Իշխանության ծանր հարվածը արտագաղթին

Իշխանության ծանր հարվածը արտագաղթին
Իշխանության ծանր հարվածը արտագաղթին

Հայաստանը ծանր հարված է հասցրել արտագաղթին: Իշխանությունը որոշել է, որ զորակոչի տարկետում չի տրվի արտերկրի բարձրագույն ուսհաստատություններում սովորող երիտասարդներին, քանի որ այդ երիտասարդների թիվը մեծ է, եւ դա թե արտագաղթն է խթանում, թե օգնում է խուսափել բանակի ծառայությունից: Բայց, տարկետումը լիովին չէ, որ վերացվում է: Կառավարությանը վերապահվում է առանձին որոշումներով դա թույլատրելու հնարավորություն, բայց 8,5 միլիոն դրամ գրավի դիմաց: Դրա նպատակն այն է, որ երիտասարդը այդ գրավը չկորցնելու համար ուսումն ավարտելուց հետո վերադառնա եւ ծառայի բանակում: 

Փաստացի, Հայաստանում սահմանվում է զինվորական ծառայությունից խուսափելու պաշտոնական գին՝ 8 ու կես միլիոն դրամ: Եթե պատրաստ ես այդքան կորցնել, ապա ընդունվիր արտասահմանյան բուհ, վճարիր փողն ու դե ֆակտո ազատվիր ծառայությունից:

Թե որ խավն է Հայաստանում վճարունակ եւ կարող է իրեն թույլ տալ վճարել այդ փողը, ավելորդ մանրամասնության կարիք չունի: Փաստացի, իշխանությունը հնարավորինս լոյալացնում է այդ խավի համար բանակից ազատվելու հնարավորությունները: Աստիճանաբար, հավանաբար կմոտենան ուղղակի ազատման մեխանիզմին, երբ կգործի՝ «վճարիր եւ բանակ մի գնա» սկզբունքը:

Ընդ որում, թող տարօրինակ չհնչի, բայց դա նույնիսկ առաջընթաց կլինի: Բանն այն է, որ վճարունակ խավի այպես ասած երիտասարդ զարմը ներկայում զինվորական ծառայությունից դե ֆակտո ազատվում է առանց պետությանը որեւէ բան վճարելու: Ավելին, դեռ մի բան էլ պետությունն է վճարում դրա համար: Հետեւաբար, եթե ստեղծվի մեխանիզմ, որ նրանք բանակ չգնալու համար ստիպված կլինեն վճարել, ապա դա փաստացի կհանդիսանա նկատելի առաջընթաց:

Միեւնույն ժամանակ, սակայն, դատելով պետական կոռուպցիայի անփոփոխ մակարդակից, դժվար է վստահ լինել, որ այդ վճարը իրականում տեղի կունենա:

Օրերս հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գրոհից եւ դրա կասեցման ընթացքում հերոսություն ցուցաբերած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի կորստից հետո, հասարակությունը վերհիշեց հարցադրումները՝ կապված բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակային ծառայության, կամ ավելի շուտ դրա բացակայության հետ:

Բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, նրանց եղբոր որդիները, նրանց հարազատների որդիները բանակում չեն ծառայել ու չեն ծառայում: Մի շարք պաշտոնյաներ իրենք էլ չեն ծառայել, թեեւ ըստ տարիքի պետք է ծառայեին հայկական բանակում: Չեն ծառայել, բայց ստացել են պետական պաշտոններ՝ ի հեճուկս օրենքի, եւ ստացել են նույնիսկ պաշտպանության բնագավառի մեդալներ ու պարգեւներ՝ ի հեճուկս բարոյականության:

Եվ ահա, պաշտպանական բնագավառի ղեկավարությունը, չկարողանալով կամ չցանկանալով գտնել այդ զարմին բանակ զորակոչելու եւ իրական ծառայության բերելու բանալին, դիմում է օրիգինալ քայլի՝ ովքեր ունեն 8 ու կես միլիոնի գրավ դնելու հնարավորություն, տարկետում կստանան, իսկ ովքեր չունեն՝ թող գնան բանակ, ոչ մի արտասահմանյան ուսում: Այսինքն, ըստ էության պաշտոնականացվում է այն իրականությունը, որ հայկական բանակը դառնում է անվճարունակ սոցիալական շերտի «պարտք»:

Իսկ իշխանական զարմի «պարտքն» է պարբերաբար մարդ ծեծել, սպանել, ահաբեկել, կատարել գիշերային ակումբների ստուգայցեր, ամենամեղմ դեպքում՝ դառնալ բիզնեսմեն, օգտագործելով «մեծերի» իշխանական լիազորությունները: Կարդալ ավելին