Խտրականություն չկա՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերողը Ադրբեջանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացի է. իրավաբանը՝ իրավական կարգավորումների մասին

Օտարերկրյա քաղաքացին՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, կարող է Հայաստանում ձեռք բերել բնակարանային գույք: Սակայն իրավիճակն այլ է գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնելու դեպքում: Հայաստանյան օրենսդրական այս կարգավորումները «Մեդիալաբին» ներկայացնում է իրավաբան Գևորգ Դավթյանը:

«Եթե օտարերկրացին Հայաստանում հող է ձեռք բերում, պետք է ունենա հստակ նպատակ, որը բխում է կոնկրետ գործունեությունից, ինչը Հայաստանի շահերին չի հակասում: Իսկ ինչ վերաբերում է բնակարանային գույք ձեռք բերելուն, ապա սահմանափակում, որպես այդպիսին, չկա»,- նշում է մասնագետը:

Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ 2002 թվականից սկսած, երբ հնարավոր է եղել սեփականության նկատմամբ իրավունքներ գրանցել, Հայաստանում 72 միավոր անշարժ գույք ձեռք են բերել Թուրքիայի, իսկ 5 գույք՝ Ադրբեջանի քաղաքացիները:

Պաշտոնյայի այս հայտարարությունը հանրության մի հատվածի մոտ քննադատության առիթ էր դարձել. սոցցանցերում շատերը քննարկում էին, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանում «դռները բացվել են թուրքերի, ադրբեջանցիների առջև», և նրանք անխոչընդոտ կարողանում են մուտք գործել Հայաստան ու ավելին՝ անշարժ գույք գնել:

«Եթե կլինի օտարերկրացու հետ կապված որևէ կասկած, այդ դեպքում անհրաժեշտ փատաթղթեր կպահանջվեն, և հնարավոր է՝ գործարքը մերժվի: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ տվյալ գույքի գնորդը օտարերկրացի է, հնարավոր է որոշակի վարույթի շրջանակներում պարզվի՝ ինչ նպատակով է նա գնում այդ գույքը»,- պարզաբանում է իրավաբան Գևորգ Դավթյանը:

Հայաստանում օտարերկրացու կողմից անշարժ գույք ձեռք բերելու հարցում, ըստ իրավաբանի, խտրականություն չկա: Ճիշտ է՝ Հայաստանն Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ավելին՝ դրանք թշնամական են հասկանալի պատճառներով, այդուհանդերձ, իրավական, օրենսդրական առումով որևէ արգելք չկա:

«Որպես սկզբունք արգելված է մի երկրի քաղաքացուն գույք վաճառել, մյուսին՝ ոչ: Միայն Հայաստանում չէ այդպես, ամբողջ աշխարհում է ընդունված սեփականության իրավունքի պահպանման սկզբունքը, իսկ Հայաստանն էլ միացել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, փաստաթղթերի, համաձայնագրերի»,- ներկայացնում է Դավթյանը:

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը նաև ընդգծել էր, որ Ադրբեջանի 5-6 քաղաքացիները, որոնք Հայաստանում ձեռք են բերել անշարժ գույք, անպայման ունենում են ճամփորդական անձնագրեր: «Այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում մտավախությունները փարատվում են: Ինքը գալիս է, ձեռք է բերում անշարժ գույք»,- նշել էր կառավարության պաշտոնյան:

Նկատենք՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանում ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց: Նույն օրենքով, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթ է:

Միգրացիայի գործակալությունից «Մեդիալաբը» տեղեկանում է, որ Հայաստանում ապաստան ստացած փախստականները անշարժ գույքի ձեռքբերման և սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերություններում օգտվում են օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված իրավունքներից: Ստացվում է՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մատնանշած 5-6 ադրբեջանցիները Հայաստանում ապաստան հայցած փախստական են:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ դեպքում, ըստ Դավթյանի, խնդիրն այլ է, քանի որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ազգությամբ շատ հայեր կարող են ցանկություն հայտնել գույք ձեռք բերել Հայաստանում, մինչդեռ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ սահուն չի կարող ստացվել:

Դավթյանն ասում է՝ օտարերկրացիների կողմից գույք ձեռք բերելու հարցում Հայաստանի օրենսդրության մեջ պետական շահի և անվտանգության ապահովման տեսանկյունից սկզբունքները պահպանվում են:

«Օրենքն ասում է՝ ընդհանուր առմամբ օտարերկրացուն արգելվում է սեփականության իրավունք ձեռք բերել հողի նկատմամբ: Միգուցե ենթաօրենսդրական ակտերով սողանցքներ լինեն, չեմ կարող ասել, բայց օրենսդրական մակարդակում հիմնական սկզբունքը պահպանվում է»,- նշում է մասնագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am