«Նույն Հնդկաստանը ևս մեծ թվով սպառազինություն է գնում Ռուսաստանից, և ամեն ինչ չէ, որ կարելի է գնել Հնդկաստանից». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, ադրբեջանական կողմը երեկ կրկին խախտեց հրադադարը, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անտեսելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, շարունակում ռազմական էսկալացիան։

Ոչ միայն ձեր նշած երկրներից են հնչում հասցեական կոչեր, այլ նաև՝ Չինաստանից, Հնդկաստանից, և մեծ թվով այլ երկրներից հնչած հայտարարությունները ճնշման որոշակի դեր են կատարում, բայց ասել, որ հնարավոր է լինում Ադրբեջանին ամբողջությամբ զսպել, այդպես չէ։

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հետևանքն է հետագրեսիոն ժամանակահատվածի Ադրբեջանի քաղաքականության, որի պայմաններում մի կողմից Ադրբեջանը շարունակում է ամրանալ, տեղում ինժեներական հստակ աշխատանքներ տանել Հայաստանից բռնազավթած տարածքներում, մյուս կողմից՝ փորձում է բավականին կոշտ միջոցներով կանխել հայկական կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքները, և երրորդ՝ փորձում է առիթներ փնտրել Հայաստանի նկատմամբ նոր հարվածների հնարավորություն ստեղծելու համար։

– Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ են սկսել, և, հաստատելով 2023 թվականի պետբյուջեն, գործադիրը որոշեց ՊՆ-ի բյուջեն ավելացնել 47,2 տոկոսով։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Նախ՝ սուտ է խոսում իշխող քաղաքական ուժի ղեկավարը, երբ ասում է, որ երկրում զինված ուժերում լայնածավալ բարեփոխումների ծրագիր է իրականացվում, նման բան գոյություն չունի: Կան ծրագրեր, որոնց մասին հայտարարվել է, դրանք կա՛մ մեկնարկել են, կա՛մ չեն մեկնարկել, բայց իրականության մեջ որևէ լայնածավալ բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է ռազմական բյուջեի ավելացմանը․ մինչև ամբողջական չհասկանանք, թե կոնկրետ ինչին է ուղղված լինելու գումարային այդ ավելացումը, չենք կարող հստակ բան ասել։ Ենթադրելի է, որ դրանք հիմնականում ուղղված են լինելու երկու ուղղությամբ՝ վերականգնման, որովհետև և՛ 44-օրյա պատերազմի, և՛ այս վերջին ագրեսիայի հետևանքով երեք մարզերում տեղակայված մեծ թվով զորամասեր, տարբեր ռազմական նշանակության շինություններ, օբյեկտներ վնասվել են, ու դրանց վերականգնման համար լուրջ գումարներ են անհրաժեշտ լինելու։

Երկրորդ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը տարածքային, մարդկային կորուստներից բացի ունի տեխնիկական, նյութական միջոցների մեծ թվով կորուստներ, որոնք պետք է վերականգնել։ Ես կարծում եմ, որ հիմնականում այս երկու ուղղությամբ է լինելու բյուջետային այդ մեծացումը։

Իհարկե կա երրորդ ուղղությունը, որը վերաբերում է սպառազինությունների գնումներին, բայց միշտ չէ, որ դրանք ներառվում են կոնկրետ ռազմական բյուջեում, դրանք կարող են լինել տարբեր վարկային պարտավորությունների կամ այլ կետերի ներքո։

– Վարչապետը գործադիրի նիստին նաև հայտարարեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ոչ մի երկիր Հայաստանին զենք չվաճառի, անգամ նշեց, որ նախապես գումարը վճարել են, բայց զենքի մատակարարում մինչ այս պահը չի եղել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, նորմա՞լ է, երբ երկրի ղեկավարը ըստ էության խոստովանում է, որ Ադրբեջանը կարողացել է անել այնպես, որ Հայաստանին անգամ դաշնակից երկրները զենք չեն վաճառում։ Այս փաստը ինչի՞ մասին է վկայում։

– Իսկ ինչո՞ւ նույնը չի անում Հայաստանը տարբեր լոբբիստական խմբերի, իր նշած դաշնակից երկրում ունեցած հնարավորությունների պայմաններում։ Ի՞նչ է, Ադրբեջանը վերջին երեք տասնամյակների ընթացքում նո՞ր է սկսել այդպես ագրեսիվ ու ակտիվ գործել, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, և Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների խնդիրն է եղել մի կողմից կանխել ադրբեջանական այդ լոբբիստական գործունեությունը, մյուս կողմից էլ փորձել կանխել Ադրբեջանին տրվող տարբեր մատակարարումները, և պատահական չէ, որ Հայաստանի զինանոցում եղել են զինատեսակներ, որոնք նրա նշած դաշնակից պետությունը Հայաստանին վաճառել է, բայց Ադրբեջանին չի վաճառել, կամ ինչ-որ բաներ էլ վաճառել են, բայց՝ սահմանափակ քանակությամբ։

Այսինքն՝ ոչինչ չանել, անվերջ պարտվել, բայց միշտ լացակումած հայտարարել, որ մեզ բոլորը ճնշում են, հաշվի չեն առնում, դա միայն ցույց է տալիս այս իշխանության անճարությունը, անլրջությունը և իրականում դրա տակ թաքնված նաև քաղաքական այլ նկատառումներ: Այսպիսի պահվածքը ոչ միայն որևէ երկրի պատիվ չի բերելու, այլև զրկում է որևէ երկրից սատարում ստանալու հնարավորությունից, որովհետև, ըստ էության, հանձնված, կապիտուլյացիան ընդունած երկրին որևէ մեկը չի օգնում։

