Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Հաջողությամբ իրականացվել է առաջին ուղիղ սեզոնային չարտերային չվերթը Բուլղարիայի Բուրգաս քաղաքից դեպի Երևան։ Այդ մասին հայտնել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանության հաղորդմամբ՝ Bulgaria Air ավիաընկերության իրականացրած առաջին չվերթը հուլիսի 7-ի առավոտյան մեկնել է Բուրգասից և բարեհաջող վայրէջք կատարել Երևանում՝ ազդարարելով երկու քաղաքների միջև ուղիղ սեզոնային ավիահաղորդակցության մեկնարկը։

Չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, մինչև օգոստոսի վերջ։

Դեսպանությունում նշում են, որ նոր երթուղին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մշակութային փոխանակմանը և Հայաստանի ու Բուլղարիայի միջև համագործակցության ընդլայնմանը։