«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի որևէ աջակցություն ընդունել-չընդունելու մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ կառույցը հստակ գնահատական չի հնչեցրել ադրբեջանական սեպտեմբերյան գործողությունների վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական կողմի նման դիրքորոշմանը:
– Եթե կհիշեք, ես ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովից հետո մի գրառում արեցի՝ նշելով, որ թույլ է հայկական կողմի հիմնավորումը՝ միայն քաղաքական գնահատականի բացակայության հիմքով հրաժարվել ՀԱՊԿ-ի այդ փաստաթուղթը ստորագրելուց:
Ի վերջո, գլխավորն այստեղ այն է, թե աջակցության ի՞նչ միջոցներ էին տրամադրվում Հայաստանին, այսինքն՝ շատ ավելի կարևոր էին այն գործնական քայլերը, որոնք առաջարկվում էին, քան քաղաքական գնահատականը, որը շատ դեպքերում կրում է դեկլարատիվ բնույթ:
Փաշինյանը, ցավոք, երեկ մնաց իր գծի մեջ՝ դարձյալ հրաժարվեց հստակ թվարկել առաջարկվող օգնության միջոցները, նույնիսկ մի տարօրինակ արտահայտություն արեց, ասաց՝ չգիտեմ՝ ի՛նչ են առաջարկել, ինչը շատ տարակուսելի է: Եթե այդ աստիճանի մեծ է խզումը ՀԱՊԿ-ի հետ, ընդհանրապես ի՛նչ իմաստ ունի այդ կառույցին անդամակցությունը շարունակելը: Ես իհարկե չեմ ասում, թե ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը իդեալական է եղել, բայց պետք է նախ ներկայացնել, թե ինչ է առաջարկվել, հետո հղում անել դրանց, այլ ոչ թե գնահատականի բացակայությանը:
Երեկ Փաշինյանը կարող էր պարզաբանում տալ ու բոլորիս համոզել, որ ՀԱՊԿ-ի առաջարկած միջոցառումները վատն էին, և մեզ համար նրա դեմարշը ՀԱՊԿ գագաթնաժողովին հասկանալի կլիներ, բայց իմ կարծիքն ավելի ամրապնդվեց, որ Հայաստանի դիրքորոշումը հիմնված չի եղել անհրաժեշտ փաստարկի վրա:
– Իսկ նման մոտեցումն ինչի՞ կհանգեցնի, ու Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ընտրել այս գործելաոճը:
– Եթե իսկապես վերլուծություն է արվել ու պարզվել է, որ ՀԱՊԿ-ը մեզ համար իսկապես օտար անվտանգային միջավայր է, ապա առաջին քայլն այն է, որ դու լքես այդ կառույցը՝ ունենալով հստակ երաշխիքներ, որ ունես անվտանգային այլընտրանքային առաջարկներ: Մենք տեսնում ենք, որ այդպիսի առաջարկներ պարզապես գոյություն չունեն:
Երկրորդ՝ Հայաստանն այդ գագաթնաժողովից առաջ կարող էր այն հետաձգելու խնդիր դնել՝ որպես կառույցը նախագահող կողմ, քանի որ փաստաթղթերը համաձայնեցված չեն եղել, որպեսզի կարողանար արդյունավետ ելք ապահովել գագաթնաժողովի համար: Սրանից ևս Հայաստանը չի օգտվել:
Երրորդ տարբերակը. եթե դու նախագահում ես գագաթնաժողովում, մի քիչ անհասկանալի է, երբ վերջին պահին նման հիմնավորմամբ փաստաթղթեր չես ստորագրում, դա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունդ մինչ այդ արդյունավետ չի աշխատել:
