Լևոն Քոչարյան. Դրամատիկը

Լևոն Քոչարյան. Դրամատիկը
Լևոն Քոչարյան. Դրամատիկը

Ռոբերտ Քոչարյանի որդին դատարանում, իր բառերով, հուզվել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին տեսնելով։ Հետաքրքիր է՝ հատկապես ո՞վ է հուզել նրան:

Նրան հարցնում են այն մասին, թե ինչո՞ւ հայրը այսքան տարի չի ցավակցել զոհերի հարազատներին, Լևոն Քոչարյանը «փայլուն» պատասխան է տալիս, մոտավորապես այսպիսի պատասխան՝ բա լա՞վ է, որ «Ռոբերտոն» էլ մեր ընտանիքի հետ են կապում։ Այսինքն՝ թող իրենք չկապեն, մենք էլ ցավակցենք։

Լսում ես և ուզում այս կյանքում գտնել քո տեղը։

Որովհետև հասկանում ես, որ այս մարդիկ պատասխան չունեն ու վատ չեն զգում իրենց։ Իսկ ի՞նչ պիտի անի Լևոնը, ինչպե՞ս ընդունի, որ հոր գործողությունները սպանությունների պատճառ են դարձել։ Իհարկե հեշտ չէ։ Հա՛, ինքը որդի է։ Ավելին, ոչ մի դատարան դեռ չի ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ։

Ի՞նչ անի Լևոն Քոչարյանը։

Ոչինչ չի կարող անել, որովհետև նրան արդեն ասվել է զոհերի հանգամանքների «պաշտոնական», ռուսական վարկածը՝ անհայտ նշանառուներ։ Ինքը ինչո՞ւ պիտի ցավակցի անհայտ նշանառուների իրականացրած գնդակահարությունների համար։ Ինչո՞ւ իր հայրը պիտի պատասխան տա։

Լևոնն ասում է, որ հասկանում է զոհերի հարազատներին, որովհետև 5 տարեկան որդի ունի: Այո՛, դու սկսվել ես քո որդուց և ատամներով կպաշտպանես նրա գոյության իրավունքը: Բայց ումի՞ց: Քո գոյության իրավունքը հայրդ պաշտպանել է Մարտի 1-ով, մինչդեռ ոչ ոք քեզ չէր սպառնում, Լևո՛ն:

Դու երջանիկ էիր, որովհետև քո ժամադրությունները, քո սերն ապահովում էին հատուկ ծառայությունները, որպեսզի ոչինչ քեզ չխանգարի 2008-ի մարտի 1-ից5 տարի հետո դառնալ հայր:

Դու կարող ես հասկանալ որդեկորույս հայրերին: Բայց փոքրիկ խնդիր կա, Լևո՛ն: Նրանք քո հետ կռիվ չունեն: Գոռ Քլոյանը չկա, իսկ Լևոն Քոչարյանը կա: Նրանց կռիվը քո հոր հետ է, որովհետևնա նախագահ չլիներ, որդիները կապրեին:

Նա չուզենար Սերժ Սարգսյանին դարձնել նախագահ, իրենց որդիները կապրեին: Դու ինչո՞ւ ես հուզվում: 10 տարի այդ որդեկորույս հայրերը լումա-լումայի վրա դնելով են ապրել: Նրանց հաշվեհամարներին չի եղել 18 միլիոն դոլար, որը քո հաշվեհամարին կար, երբ դու դեռ 26 տարեկան էիր: Դու հասկանում ես որդեկորույս հայրերին, քանի որ ունես 5 տարեկան երեխա:

Ուրիշ ի՞նչ ես հասկանում:

10 տարի էդ մարդիկ հույս չեն ունեցել, որ այս օրը գալու է: Դուք գիտեիք, համոզված էիք, որ չի գալու, որովհետև ձեզ էլ հաճելի չէ, որ մի ամբողջ Ռոբերտ Քոչարյան, դատարանների դռներով քարշ է գալիս, նվաստանում է փոքրաթիվ կողմնակիցների հավաքներ կազմակերպելով և մի խոսքով ճշմարտության դեմ նույնիսկ դրամա չունի:

Իսկ դու ասում ես՝ հասկանում ես: Միակ բանը, որ պետք է հասկանալ՝ քո հոր գոյության դեմ նրանք ունեն իրենց դատավճիռը: Գուցե սա հեշտ հասկանալու բան չէ, բայց ինչպես ասում են, դու մի կողմ քաշվիր, մի՛ հուզվիր, մի՛ հասկացիր նրանց, նրանք այլևս կորցնելու ոչինչ չունեն:

Նրանց քո հորից բաժանում է դատարանը: Դա նույն դատարանն էր, որի մտքով մեկ տարի առաջ չէր անցնի քո հորից հաշիվ պահանջել:

Ուրախացի՛ր, Լևոն, որ հայրդ դատարանում է: Այսօր դա միակ ճանապարհն է, որով նա միշտ կարող է վերադառնալ տուն:

Մհեր Արշակյան

MediaLab.am