհետև ամեն մի բանը իրեն է հիշեցնում։ Երեխու մոտ լացում եմ, ասում ա՝ ես քեզ չեմ ասել, որ չլացես»,- պատմում է Կարինեն։ 

Կարինեն ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել նոյեմբերի 6-ին, հաջորդ օրը տեղի է ունեցել դեպքը, որից հետո՝ 10 օր անց, ընտանիքը տեղեկացել է, որ մարմինը Մեծամորի դիահերձարանում է: 

«Միշտ երեխու հետ էր խոսում, ասեց՝ սաղ լավ ա լինելու: Ամսի 6-ից հետո ինքը չկար, չէր զանգում, մենք իրան ման էինք գալիս, չէինք գտնում։ Նոյեմբերի 17-ին գտել ենք, զանգել ասել են, որ Մեծամորի մորգում ա… Չէինք պատկերացնում, որ նման բան կլինի, բայց որ չէր զանգել, արդեն հասկացել էինք»,- հուզմունքի պատճառով խոսքը չի ավարտում կինը։

Կարինեն ամուսնու մասին միայն լավն է պատմում, ընդգծում՝ ոչ մի թերություն չուներ․ «Շատ լավ հայր էր, շատ լավ ամուսին»։

Իր խոսքով՝ ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է ապրում․ «Շատ դժվար դիմացանք էդ ցավին, մինչև հիմա եսիմ ոնց եմ ապրում։ Հիշողություններով եմ ամբողջ օրը»։

Կարինեին այսօր ուժ է տալիս 8-ամյա տղան, որդու համար է ապրում, նպատակները միայն նրա հետ են կապված:

«Որ երեխան կա, հանուն երեխու ապրում եմ։ Ապրում եմ, որ մեծացնեմ։ Չգիտենք՝ ոնց կլինի, ինչ կլինի»,- ասում է կինը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am