2010-ից գիտաշխատողների բազային աշխատավարձերի վերանայում չի եղել, հիմա այդ հարցում դրական զարգացում կա. Արսեն Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյան

Պարո՛ն Առաքելյան, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թ. հունվարի 1-ից սահմանվել է 66140 ՀՀ դրամ: Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության այս որոշումը, ի՞նչ նշանակություն կունենա այն ոլորտի համար:

– Նախ, թույլ տվեք նշել, որ դա բնավ չի նշանակում, թե բուն աշխատավարձն է այդ չափով ավելացել, խոսքը բազային աշխատավարձի մասին է, ինչն էլ իրենից ենթադրում է, որ յուրաքանչյուր տարակարգի և գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների սահմանված աղյուսակի համաձայն՝ գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվելու է նշված բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով: Միանշանակ է, որ սա նպաստելու է աշխատավարձերի բարձրացմանը: Լա՞վ է սա, թե՞ վատ, այո՛, լավ է:

Ոլորտում, բնականաբար, ինչ-որ բան կարող է փոխել, եթե այս ծրագիրն իրականացվի մինչև վերջ այնպես, ինչպես նախատեսված է՝ 3 տարվա ընթացքում գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում տեղի ունենա, այո՛, այն որոշակի դրական ազդեցություն անպայման ունենալու է:

Նշվում է, որ 2010 թվականից գիտաշխատողների աշխատավարձերի վերանայում չի եղել: Այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք շարունակել աշխատանքը, առկա ծրագրերն ի՞նչ միջոցներով եք կյանքի կոչել:

– Բազային աշխատավարձի վերանայում չի եղել, այդ առումով միանգամայն իրավացի եք, բայց 2007-ից սկսած, երբ ստեղծվեց Գիտության կոմիտեն, բավականաչափ մեծ գումարներ տրամադրվել են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, երբ գիտնականները պետք է ներկայացնեին հետազոտական ծրագիր, ու եթե այն համապատասխանում էր առաջադրված չափանիշներին, հեղինակը դրամաշնորհ էր ստանում: Բացի բազային աշխատավարձից, այն գիտնականները, որոնք մասնակցել են դրամաշնորհային ծրագրերին, այդ ծրագրերի շրջանակներում ստացել են նաև հավելյալ աշխատավարձ:

Պարո՛ն Առաքելյան, մեր երկրում գիտության զարգացման հիմնական խոչընդոտը ի՞նչն եք համարում:

– Ոլորտի զարգացման խոչընդոտները շատ են, բացի բազային աշխատավարձից, որը հիմա փոխվում է դեպի լավը, հիմնական խոչընդոտը գիտությանն ուղղվող ընդհանուր միջոցներն են, այսինքն՝ այդ գումարները պետք է ավելի շատ լինեն, որպեսզի հնարավոր լինի նորմալ ու ժամանակակից ենթակառուցվածք ստեղծել, արդիական հետազոտություններ անցկացնել: Բայց նշեմ, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ ընթանում են Գիտության կոմիտեում:

 – Փաստորեն, ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ կատարվո՞ւմ են:

– Ներկայումս, այո՛, բավականաչափ լուրջ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, բայց դրանք միշտ չէ, որ բավարար են, այնպես չէ, որ բոլոր հարցերը կլուծվեն, բայց այդ ուղղությամբ քայլեր արվում են, ինչն արդեն լավ է:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Հայստանում այսօր գիտական ոլորտն անտեսված չէ:

– Իմ դիտարկմամբ՝ գիտության ոլորտի զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր տեղի են ունենում, ինչը մի կողմից գալիս է հասարակության կողմից ներկայացվող պահանջից, մյուս կողմից՝ այն պատկերացման արդյունքում, թե ինչ կարևոր դեր ունի գիտությունը պետության տնտեսական ու ռազմական անվտանգությունն ապահովելու համար, և երրորդը՝ այն մարդկանցից, որոնք այս պահին գիտության ոլորտի կառավարմամբ են զբաղվում, և, վերջապես՝ Ակադեմիայում փոփոխությունների շնորհիվ:

Այսինքն՝ դա գործոնների համախումբ է, որ գիտության զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր տեղի են ունենում:

 – Պարո՛ն Առաքելյան, դուք քովիդ թեստերի պատրաստմամբ էիք զբաղվում, եթե չեմ սխալվում, կասե՞ք ՝ ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ գործընթացը, հիմա է՞լ եք զբաղվում դրանով:

– Այսօր գործընթացը չի շարունակվում, մեր պարտավորությունը կատարեցինք, թեստերը մատակարարեցինք առողջապահության նախարարությանը, հիմա զբաղվում ենք կորոնավիրուսի հետ կապված այլ գիտահետազոտական հարցերի թեմաներով:

Պատճառը ո՞րն է, որ հիմա էլ չեք զբաղվում թեստերի պատրաստմամբ:

– Մենք գիտահետազոտական կազմակերպություն ենք, արտադրություն չենք, թեստերի շարունակական արտադրությամբ պետք է զբաղվեն դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունները: Մենք կատարել ենք կոնկրետ ծրագիր՝ ապահովել Հայաստանում թեստերի հասանելիությունը 2020 թվականի ընթացքում:

Մենք թեստերը չենք վաճառել նախարարությանը, ուղղակի տրամադրել ենք, որովհետև նախապես պայմանավորվել ենք նախարարության հետ այդ գործընթացն իրականացնելու համար: Ի սկզբանե դա մեզ համար չենք դիտարկել բիզնես ծրագիր, նախարարությունը մեզ դրա համար գումար չի վճարել, տրամադրել է նյութերը, մենք դրանցից պատրաստել ենք թեստերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am