«Ադրբեջանը ձախողել է իր ծրագիրը». քննարկում

«Ադրբեջանը ձախողել է իր ծրագիրը». քննարկում
«Ադրբեջանը ձախողել է իր ծրագիրը». քննարկում

«Այն ծրագիրը, որը մշակել էր Ադրբեջանը, ձախողվեց»,- «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված «Ղարաբաղյան ճակատում մարտական գործողությունների վերսկսման պատճառներն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ըստ նրա` Ադրբեջանի սանձազերծած այս  լայնածավալ սադրանքը  անսպասելի էր մեր բնակչության համար, սակայն ոչ մեր զինված ուժերի:

«Համենայն դեպս  մեր բանակի պատասխան գործողությունները ցույց տվեցին, որ մեր զինված ուժերը պատրաստ էին»,- նշեց նախարարը:
Վերլուծելով Ադրբեջանի կողմից անցած երեք օրերին  օգտագործած զինուժի  քանակը` բանախոսը կարծիք հայտնեց, որ  հակառակորդն իր առջեւ  պատերազմ սկսելու խնդիր չէր դրել:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակը եղել է  հետևյալը՝ փոխել շփման գիծը ի օգուտ իրեն: Ադրբեջանը գիտակցում է, որ այսօրվա իր ունեցած ռազմաքաղաքական ներուժը թույլ չի տալիս պատերազմ սկսել ու հասնել իր նպատակին, այդ պատճառով էլ չի գնում ռազմական լայնածավալ գործողությունների: Մյուս կողմից էլ` բանակցային ճանապարհով  խնդրի կարգավորմանը նա նույնպես պատրաստ չէ: Հնչեցրած առաջարկություններին հայկական ու ղարաբաղյան կողմը հիմնականում համաձայնել են, սակայն  ադրբեջանական կողմը  մշտապես չի համաձայնվել: ՀՀ երեք նախագահներն էլ պատրաստ են եղել վերադարձնել որևէ մի տարածք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չլինելով` գնում է նման սադրանքի:  Ադրբեջանն այս քայլերով նաեւ փորձոմ է իր բնակչությանը ցույց տալ, որ իր կատարած ծախսերն իզուր չեն եղել,  նաեւ` բարձրացնել իր զինվորների մարտունակությունը:  Բայց գիտակցելով հանդերձ, որ ռազմաքաղաքական բալանսն իր օգտին չէ` Ադրբեջանն իր այս  քայլերով  փորձում է շանտաժի ենթարկել բոլորին, փորձում է ճնշել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հանձնեն իրենց։ Եվ ահա մեր բանակի գրագետ գործողությունների շնորհիվ հաջողվեց ձախողել Ադրբեջանի այս բոլոր  պլանները»,- եզրափակեց Հարությունյանը։

«Մեդիա կենտրոնի» դիտարկմանը, թե մարտական գործողություններն, այդուհանդերձ շարունակվում են, եւ արդյոք դեռ վա՞ղ չէ արձանագրելը, որ Ադրբեջանը ձախողվել է` ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը ասաց. «Ոչ, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ձախողվել է»:

Անդրադառնալով  միջազգային արձագանքին՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսի համանախագահ երեք երկրների ղեկավարների կողմից, Հարությունյանը նշեց. «Ես համաձայն չեմ, երբ ասում են, թե պետք է եռանախագահների կողմից հասցեական արձագանք լինի: Այդտեղ դիվանագիտական խնդիր կա` հստակ  մեկ կողմին ասել, բայց երբ որ ասվում է, որ պատերազմը պետք է կանգնեցնել, ակնհայտ չէ՞, որ դա ուղղված է Ադրբեջանին»:

Քննարկման մյուս մասնակից «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանընկատեց, որ ի տարբերություն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի` որը հասցեական կոչեր չարեց, Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան հանդես եկավ առավել քան հասցեական կոչով` հայտարարելով, որ մինչեւ վերջ աջակցելու է Ադրբեջանին:
 
