«Ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ». Լուկաշենկո

«Ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ». Լուկաշենկո
«Ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ». Լուկաշենկո

Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Հայտնում են նախագահականի մամլո ծառայությունից, նշլելով, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։
«Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի կունենա Մյունխենյան խմբի շրջանակում: Ձեր այցը Մինսկ և մասնակցությունն այս թեմայով հանդիպմանը խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլև այն խիստ կարևոր է հայ ժողովրդի համար:

Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ: Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական հարթակում՝ ԵԱՏՄ-ում, աշխատում ենք ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում, և հետևողականորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները և այն ամենը, ինչ մտնում է այս կազմակերպությունների շրջանակում»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նաեւ հավելել է, թե Հայաստանն ու Բելառուսը գիտեն միմյանց հնարավորությունները, հետևաբար ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, Բելառուսը կդիտարկի կարճ ժամկետում և կընդունի համապատասխան որոշում։

«Ես էլ էի ցանկանում սկսել հենց այդ ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերից և օգտագործել հնարավորությունն այստեղ՝ հիասքանչ Մինսկ քաղաքում, անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության և բարեկամության համար, որ Դուք դրսևորել եք այդ օրերին: Ես և՛ որպես նախագահ, և՛ որպես մարդ երբեք չեմ մոռանա այն ուշադրությունը, որը ստացել եմ Ձեզնից»,- ի պատասխան ասել է Սարգսյանը:  

Նա նշել է, որ Բելառուսն այսօր կայունության և կանխատեսելիության օրինակ է:

«Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման որակներ: Աշխարհը միայն տարածաշրջանները չեն, աշխարհը դարձել է անկանխատեսելի, աշխարհը դարձել է անկայուն, և այն պետությունները, որոնք իրականում ունեն այս երկու որակները, բարձր գնահատանքի են արժանանում իմ, Բելառուսի իմ ընկերների, և առհասարակ համաշխարհային հասարակության կողմից:

Պատահական չէ, որ հերթական նման համաժողովը՝ Մյունխենյան համաժողովը, որը  աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, տեղի է ունենում այստեղ՝ Մինսկում»,- ասել է Սարգսյանը: