«Արյունահոսություն, թերի վիժում, չբերությունից մինչեւ մահ». «Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց

«Արյունահոսություն, թերի վիժում, չբերությունից մինչեւ մահ». «Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց
«Արյունահոսություն, թերի վիժում, չբերությունից մինչեւ մահ». «Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց

Առողջապահության նախարարությունը վերջապես որոշում է ընդունել, որի համաձայն, օգոսոտոսի 1-ից վիժում առաջացնող «Սայտոտեկ» դեղամիջոցը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով: Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարությունն արդեն իսկ տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին:

«Սայտոտեկը» իրականում ստամոքսի հակախոցային պատրաստուկ է, սակայն խիստ հակացուցված լինելով հղիներին՝ արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով:

Ըստ առողջապահության ոլորտի մասնագետների, խնդիրը չափազանց արդիական է: Եթե նախկինում շատ կանայք անցանկալի հղիությունից ազատվելու համար դիմում էին «հնարավոր և անհնարին» միջոցներին` պահարանների վրայից թռչելուն, արգանդի մեջ տարբեր առարկաներ և խողովակներ մտցնելուց մինչև հեքիմական դեղաբույսերով խառնուրդներ խմելուն, վերջին տարիներին Հայաստանում վաճառվող` վիժում առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես, «Սայտոտեկը» (Cytotec), առաջատարի դիրք է գրավել` տնային սխալ կիրառման դեպքում իսկական պատուհաս դառնալով շատ կանանց համար:

Մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» փոքր հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:

Երկու տարի առաջ հրատարակված   ««Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում» հետաքննական հոդվածը բացում էր խնդրի բոլոր կողմերը: Հոդվածը նաեւ ցույց էր տալիս, որ ի հակառակ Առողջապահության նախարարության պնդումներին, թե աբորտների թիվը վերջին տարիներին գնալով նվազում է, զուգահեռաբար առնվազն 10 անգամ ավելացած «Սայտոտեկի» վաճառքի ծավալները խոսում են տնային աբորտների աճի մասին:

Ըստ ԱՆ-ից «Մեդիալաբին» տրամադրած տվյալների, եթե, օրինակ, 2010-ին «Սայտոտեկ 200 մկգ» դեղամիջոցից պաշտոնապես Հայաստան է ներկրվել 2500 տուփ, ապա 2011-ին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 10 անգամ` հասնելով 26.655 տուփի:

«Հասկանո՞ւմ եք, «Սայտոտեկը» հզոր պրեպարատ է, իսկ մեզ մոտ, առանց իմանալու, անգրագետ վերցնում են և խմում միանգամից նույնիսկ 16 հաբ… Այդ պատճառով մենք քանի անգամ նույնիսկ մահվան դեպք ենք ունեցել: Ամենօրյա պրակտիկայում կանանց և աղջիկներին բերում են ներքին արյունահոսությամբ, որոնց կյանքը հազիվ ենք փրկում»,- «Մեդիալաբին» ասել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը:

Թեեւ տարիներ շարունակ առողջապահության ոլորտի մասնագետները նշում էին, որ շատ կանանց համար վերջին տարիներին վիժման հիմնական միջոց հանդիսացող «Սայտոտեկի» ազատ վաճառքի սահմանափակումը ոլորտի «առաջնային խնդիրներից» է, սակայն, տեւեական ժամանակ ոչինչ այդ ուղղությամբ չէր արվում:

Մարզային հիվանդանոցներում «Մեդիալաբին» պատմել են, որ խնդիրն իրենց ծանոթ է, և որ վերջին տարիներին բազմաթիվ կանայք հիվանդանոցում նվազագույնը 15-20.000 դրամով աբորտ անելու փոխարեն նախընտրում են «էժան և մատչելի» «Սայտոտեկի» հաբերը` հատը 160-200 դրամ:

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը նշել էր, որ «ծայրահեղ, արյունահոսող» վիճակում իրենց դիմած կանանց մեծ մասը հենց տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվել ցանկացողներն են:

«Բացառիկ դեպքերում է, որ տնային պայմաններում դեղերի կամ այլ միջոցների կիրառմամբ միջամտությունները հաջողությամբ ավարտվեն,- ասել էր Միրզոյանը: – Որպես հետևանք ունենում ենք թերի վիժումով, վտանգավոր վիճակում արյունահոսող կանայք»:

Մասնագետները հույս ունեն, որ ազատ վաճառքի սահմանափակումը, կփոխի իրավիճակը, հատկապես, որ քաղաքակիրթ աշխարհում «Սայտոտեկը» ոչ միայն վաճառվում է դեղատոմսով, այլեւ եթե գնորդը կին է, դեղատանը պետք է ներկայացնի նաեւ փաստաթուղթ, որը կհավաստի, որ գնորդը հղի չէ: Սակայն, արգելքների դեպքում, չի բացառվում նաեւ կոռուպցիոն ռիսկերի ավելացումը եւ դեղի` զարտուղի ճանապարհներով վաճառքը:

 «Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` 2014 թվականի օգոստոսի 1-ից դրա բացթողումն իրականացնել բժշկի նշանակման համաձայն` դեղատոմսով»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միաժամանակ հանձնարարվել է ոչ նպատակային օգտագործումից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ղեղատոմսերը դեղատանը կամ դեղատնային կրպակում պահել 3 ամիս և վարել դեղերի շարժի/մնացորդի հաշվառման մատյան՝ համաձայն նախարարության ներկայացրած ձևաչափի:

Որոշման համար, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, հիմք է հանդիսացել «հղիության ժամանակ դեղի օգատգործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք»։

Լուսանկարը` Կարապետ Սահակյան

© Medialab.am