Հայկական կողմի այս դեմարշն իհարկե շատ մեծ հետևանքների չի բերելու մի քանի պատճառներով. Ռուսաստանի գլուխը հիմա խառն է ուկրաինական կամպանիայով, ու նրա համար էականը ոչ թե ՀԱՊԿ-ի իմիջն է, այլ կառույցի թեկուզ ձևական պահպանումը: Բայց կարող է որոշակի լարվածություն առաջանալ Հայաստանի ու այդ կառույցի երկրների հարաբերություններում: Սերգեյ Լավրովի վերջին կոշտ հայտարարությունները Հայաստանի հասցեին գուցե հետևանք էին երևանյան գագաթնաժողովի նստվածքի, չնայած այնտեղ ավելի խորքային շերտեր էլ կային:
– Ինչի՞ մասին է խոսում փաստը, երբ ռուսական կողմից հնչում է հայտարարություն, որ Հայաստանին տրվող աջակցության փաստաթուղթը շատ կարևոր է ու պետք է ստորագրվի կառույցի շրջանակներում, իսկ հայկական կողմը նման հայտարարություն է հնչեցնում վարչապետի մակարդակով:
– Հենց դրա համար եմ կարևորում հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտեր այդ աջակցության միջոցները, որովհետև, օրինակ՝ Զասը խոսում է կոնկրետ վեց միջոցառման մասին, Փաշինյանը պարտավոր էր դրանք հրապարակել, որ ի վերջո հասկանայինք՝ ՀԱՊԿ-ը կոնկրետ բան առաջարկե՞լ է, թե՞ դատարկ խոստումներ են տրվել, ըստ այդմ կորոշեինք՝ Փաշինյանի՝ փաստաթղթեր չստորագրելու որոշումն ադեկվա՞տ է եղել, թե՞ հերթական անգամ հայկական կողմն ընկել է կարգախոսների հետևից՝ բաց թողնելով բովանդակությունը:
Դատելով հանգամանքից, որ Փաշինյանը երեկ որևէ բան չբացահայտեց, ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, ցավոք սրտի, հաջողվեց գնդակը թողնել Հայաստանի դաշտում: Մենք հնարավորություն ունեինք գործընթացի պատասխանատու դարձնել նաև ՀԱՊԿ-ին, բայց այս չհաշվարկված դեմարշով նրան դուրս դրեցինք պատասխանատվության հարթությունից:
– Պարո՛ն Սուրենյանց, բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս կգնահատեք, եթե նկատի ունենանք, որ ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասաց, արդեն դժվար է ասել, թե մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը:
– Գործընթաց գոյություն ունի, որովհետև մենք այսօր, բարեբախտաբար, շատ խոշորամասշտաբ էսկալացիայի հետ գործ չունենք: Այո՛, Ադրբեջանը հետևողականորեն ավելացնում է ճնշումները թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ուղղությամբ, օղակը սեղմվում է, բայց գործընթաց, այնուամենայնիվ, կա, ինչի մասին նաև խոսում է ադրբեջանական կողմը՝ ի դեմս իրենց արտգործնախարարի:
Բայց նաև տեսնում ենք, որ փոխվարչապետների հանդիպումն անարդյունավետ է եղել, այսինքն՝ երկաթուղու ապաշրջափակման շուրջ չկա համաձայնություն: Տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դժվարանցանելի է դառնում հայկական կողմի համար: Դեռևս շաբաթներ առաջ էր ակնհայտ, որ խաղաղության պայմանագիր մինչև տարեվերջ չի լինելու, երբ բրյուսելյան գործընթացը հայտնվեց փակուղում:
Պայմանագրի ստորագրումը կախված է նաև աշխարհաքաղաքական մի շարք գործընթացներից, միջնորդ կողմերի հաջողություններից, ի վերջո, պարտադիր դելիմիտացիա պետք է իրականացվի, մինչև ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը, իսկ այս ամենն առայժմ նաև մոտ ապագայում լուծում չեն ստանալու: Այսինքն՝ կա գործընթաց, բայց դժվար է կանխատեսել, թե դրա փաստաթղթավորմանը ե՛րբ ականատես կլինենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am