Սուտ է․ Վերին Շորժա և Ակունք համայնքների ղեկավարները հերքում են ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին լուրերը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի յոթ համայնքում՝ Կութ, Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Ակունք, Այրք` Թարսի բլուր, Ջաղացաձոր, ադրբեջանական կողմը առաջ է եկել:

«Մեդիալաբը» փորձեց կապ հաստատել այս համայնքների ղեկավարների հետ՝ հասկանալու համար՝ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

«Շատ սուտ տեղեկություն է, մեր գյուղում նորմալ իրավիճակ է, ադրբեջանցիները մեր գյուղին մոտ չեն: Պաշտոնապես հերքում եմ, որ այդ տեղեկությունը ճիշտ է, ուղղակի չեմ հասկանում, թե նման լուրերը որտեղի՛ց են: Հենց նոր «Ժողովուրդ» օրաթերթը զանգեց, ասեցի, որ նման բան չկա, էդ ո՞նց են հրապարակել»,- «Մեդիալաբին» ասաց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:

Տեղեկությունը հերքեց նաև Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը: «Սուտ է, իրավիճակը նույնն է մնում, ադրբեջանցիներն այն դիրքերում են, որտեղ կային»,- ասաց նա ու նշեց, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ գյուղում շարունակում են զբաղվել իրենց գործերով: Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրենց տարածքում կրակոցներ էլ չեն հնչում, իսկ մնացած տարածքների մասին տեղեկություն չունի:

Մյուս համայնքների ղեկավարների հետ կապ հաստատել չհաջողվեց, նրանք չպատասխանեցին մեր զանգերին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներով մտել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են բանակցությունները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am