«Եթե բերվում է փաստարկը, որ Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է, ապա Թուրքիան եւս Մինսկի խմբի անդամ է, սակայն դա նրան չի խանգարում: Լավ, եթե որպես եռանախագահ երկրներից մեկը Ռուսաստանը կողմերին է կոչ անում, ապա ոչինչ չի խանգարում, որ Ռուսաստանում գործող այլ կառույցներ հանդես գան առավել հստակ եւ հասցեական հայտարարություններով: Բա էլ դաշնակիցն ինչպես է լինում»,-ասաց Պապյանը:
 
Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները չկարողացան օգուտ քաղել իրենց հաշվարկներից։ Պապյանը կարեւորեց, որ կատարվածից հետո Ադրբեջանը խստորեն  պատժվի. «Որեւէ գրավված  դիրքի մնալը Ադրբեջանի ձեռքում ադրբեջանական կողմը մեկնաբանելու է որպես հաղթանակ, ուստի պետք է շփման գծում վիճակը բերվի առնվազն նախկին տեսքին, թեեւ դա էլ քիչ է: Ադրբեջանի ղեկավարությունը եւ հասարակությունը պետք է իմանա, որ ինքը կրելու է մարդկային, նյութական, եւ գուցե տարածքային կորուստներ` ամեն մի նման ոտնձգությունից հետո»։
 
Ինչ վերաբերում է սպասվելիք արդյունքներին, ապա Պապյանը կարծում է, որ որոշակի հստակեցում կլինի ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի՝ Բաքու կատարելիք այցից հետո ։
 
Քննարկման ընթացքում բանախոսն  անդրադարձավ նաեւ ՌԴ-ի կողմից խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Չբացառելով նման հնարավորությունը` նա այդուհանդերձ նկատեց, որ դա շատ լուրջ խնդիր է, քանի որ նման դեպքերում պետք է հաշվի առնել Իրանի եւ ԱՄՆ-ի գործոնը։
 
Իսկ ահա Վաղարշակ Հարությունյանը բացառեց ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորությունը` հարցադրում անելով. «Իսկ արդո՞ք Թուրքիան կհամաձայնվի Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը: Բնականաբար` ոչ: Այնպես որ, դա ուղղակի բացառվում է»:
 
Արձագանքելով մամուլում առկա տեղեկատվությանը, որ ադրբեջանական զինուժը կիրառել է «Սմերչ» հրթիռային համակարգ` Հարությունյանը նշեց. «Նման բան չի կարող լինել, որովհետեւ եթե «Սմերչ» կիրառվեր, մարդկային կորուստները շատ ավելի մեծ կլինեին»:
 
Քննարկմանը տեսազանգի միջոցով միացած ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նախ նշեց, որ մարտական ոգին բարձր է թե′ ՊԲ զինծառայողների, թե′ կամավորների շրջանում: Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը անհամեմատ մեծ կորուստներ է կրում և նշեց.
«Ադրբեջանը նաեւ տարածքային կորուստներ պետք է ունենա, որպեսզի չկարողանա ոտնձգություններ կատարել Հայաստանի նկատմամբ»։
 
Միջազգային հանրության արձագանքները պարոն Մայիլյանն աննախադեպ համարեց, բայց ցավ հայտնեց, որ դրանք կրկին անհասցե էին, ինչը թույլ կտա Ադրբեջանին շարունակել իր հանցավոր կեցվածքը: Նա նաեւ բացառեց, որ այս ամենի արդյունքում կարող է փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, ինչի հետ համակարծիք էին քննարկման մյուս մասնակիցները:
 
Անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ կարող է այս իրավիճակը շարունակվել` Հարությունյանը ասաց. «Ես  մարտական գործողությունների ընդլայնումը բացառում եմ եւ համարում եմ, որ այս ամենը կարող է տեւել առավելագույնը մեկ շաբաթ: Կարծում եմ, արդեն մի քանի օրից մենք կունենանք հստակ արդյունքներ` տարածքային  առումով»,- եզրափակեց ՀՀ նախկին պաշտպանության նախարարը:  

http://www.youtube.com/watch?v=aaBpMVigUA4