Apple-ը ՀՀ երկու քաղաքացիների գաղտնալսման մասին զգուշացնող նամակ է ուղարկել

Apple-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի և նրա մայր կազմակերպության դեմ՝ մեղադրելով նրանց Apple-ի մի շարք օգտատերերի ապօրինի լրտեսության մեջ, գրում է Factor.am-ը:

Գործի նյութերը նոր տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես է NSO Group-ը սարքերը վարակել Pegasus լրտեսող ծրագրերով: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական կայքէջում։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը հայտնել է, որ ՀՀ առնվազն երկու քաղաքացի Apple-ից զգուշացնող նամակ է ստացել գաղտնալսումների վերաբերյալ։

«Apple-ը սկսել է զգուշացնող նամակներ ուղարկել Pegasus ծրագրից տուժածներին։ Հայաստնաում առնվազն 2 մարդ այսօր երեկոյան ստացել է նամակը»,- Facebook-ում գրել է Մուրադյանը:

Հիշեցնենք՝ Pegasus-ն իսրայելական NSO Group-ի կողմից մշակված ծրագիր է: Ընդհանուր առմամբ, ցուցակը, որը հետաքրքրել է NSO-ի հաճախորդներին, պարունակել է շուրջ 50 հազար հեռախոսահամար։ Հեռախոսահամարների թվում կան մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսահամարներ։