Ալեն Սիմոնյան. Ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ, դա ստորություն է․ Ազատություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում 7-րդ տեղը զբաղեցնող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` իշխող ուժը ջախջախիչ հաղթանակ է տանելու այս ընտրություններում: Ասում է` իրենք աշխատում են նաև այն մարդկանց հետ, ովքեր ընտրության գնալու ցանկություն չունեն, հիասթափված են, գրում է Ազատությունը։

Գերիների վերադարձի հարցին անդրադառնալով` ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, թե դա ժամանակի հարց է, և որ ընտրություններից հետո այդ հարցում տեղաշարժ կլինի:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը Ալեն Սիմոնյանն է:

«Առնվազն 50+-ն այս պահի դրությամբ ես վստահ եմ»

Ալեն Սիմոնյանը բոլոր հարցումներին չէ, որ լուրջ է վերավերվում, նրա խոսքով` իրենք աշխատում են տարբեր կազմակերպությունների հետ, տարբեր հարցումներ ունեն. «Եվ կարող եմ Ձեզ ասել, որ ջախջախիչ հաղթանակ ենք տանելու այս ընտրություններում, ես դա ասում եմ` ոչ միայն հենվելով այդ հարցումների վրա, այլև մարդկանց հետ շփվելով: Առնվազն 50+-ն այս պահի դրությամբ ես վստահ եմ, իսկ մեր նպատակը, նշաձողը 60 տոկոսն է, և մնացած օրերի ընթացքում կարծում եմ` մենք այդ նիշին կհասնենք»:

«Պարտությունը կերտել են այն մարդիկ, ովքեր այսօր ընդդիմադիր գործիչ են»

Հարցին, թե ինչո՞ւ պիտի պատերազմում պարտված իշխանությանն ընտրեն քաղաքացիները, իշխող ուժի պատգամավորն ասում է. «Մարդկանց հետ շփվում եմ, տեսնում եմ, ու մարդիկ շատ լավ գիտեն, որ այդ պարտությունը կերտել են այն մարդիկ, ովքեր այսօր ընդդիմադիր գործիչ են հանդիսանում, մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք, և մեր մեղքն այնքանով է, որքանով մեր բոլորի մեղքն է, և մարդկանց գիտակցությունն ու Ֆեյսբուքը տարբեր իրականություններ են»:

Նա համաձայնեց, որ իրենց վարկանիշը Երևանում և մարզերում տարբեր են, կարող է գրեթե երկու անգամ տարբերություն լինել` ընդդիմության առավելությամբ մայրաքաղաքում. «Պսևդոէլիտան նախ Երևանում է ապրում, այսպես ասած` էլիտան Երևանի կենտրոնում և որոշ շրջաններում շատ ուժեղ է», – ասաց ԱԺ փոխնախագահը` հիշեցնելով, որ իրենց իշխանության օրոք երկրում այնպիսի ժողովրդավարություն է հաստատվել, որ մարդիկ նախկին մտածելակերպը, թե ամեն դեպքում իրենց քվեները կեղծվելու են, այլևս չկա, ընտրողը գիտակցում է, որ որոշողը ինքն է:

«Մարդկանց հետ ենք բերում դեպի մեզ»

Անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցմանը, որի համաձայն` 42 տոկոսը չի մասնակցելու ընտրությանը, Սիմոնյանն ասաց` միգուցե պատճառը քաղաքականությունից հիասթափված լինելն է. «Մենք հիմա զբաղվեծ ենք այդ մարդկանց հետ զրուցելով, և մարդկանց հետ ենք բերում դեպի մեզ, դեպի մեր գաղափարախոսություն»:

Ալեն Սիմոնյանը` ձայնագրության մասին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ հրապարակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած մի զրույցից։ Ասում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հորդորել են իրեն՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից, լուծել ղարաբաղյան հարցը։ Վերջիններիս առաջ քաշած «Լավրովյան» հայտնի պլանն անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե դա ենթադրում է տարածքների հանձնում ոչ մի բանի դիմաց։

Ձայնագրության մասին Ալեն Սիմոնյանն ասում է. «Ակնհայտ է, որ այդ հրապարակված ձայնագրությունը ևս մեկ անգամ մեծ հաշվով ապացուցեց այն, ինչ մենք ասում էինք, որ հօդս է ցնդեցնում այն պայդեզդային խոսակցությունները, թե ինչ-որ մեկն ինչ-որ բան է վաճառել, կամ պայմանավորվածություն է եղել: Ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ, որտեղ ներկա է եղել առնվազն 80 պատգամավոր, կառավարության ներկայացուցիչներ, գումարած վարչության անդամներ` մոտավորապես 100 մարդ է ներկա եղել: Ես կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել, ստորություն է: Իմ կարծիքն է, չեմ ուզում որևիցե բաներ ասել: Ես համարում եմ դա ստորություն»:

Քարոզարշավի բառապաշարի մասին

Արդյոք համաձայն է, որ քարոզարշավի բառապաշարը «տղայական ռազբորկայի» է նմանեցվում, Սիմոնյանն ասում է. «Մենք ունենք փաստ, որ ՔՊ-ն ու ՔՊ-ի անդամները երկարամյա ընդդիմադիր գործունեության փորձ ունենք, և չեք կարող ասել, որ մինչև հեղափոխությունը մեզանից որևէ մեկը նման բառապաշար է թույլ տվել»: «Սերժ Սարգսյանի վերջին ձայնագրությունը հրապարակելուց հետո ամենայն հավանականությամբ իր թիմի ներսում այն վրդովմունքը, որ իր արածն անհասկանալի էր, բալանսի բերելու ջղայնության հետևանք է», – նշում է նա` խոսելով երրորդ նախագահի բառապաշարի մասին:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարին, ասում է. «Վերջին 3 տարվա ընթացքում ինձ, վարչապետին, բոլոր ակտիվ քաղաքական դեմքերին, ընտանիքի անդամներին բոլոր տեսակի` սկսած մանկահասակ երեխաներին… երբ որ ժողովրդի հետ խոսել ենք, այդ պահին ինչ գտել ենք ճիշտ, այդ ժամանակ դա խոսել ենք, եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս, պետք է նայի, թե սկզբնաղբյուրը և պատճառը, իրավիճակը ինչ են»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում