Կոչ` դադարեցնել Գանձասարի այլանդակումը

Կոչ` դադարեցնել Գանձասարի այլանդակումը
Կոչ` դադարեցնել Գանձասարի այլանդակումը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել կոչով` Գանձասարի վանական համալիրը երեսապատումից փրկելու համար: Հիշեցնենք, որ երեկ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես են ինչ-որ մարդիկ մարմարե սալիկներով երեսապատում Ղարբաղում գտնվող Գանձասարի պարիսպը:

«Գանձասարը 2000-2002 թթ. նոր շունչ էր ստացել մոսկվայաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի միջոցներով: Վերջինս ծնունդով այդ վայրերից է, եւ Գանձասարը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Անկասկած, Գանձասարն այսօր Արցախի ամենաբարեկարգված հնադարյա սրբատեղին է: Ցավոք, հայ մեծահարուստների կողմից իրենց ծննդավայրի հանդեպ նման վերաբերմունքի դրսեւորումներ հազվադեպ են հանդիպում:

Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպի երեսպատման լուսանկարներն երեկ մեծ աղմուկ բարձրացրեցին Facebook սոցիալական ցանցում և բլոգերների շրջանում: Երեկոյան պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի` Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետև «այն կվնասի պատմական միջավայրը»: Սարգսյանը հայտնել է նաև, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով պատերի երեսպատումը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաեւ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված է ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին: Կո՛չ ենք անում մոսկվայաբնակ հայ գործարարին հրահանգել շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաև զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը»,- գրված է նախաձեռնության կոչում:

© Medialab.am