Անկախ ամեն ինչից, Ալենի ներողություն հայցելը կարևոր նախադեպ է․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձել է խորհրդարանում երեկ տեղի ունեցածին, երբ պատգամավորները միմյանց էին վիրավորել․

«Քաղաքական բանավեճը, անգամ ամենասուր քննադատությունն, անկախ դրա բովանդակությունից, պետք է զերծ լինի անձնական տիրույթը թիրախավորելու եւ խտրականության պաշտպանված որեւէ հիմք խախտելու դրսեւորումից: Սա` անձամբ իմ եւ քաղաքական մեր թիմի համար սկզբունքային եւ հիմնարար արժեք է։

Մենք, որպես քաղաքական ուժ, հանձնառություն ունենք փոխելու մեր երկրի քաղաքական մշակույթն ու քաղաքական բանավեճում արմատավորված խտրական լեզուն։

Ես ինձ պատասխանատու եմ համարում իմ քաղաքական թիմի ամեն քայլի համար եւ ուրախ եմ, որ Ալեն Սիմոնյանն արժանապատվորեն ներողություն խնդրեց, ընդունեց իր սխալը, արձանագրելով, որ հնչած վիրավորանքներից առաջացած զայրույթը չի զսպել եւ իր ընդդիմադիր կին գործընկերոջ նկատմամբ արել է արտահայտություններ, որոնք կարող են մեկնաբանվել որպես խտրական։

Ապրիլի 28-ին Ազգային Ժողովում հնչեց ոչ միայն խտրական արտահայտություն, այլեւ հենց կանանց թիրախավորող հայհոյանք, սակայն ցավալի է, որ հայհոյանք հնչեցնողին դատապարտողներ չգտնվեցին, չտրվեց նաեւ ներողությունը։

Անկախ ամեն ինչից, Ալենի ներողություն հայցելը կարեւոր նախադեպ է, մինչեւ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի մշտական դառնալը, եւ օրենքի ուժով նմանատիպ այլ հարցերի կարգավորումը, պետք է ներողություն հայցելը օրինաչափ դառնա Խորհրդարանի բոլոր գործընկերների համար` անկախ նրանց քաղաքական դիրքից ու զբաղեցրած պաշտոնից։

Իմ կողմից եւս մեր հանրությունից ներողություն եմ խնդրում, քաղաքական բանավեճի որակի ու խնդիրները բարձրաձայնելու լեզվի նման դրսեւորումների համար:

Սա մեր երկրի բարձրագույն ամբիոնն է և յուրաքանչյուրս պետք է խորը գիտակցենք մեր լսելիության մակարդակն ու ասելիքի ազդեցության չափերը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների տեսանկյունից»: