«Ընտրությունների այս արդյունքը նախապես համաձայնեցված էր Փաշինյանի ու ղարաբաղյան կլանի կողմից». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ստացավ, իր խոսքով, պողպատե մանդատը, ձեր գնահատմամբ՝ էական տարբերություն կլինի՞ այս իշխանության երեք տարվա ու գալիք գործողությունների միջև:

– Ո՛չ, ոչ մի տարբերություն չի լինելու: Օլիգարխիան անցավ խորհրդարան, ընդ որում՝ նախկին երեք նախագահների ժամանակների օլիգարխիան, բոլորը խորհրդարանում են իրենց ներկայացուցիչներով և անձամբ:

Իրավիճակում, երբ օլիգարխիան հսկում է ամբողջ իշխանությունը Հայաստանում, ապօրինի գույքի բռնագանձման և այլ հարցերի մասին հայտարարությունները վերածվելու են ընդամենը կարգախոսների, քանի որ որևէ քաղաքական լծակ չկա այդ պողպատյա մանդատի և այլնի համար:

Փաստորեն, ընդամենը հայտարարություննե՞ր են, և ունենալու ենք նույն իրավիճակը, ինչ երեք տարի ունեցե՞լ ենք:

– Այո՛, որևէ բան չի փոխվել, և որևէ գործոն, որը կարող է փոփոխություն մտցնել, առկա չէ, ընդհակառակը՝ եթե նախորդ խորհրդարանի հիման վրա կառավարությունը կարող էր նման քաղաքականություն վարել, հիմա նման շանսեր ընդհանրապես չկան:

Ապօրինի հարստության վերադարձը Հայաստանի քաղաքական օրակարգի գործառույթներից մեկն է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այդ հարցում չի փայլել մինչ օրս և շանս չունի որևէ բան անել հետագայում: Մյուս կարևոր գործառույթը տնտեսության ընդլայնումն ու արտադրության վերականգնումն է, ինչի համար միջազգային ներդրումներ են պետք: Բնականաբար, Ռուսաստանի հսկողության տակ գտնվող երկիրը միջազգային ներդրողների համար հետաքրքիր չի լինի:

Երրորդ կարևոր գործոնը բանակի վերականգնումն է, իսկ այն օրակարգում չկա՝ ինչպես հասկացանք, և այս գլխավոր երեք խնդիրները առաջիկա հինգ տարիներին լուծում չեն ստանա: Ինչպես նաև՝ Արցախի կարգավիճակի խնդիրը լուծում չի ստանա:

Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հաշտության ձեռք մեկնեց բոլոր այն ուժերին, որոնց հետ հակասություններ են ունեցել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Իմ տպավորությամբ՝ այս արդյունքը նախապես համաձայնեցված էր, և, բնականաբար, հիմա ղարաբաղյան կլանը, որը հետ եկավ՝ խորհրդարանում երկրորդ, երրորդ ուժերն են, և Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատելու են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում՝ առանց Արցախի կարգավիճակը որոշելու:

-Համաձայնեցված ասելով՝ նկատի ունեք, որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հե՞տ էր համաձայնության եկել՝ ընտրությունների արդյունքների մասով:

-Այո՛, մեր տպավորությամբ՝ մրցակցային պայմանները բացակայում էին քվեարկության և ձայները հաշվելու գործընթացում: Ընտրատեղամասերում տիրող իրավիճակը վկայում է, որ հսկողություն չի եղել:

-Պարո՛ն Ղուկասյան, իսկ այդ հաշտությունը դուք պատկերացնո՞ւմ եք, թե՞ հաշտությունն արդեն կայացել է:

-Կարծում եմ՝ վաղուց արդեն հաշտվել են, և հիմա, երբ հետադարձ հայացք ենք գցում, պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատելու պայմանը եղել է այս ամբողջ քաղաքականության իրականացումը: Մենք կարող է տեսնենք բանավեճեր, ինչ-որ դեբատներ խորհրդարանում, բայց գլխավոր պլատֆորմը, որի վրա կանգնած են այս բոլոր ռուսամետ քաղաքական ուժերը, նույնն է՝ խաղաղություն Ադրբեջանի հետ և Արցախի կարգավիճակի հետաձգում:

-Իսկ այս խորհրդարանը Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներն ինչպե՞ս է լուծելու, ի՞նչ կտա երկրին այդ երեք ուժի համատեղ աշխատանքը:

-Հարկավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը կիսեց իր և իր թիմի պատասխանատվությունը մեր պարտության համար՝ 170.000 քաղաքացիների հետ, այսինքն՝ Փաշինյանի օգտին քվեարկողներն այդ պարտության պատասխանատվությունը վերցրեցին իրենց վրա, և, ըստ էության, այդքան ստորագրություններ ավելացան նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ: Սա ամենագլխավոր խնդիրն էր, որը Փաշինյանը լուծեց:

Որևէ այլ խնդիր՝ այս խորհրդարանի հետ կապված, նա որպես այդպիսին չունի: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կլանին, իրենք օգտագործելու են այդ ամբիոնը՝ հաջորդ ընտրություններում իշխանության գալու համար, դրան որևէ հակազդող գործոն այժմ տեսանելի չէ:

Երկրի, հանրության համար այս խորհրդարանն անպիտան է: Սահմանային հարցերը լուծվելու են եռակողմ ձևաչափով, ինչն ազդարարել էր Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ, և, ըստ էության, իրեն քվեարկող մեր քաղաքացիները տվեցին իրենց համաձայնությունը դրան, որ Ադրբեջանի գծած սահմանները այսուհետ դառնան Հայաստանի համար պարտադրված սահման:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am