Մեր ինքնիշխանությունը նվազել է, խարխլված է Հայաստանի անվտանգային համակարգը․ Վազգեն Մանուկյանը հանդիպում է պահանջում

Վազգեն Մանուկյանը դիմել է ԱԳ նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին և պահանջել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Հայտարարության մեջ, նշվում է․

«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Հարգելի՛ պարոնայք, Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։

Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել:

Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ։