Արցախում սահմանված կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը: Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:

Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝

  1. Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
  2. Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը:
  3. Հանվել է նաև աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
  4. Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:
  5. Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:
  6. Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու: