Ճնշումնե՞ր. Հայաստանի իրավապաշտպանները համամիտ են Amnesty International-ի գնահատականների հետ

Ճնշումնե՞ր. Հայաստանի իրավապաշտպանները համամիտ են Amnesty International-ի գնահատականների հետ
Ճնշումնե՞ր. Հայաստանի իրավապաշտպանները համամիտ են Amnesty International-ի գնահատականների հետ

Հայաստանյան իրավապաշտպաններն օբեկտիվ են գնահատում Հայաստանի վերաբերյալ Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցը և համարում են, որ դա Հայաստանի իշխանությունների վրա հերթական ճնշումներից է: Նրանք համոզված են, որ զեկույցն ազդեցություն կունենա իշխանությունների վարքագծի վրա:
«Այս պահին Հայաստանի իշխանությունների վրա բոլոր կողմերից ճնշումներ են գործադրվում, այն էլ եթե խոսքը այս մակարդակի զեկույցների մասին է, ինչպիսիք են Amnesty International-ի զեկույցը, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցը,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:- Դա շատ կարևոր է և կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանությունների վարքագծի վրա»:
Հիշեցնենք, այսօր` մայիսի 13-ին, հրապարակվել է 2010 թվականի զեկույցը:

400-էջանոց փաստաթղթում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում:

Amnesty International-ի զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների խախտումների հինգ կատեգորիա` «Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում», «Անպատժելիություն», «Խոսքի ազատություն», «Բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ» և «Խղճի բանտարկյալներ»: Հայաստանին վերաբերող բաժնում «Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում» կետով հիշատակվում է մասնավորապես, որ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կամայականությունների դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել ձերբակալվածների և բանտարկյալների նկատմամբ բռնություններ գործադրելու փաստերի կապակցությամբ:

Անդրադարձ կա, մասնավորապես, 2010 թվականի ապրիլին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում դաժան ծեծի ենթարկված և մահացած Վահան Խալաֆյանի գործին:

«Անպատժելիություն» կատեգորիայում զեկույցում նշվում է, որ 2010 թվականի վերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թվականի հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հարցով։

«Որևէ մեկը պատասխանատվություն չի կրում 10 մարդու սպանության համար (այդ թվում` ոստիկանության երկու աշխատակցի)»,– ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ 9 զոհերի հարազատները գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը: «Խոսքի ազատություն» կատեգորիայում Amnesty International-ն անդրադարձել է «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 3 տարի 11 ամիս պատժաժամկետին` նշելով, որ բանտարկյալը, ըստ հաղորդագրությունների, քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: «Բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ» հատվածում ասվում է, որ վարչապետի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարելու գենդերային բռնությունների դեմ: Հոկտեմբերին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի է ենթարկվել և մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: «Խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:

Դանիելյանի խոսքով` այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգվելու տեղ ունեն:

«Եվ այն քայլերը, որ Հայաստանի իշխանություններն անում են ընդդիմության պահանջներին ընդառաջ, հենց վկայում է, որ նրանք հասկանում են, որ իրենց առաջիկայում շատ ավելի վատ բաներ են սպասում»,- ասում է իրավապաշտպանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Նատալյա Մարտիրոսյանն էլ հիշեցնում է, որ Amnesty International-ը բավական հեղինակավոր կազմակերպություն է, և այն հապճեպ, չհիմնավորված գնահատականներ չի տալիս:

«Նրանք ուսումնասիրում են, ապա նոր իրենց կարծիքը հայտնում: Դրանք հավասարակշռված գնահատականներ են, ես այստեղ ոչ մի քաղաքական գնահատական չեմ տեսնում, սրանք զուտ իրավապաշտպանական գնահատականներ են այն մասին, թե ինչ իրավիճակում է գտնվում մեր երկիրը»,- ասում է իրավապաշտպանը:

Նատալյա Մարտիրոսյանի խոսքով` «սա դառը իրականություն է», և ինքը չի կարող չհամաձայնել այդ գնահատականների հետ:

«Ցավում եմ, որ մեր երկիրը հայտնվել է այս իրավիճակում: Բայց դա ես զգուշացում եմ համարում, որ մեր երկրում մի բան այնպես չէ»,- ասում է իրավապաշտպանը:

Ի դեպ, Միքայել Դանիելյանը նաև հիշեցնում է, որ սա առաջին նման զեկույցը չէ. Amnesty International-ի զեկույցից առաջ հրապարակվել էին նաև ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի, ԱՄՆ պետքարտուղարության, Human Rights Watch-ի զեկույցները, որոնցում ևս գրեթե նույնաբովանդակ գնահատականներ էին հնչել Հայաստանի հասցեին:

Իսկ ապրիլի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, թե Հայաստանը ընտրությունների և հիմնադրամի մի շարք այլ ցուցանիշներին չհամապատասխանելու պատճառով այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար:

«Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաև խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում, մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում»,- «Ազատություն» ռադիոկայանին հարցին ի պատասխան ասել էր Յովանովիչը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am