Մեծշենցիները շարունակում են շենացնել բնակավայրը. համայնքապետը պատմում է գյուղի առօրյայից

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի բոլոր բնակիչները պատերազմից հետո շարունակոմ են ապրել գյուղում ու շենացնել հայրենի եզերքը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:

«Պատերազմից հետո դպրոցը վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից. այստեղ սովորում է 50 աշակերտ, իսկ մանկապարտեզը՝ դեկտեմբերի 7-ից, որտեղ հաճախում է 24 երեխա: Ունենք բուժկետ, ակումբ,մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, որոնք գտնվում են բարվոք վիճակում:Համայնքապետարանի շենը ևս գտնվում է նորմալ վիճակում: Գյուղը գազաֆիկացված է , ապահովված էլեկտրաէներգիայով: Ջրի խնդիր ունեինք. Քսան օր շարունակ ջուր չէինք ստանում, բայց բոլոր խնդիրները լուծվել են»,- տեղեկացրել է համայնքապետը:

Պատերազմի պատճառով գյուղը, բարեբախտաբար, շոշափելի վնասներ չի կրել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում յոթ ընտանիք է վերաբնակեցվել: Մեկ տուն վերանորոգվել է, որտեղ վերաբնակեցվել է Թալիշից տեղահանված ընտանիքը: Այս պահի դրությամբ վերնաորոգվում է ևս մեկը՝ Հադրութից տեղահանված ընտանիքին տրամադրելու նպատակով:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Դ. Անանյանը նշել է, որ բնակչության հիմնական զբաղվածությունն է անասնապահությունը, հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը: