Պետք էր կտրուկ քայլեր ձեռնարկել՝ հասկանալու՝ ո՞վ է ստեղծում ձվի դեֆիցիտը՝ խոշոր տնտեսվարո՞ղը, թե՞ երկրորդական խաղացողները. Պիպոյան

Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթը շարունակվում է. առևտրային կետերում ձուն սկսել են սահմանափակ քանակությամբ վաճառել, բայց գինը սովորականից բարձր է մի քանի անգամ: Երեկ, օրինակ՝ սուպերմարկետներից մեկում մեկ հատ ձուն արժեր 207 դրամ: Այսօր կառավարության նիստից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը չի կարող ազդել տնտեսվարողների վրա՝ գնաճը զսպելու համար:

«Ես չեմ կարող զանգահարել տնտեսվարողին և ասեմ՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթն է՝ եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել»,- ասել էր ՏՄՊՊՀ նախագահը: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ձվի շուկայում ստեղծված տարօրինակ իրավիճակը բնական է համարում, քանի որ պետության կողմից ժամանակին համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել:

Հայաստանում ձվի շուկան, ըստ սպառողների իրավունքների պաշտպանի, չի ձևավորվել տնտեսագիտության ոսկե կանոնով՝ պահանջարկը ձևավորում է առաջարկ, և պարբերաբար որոշ միջամտություններ են իրականացվել, որոնք կարգավորել են շուկան:

Նա հիշում է՝ 2010-ական թվականներին, երբ տոհմային թռչնաբուծական տնտեսությունները վերացան, ձուն ներմուծվում էր, քանի որ ներքին պահանջարկը չէր բավարարվում: Այդուհանդերձ, որոշ ժամանակ հետո, ըստ Պիպոյանի, տոհմային տնտեսությունների վերականգնումը չվերացրեց հատուկ ժամանակահատվածներում՝ Ամանորից, Զատկից առաջ, ձվի շուկայում խուճապային տրամադրությունները: 

«Հետո պետությունը տնտեսվարող սուբյեկտների հետ ներքին պայմանավորվածության եկավ՝ միմյանց միջև բաշխելով իրացման ծավալը, և շուկան այս օրերի նման խնդիրներ չէր ունենում: 2018-ին մենք արդեն հասել էինք այնպիսի մի իրավիճակի, որ ունեինք ձվի ինքնաբավություն ու 2018-ի ամանորին ու դրանից հետո կարող էինք չներմուծել»,- նշում է Բաբկեն Պիպոյանը:

Սակայն կորոնավիրուսի համաճարակը ու դրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամը նույնիսկ ձվի շուկայում են խնդիրներ հարուցել: 

«Կորոնավիրուսի համավարակով, հետագայում՝ Թուրքիայի հետ սահմանների փակմամբ պայմանավորված՝ մեր տնտեսությունը չթարմացվեց, ինչի արդյունքում շուկայում արտադրական ծավալները ավելի պակաս էին, քան նախորդ տարիներին»,- պատճառն է մատնանշում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը: Այսինքն՝ ձվարկման համար Հայաստան ճտեր չեն ներկրվել, ինչն էլ նման իրավիճակի է հանգեցրել: 

Այս պարագայում, ըստ Պիպոյանի, պետությունը չի աշխատել տնտեսվարողների հետ, չի կարողացել ճշգրիտ հաշվարկներ իրականացնել՝ նման իրավիճակից խուսափելու համար: 

«Պետությունը տնտեսվարողներից պետք է ստանար քանակների երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են մեր շուկային: Ստացվում է՝ մենք շարունակեցինք նախկին գործողությունները, բայց չարեցինք կարևորը՝ չստացանք շուկա բաց թողնվելիք ապրանքի հստակ քանակ ստանալու երաշխիքներ»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում շուկայում շահույթ հետապնդող խաղացողները, առանց պատշաճ վերահսկողության, ստեղծում են արհեստական կամ նույնիսկ՝ բնական դեֆիցիտ, ի հետևանք՝ Զատկի տոնից առաջ նման խառնաշփոթ է ստեղծվել ձվի շուկայում: 

Մինչդեռ, ըստ սպառողների ներկայացուցչի, կա՛մ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կա՛մ Պետական եկամուտների կոմիտեն՝ իր օպերատիվ ծառայողներով, կարող էր ազդել իրավիճակի վրա:

«Պետք էր կտրուկ քայլեր ձեռնարկել հասկանալու՝ ի վերջո, ո՞վ է ստեղծում դեֆիցիտը՝ խոշոր տնտեսվարո՞ղը, թե՞ երկրորդական, երրորդական խաղացողները, և արդյոք անհրաժեշտ չէր, որ հարկայինի օպերները միջամտեին՝ պարզելու՝ տնտեսական հանցագործություն կա՞, թե՞ չկա»,- ընդգծում է Բաբկեն Պիպոյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am