«Կճուճի» ռեստորանատեր Վարդան Թաիլանդում նոր բիզնես է սկսել. «Հասկացանք, որ մնալու ենք այստեղ, մտածեցինք զրոյից նոր բան սկսել»

Չորս ամիս առաջ հանգստի նպատակով Թաիլանդ՝ Կոհ Սամուի կղզի մեկնելիս Հայաստանում հաջողակ և հայտնի ռեստորանատեր Վարդա Ավետիսյանը չէր էլ պատկերացնում, թե ինչ օրեր են իրեն սպասելու տնից հազարավոր կիլոմետրեր հեռու։

«Քանի որ բոլոր պլաններն ու ծրագրերը կյանքը քմծիծաղով հօդս ցնդեցրեց, ու մենք մնացինք փակված հեքիաթային կղզում` մի խումբ զբոսաշրջիկների հետ միասին ու արդեն ձանձրանում էինք անգործությունից և սպառել էինք մեր վերջին խնայողությունները, սկսեցինք անել այն, ինչ կարողանում ենք անել ամենալավը՝ եփել-թափել ամենագեղեցիկ ու նոր ձևով»,- ասում է «Կճուճ», «Թավա» և «Լոշ» ռեստորանների ցանցի հիմնադիր Վարդա Ավետիսյանը, ով 2 ամսով էր գնացել Թաիլանդ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված փակ սահմանների պատճառով արդեն չորրորդ ամիսն է, որ այնտեղ է։ 

Վարդա Ավետիսյանն ընկճվելու և խուճապի մատնվելու փոխարեն տեղում սննդի բիզնես է սկսում։ «Հասկացանք, որ մնալու ենք այստեղ դեռ մեկ ամիս ու գուցե երկար, և քանի որ մեր ունեցած ամբողջ գումարն վերջանում էր, և առաջացել էր գոյատևման լուրջ խնդիր, մտածեցինք զրոյից նոր բան սկսել»,- նշում է նա։

Վարդա Ավետիսյանը վստահ է, որ միշտ կարելի է զրոյից սկսել և գործունեություն ծավալել, եթե կան մեծ ցանկություն և անհրաժեշտություն. «Ես բազմիցս իմ սեմինարներին «մեծ-մեծ» խոսել եմ, ասել եմ՝ միշտ կարելի է զրոյից սկսել՝ առանց ոչ մի բանի, եթե կա շատ մեծ ցանկություն, պահանջ, եթե կա անհրաժեշտություն։ Ու էդպես էլ եղավ, մենք հասկացանք, որ կարող ենք ինչ-որ բան անել»։

Այնուհետև նրանք հյուրանոցից տեղափոխվել են տուն, որտեղ արդեն կար խոհանոց ու սկսել փոքր գովազդներով աշխատել` ուտելիքներ պատրաստել ու վաճառել։

Gepostet von Varda Avetisyan am Montag, 4. Mai 2020

«Մեկ ամիս է՝ դրանով ենք ապրում ու դրանով էլ վճարել ենք դեռ մի ամսից էլ ավելի էստեղ ապրելու գումարը»,- ասում է Ավետիսյանը։

Նա նշում է, որ կղզում մթերքները շատ տարբեր են և շատ համեղ, տեղական մթերքից օգտվելիս պատրաստում է բուսական սնունդ․ «Ինչ եկել էի էստեղ, ես ուղղակի ուզում էի ստեղծագործել տեղական մթերքներով․ մրգերի, բանջարեղենների և կանաչեղենի պաշարն անսպառ է և գունավոր։ Հիմա վեգան եմ պատրաստում, բայց այնպես եմ պատրաստում, որ ցանկացած մսակեր այդ ուտելիքները ուտելիս ոչ մի անգամ մսի կարիք չի զգում»։

Ասում է, որ սնունդը հաճախորդներին հասցնում են միայն առաքման եղանակով, հիմնականում սպասարկում են մոտակայքում գտնվող մարդկանց։  Նրա խոսքով՝ հաճախորդները հիմնականում ռուսներ են։ Տեղացիներին չեն սպասարկում, քանի որ նրանք իրենց տեղական ուտելիքն են ուտում։

«Մենք սպասարկում են այն զբոսաշրջիկներին, որոնք մեզ նման փակված են մնացել կղզում ու լավ սննդի կարիք ունեն։ Երեկոյան 10-ից մինչև առավոտյան 4-ը պարետային ժամ է, բայց ոչ պարետային ժամին կարողանում ենք ներս ու դուրս անել, ռեստորանները բոլորը փակ են, աշխատում են միայն առաքմամբ, դրա համար շատ լավ տարբերակ էր մեզ համար, սկսեցինք առաքումով մարդկանց կերակրել։ Մեքենայով ենք անում առաքումները, կոնկրետ ինչ-որ տեղ պայմանավորվում ենք մի խումբ մարդկանց հետ ու իրականացնում»,- «Մեդիալաբին» ասում  է Վարդա Ավետիսյանը։

Պատմում է, որ հաճախորդները միանգամից սիրել են ուտեստները և դրական արձագանքել։ «Ամենասիրված ուտեստներից հայկական տոլման է կամ ռուսական գալուբցին, կամ ռումինական սարմալեն, գալուբցի ենք ասում, շատ համեղ է, կաղամբով տոլման է՝ վեգան տոլման։ Սիրված է նաև լազանիան՝ բուսական ձևով պատրաստված, ինչպես նաև բուրգերները, որովհետև և՛ հացն ենք մենք սարքում, և՛ կոտլետները»,- նշում է նա։

Վարդան ասում է, որ դեռևս անցած տարվանից միշտ միտք է ունեցել այնպես անել, որ ձմռանը Հայաստանում գործունեություն չծավալեն, քանի որ դժվար և պասիվ շրջան է։ Նշում է, որ կղզի գնալիս կատակով ասում էր, որ կարող են տարվա կեսը գործունեություն ծավալել Հայաստանում՝ Դիլիջանում, իսկ մյուս կեսը` ինչ-որ գողտրիկ կղզում։

«Այնպես ստացվեց, որ 4 ամիս այստեղ ապրելը մեզ ավելի մոտեցրեց մեր երազանքին։ Շատ լուրջ մտածում ենք, որ հետ գանք Հայաստան, դրանից հետո լուրջ կմտածենք նաև կղզում գործունեություն ծավալելու մասին»,- նույնիսկ դժվար իրավիճակում դրական երանգներ է գտնում Վարդա Ավետիսյանը։

Նա նշում է, որ սպասում են սահմանների բացմանը և Հայաստան վերադարձին, իր տեղեկություններով՝ մայիսի 15-ից օդանավակայանը բացվելու է։

Չնայած կորոնավիրուսի պատճառով կղզում փակված լինելն անսովոր իրավիճակ է ստեղծել, սակայն Վարդան շնորհակալ է կյանքից այս հնարավորության համար․ «Մենք բավականին ապահով տեղում ենք գտնվում ու շատ հավես։ Շատ շնորհակալ ենք կյանքից, որ մեզ այսպիսի բախտ է վիճակվել, արդեն չորրորդ ամիսն է և՛  հանգստանում ենք, և՛  այլ վայրում աշխատելու նոր փորձ ենք ձեռք բերում»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am