Ի՞նչ խաղ է խաղում ԲՀԿ-ն. ընտրություններից առաջ խորհրդարանական կառավարումը՝ որպես «այլընտրանք Հայաստանի համար»

Ի՞նչ խաղ է խաղում ԲՀԿ-ն. ընտրություններից առաջ խորհրդարանական կառավարումը՝ որպես «այլընտրանք Հայաստանի համար»
Ի՞նչ խաղ է խաղում ԲՀԿ-ն. ընտրություններից առաջ խորհրդարանական կառավարումը՝ որպես «այլընտրանք Հայաստանի համար»

Քաղաքական վերլուծաբանները, ողջունելի համարելով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ, այդկերպ նախանշում են դրական միտումներ դեպի ժողովրդավարացման ուղին գնալու համար:
Միեւնույն ժամանակ, նրանք հավելում են, որ ԲՀԿ-ի քայլի մեջ «որեւէ սենսացիոն եւ արտառոց երեւույթ չկա»:
«Այս հարցի շուրջ ժամանակին իրենց տեսակետներն են արտահայտել և պաշտպանել նաև այլ քաղաքական ուժեր:-«Մեդիալաբին» ասում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը,-Եվ քանի որ հիմա նախագահական ընտրարշավ է, քաղաքական ուժերը տարբեր հարցեր են բարձրացնում»:

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է 2017-ից կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու անհրաժեշտության մասին, և կարևոր համարել այդ կապակցությամբ ԱԺ-ում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը։

«Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները (2017 թ.)` քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ ԲՀԿ-ն կսկսի խորհրդակցությունների շարք այլ քաղաքական ուժերի հետ` տեսնելու, թե արդյոք կա՞ ահա այս գաղափարի շուրջը համախմբվելու հնարավորություն:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը ողջունելի է համարում այս առաջարկը և նշում է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ամբողջովին բաց է քննարկումների համար:

«Ողջունելի է, որ քաղաքական ուժերից մեկը համախոհ է այն ծրագրին, որը «Ժառանգության» առանցքային խնդիրներից մեկն է և համակարգված բարեփոխումների ծրագրի մեջ է մտնում, որը դեռ ներկայացվել է մեր կուսակցության կողմից 2012-ի խորհրդարանական ընտրություններում»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Լինելով խորհրդարանական կառավարման մոդելի ջատագով՝ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի ավտորիտարիզմի խորացմանը մեծապես նպաստում է ներկայիս սահմանադրական կարգը:

«Նախագահական կառավարումը բերում է երկրի ավտորիտար ռեժիմի խորացմանը և ժողովրդավարացման նահանջին: Այլընտրանքը Հայաստանի համար, ըստ վերջին 10 տարիների փորձառության, սա է՝ անցում խորհրդարանական կառավարման»,- հավելում է Սաֆարյանը:

Մինչդեռ Արմեն Բադալյանի կարծիքով` կա ևս մի կարևոր հանգամանք` արդար, թափանցիկ ընտրությունների անցկացում և ժողովրդավարության համակարգի ձևավորում:

«Եթե ընտրություններն արդար չանցան, ժողովրդավարական համակարգ չձևավորվեց, ապա խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում վարչապետը նույն կշիռը կունենա, ինչ այսօր նախագահն ունի: Այսինքն` կապ չունի խորհրդարանակա՞ն կառավարման մոդել է, թե՞ նախագահական, ամեն ինչ պայմանավորված է ժողովրդավարության կառուցման կամքով»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Մատնանշելով խորհրդարանական կառավարման դրական կողմերը՝ Բադալյանն ասում է , որ այսօր քաղաքական դաշտում աչքի ընկնող, կրեատիվ քաղաքական գործիչները չեն կարողանում իրենց դրսևորել, նրանք դառնում են այս կամ այն քաղաքական կուսակցության առաջնորդին սատարող ուժ, և այս իմաստով նույնպես խորհրդարանական կառավարման մոդելը նպաստող դեր կունենա:

«Մեր երկրում քաղաքական մշակույթն այնպիսին է, որ ով անցնում է նախագահի պաշտոնի, երկիրը տանում է ոչ ժողովրդավարացման: Հիմա ԲՀԿ-ն առաջարկում է, որ այս երևույթը պետք է անջատել, բարեփոխումների միջոցով պետք է վերացնել»,- ասում է Բադալյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am