– Փաշինյանն ասաց, որ այս ճնշումները, Հայաստանին զենք չվաճառելը ուղղված են Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմ, ու ոմանք այս ամենը վերագրեցին Ռուսաստանին։ Այս մասով ձեր մեկնաբանությունը կխնդրեմ, պարո՛ն Աբրահամյան։

– Իմ տպավորությամբ՝ իշխող ուժի ղեկավարն ակնարկում է, որ ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Ռուսաստանի աջակցության պայմաններում, ու այդ գործընթացում Ռուսաստանի շահը Հայաստանին ինքնիշխանությունից զրկելն է, այսինքն՝ բռնակցումը Ռուսաստանին։ Այսինքն՝ այն, ինչ այսօր հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, իմ տպավորությամբ դա էր։

– Իսկ եթե դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումները, Նիկոլ Փաշինյանի ասածն իրականությանը համապատասխանո՞ւմ է՝ ըստ ձեզ։

– Թող Ռուսաստանն այդ թեմային արձագանքի, ինչպես այդ, այնպես էլ մատակարարման շուրջ ստեղծված խնդիրներին, որովհետև սրա մասին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է, բայց Ռուսաստանը որևէ ձևով դրան չի անդրադարձել։

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում խոր ճգնաժամ կա, պատճառները ևս ակհայտ են, դրա մասին շատ է խոսվել, դա նաև իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ուղղված ակնարկներն ու որոշակի առումով քայլերն են, Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ տարբեր առիթներով հնչեցրած քննադատությունը և այլն։

Այս գործընթացներից հետո բնական է, որ պետք է ունենանք այն, ինչ ունենք։ Մյուս կողմից՝ պետք է անդրադառնալ նրան, թե ինչ ենք մենք ունեցել վերջին երեք տասնամյակում, ինչո՞ւ չեն եղել ժամանակահատվածներ, երբ նման իրավիճակ է ստեղծվել, ու Հայաստանի որևէ ղեկավար հայտարարել է, կամ հանրության համար ակնհայտ է եղել, որ Ռուսաստանը նպատակ ունի որևէ կարգավիճակով Հայաստանին բռնակցել կամ այլ կարգավիճակում տեսնել։

Նման բան գոնե առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք չի եղել, և այդ հայտարարությունը խոսում է բավականին բարդ գործընթացների մասին։ Այս իրավիճակում ճիշտ կլիներ, որ Ռուսաստանն անդրադառնար դրան։ Ես ինքս չեմ տեսնում նման հնարավորություն, որովհետև, կարծում եմ, որ ցանկացած պարագայում Ռուսաստանին Հարավային Կովկասում անհրաժեշտ է կարևոր ու ուժեղ դաշնակից։

Որքան էլ այսօր Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ակնհայտ է, որ այս պահին ունեն որոշակի հատվող շահեր, բայց ընդհանուր դիմակայության մեջ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը Ռուսաստանի համար չեն կարող ունենալ այն արժեքն ու նշանակությունը, ինչ ունեցել է Հայաստանը։

– Հայաստանը Հնդկաստանից 244 միլիոն դոլարի զենք է գնել, ինչպե՞ս եք գնահատում այս գործարքը։

– Հայաստանը Հնդկաստանի հետ ունի համագործակցության խոր արմատներ, դրանք հարյուրամյակների պատմություն ունեն։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Հնդկաստանի հետ բավականին ակտիվ համագործակցություն է եղել, այդ թվում նաև՝ ռազմական ոլորտում։ Հնդկաստանն ունի բավականին հստակ դիրքորոշում Արցախի հետ կապված հարցում ու ադրբեջանական վերջին ագրեսիաների հետ կապված բավականին հասցեական հայտարարություններ է անում։ Ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև Իրանի հետ պետք է դիտարկել ռազմական համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք այսօր մեզ համար բաց են։

Սակայն Ռուսաստանը շարունակում է ու առաջիկա տարիներին էլ շարունակելու է մնալ ռազմական մատակարարման տեսանկյունից թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերը, բայց դա իհարկե չի բացառում այլ պետությունների հետ համագործակցությունը։ Պետք է նշեմ նաև, որ նույն Հնդկաստանը ևս մեծ թվով սպառազինություն է գնում Ռուսաստանից, և ամեն ինչ չէ, որ կարելի է գնել Հնդկաստանից, ու այս պարագայում դժվար է Հնդկաստանին դիտարկել որպես Ռուսաստանին այլընտրանք։

– Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում ելքը համարում է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Դուք և՞ս ելքը սա եք համարում, ու դրա հնարավոր ռիսկերը որո՞նք կարող են լինել, եթե դա իրականություն դառնա։

– Նիկոլ Փաշինյանը այս առաջարկի մասին խոսում էր դեռևս մեկ տարի առաջ՝ մայիսին, երբ ագրեսիա տեղի ունեցավ սահմանների ուղղությամբ, բայց միջազգային հանրությունն առանձնապես չարձագանքեց դրան, մի փոքր դժվար եմ պատկերացնում այդ առաքելությունների մշտական տեղակայումը։ Գուցե լինեն կարճաժամկետ առաքելություններ, որոնք ուսումնասիրություններ, մշտադիտարկումներ կանցկացնեն, բայց այս պահին իրավիճակը դժվար թե դրանից կտրուկ փոփոխություն կրի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am